Հայաստանը շարունակում է տարածքնե՞ր տալ Ադրբեջանին։ Սյունիքի մարզի բնակիչների բողոքը
Սյունիքի մարզի բնակիչները փակել են Կապանի ճանապարհն ու պահանջում են լուծել Ադրբեջանի հետ սահմանի հարցը։ Երևան-Կապան ավտոմայրուղում ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է Հայաստանի հարավային մարզի ղեկավարն ու խոստացել նրանց պահանջները փոխանցել կառավարությանը։ Մելիքսեթ Պողոսյանը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե դրանք չկատարվեն։
Սյունիքի մարզպետի հետ հանդիպումից հետո լարվածությունը նվազել է, սակայն նա չի կարողացել ակցիայի մասնակիցներին համոզել բացել ճանապարհը։
Սյունիքի մարզում իրավիճակը սրվել է Արցախում հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Փաստաթղթի համաձայն՝ Ադրբեջանին են անցել Արցախի հարակից տարածքները։ Այս առնչությամբ Ադրբեջանի հետ «նոր սահման» է առաջացել։ Սահմանազատման և զահմանագծման ընթացքում այստեղ պարբերաբար միջադեպեր են առաջանում։
Սահմանները պաշտպանելու են դուրս եկել տեղի աշխարհազորայիններն ու կամավորները։ Սյունիքի մարզի ղեկավարները նույնիսկ հանդես են եկել կառավարության հրաժարականի կոչով, քանի որ այն չի լուծում անվտանգության հարցերը։ Նրանք հայտարարել են, որ ինքնուրույն են զբաղվում սահմանի պահպանության և բնակչության անվտանգության հարցերով։
Սյունիքի բնակիչների մոտ լրացուցիչ անհանգստություն են առաջացրել Ադրբեջանի նախագահի հայտարարություններն արցախյան պատերազմում տարած հաղթանակի առթիվ շքերթի ժամանակ։ Իլհամ Ալիևը հերթական անգամ հայտարարել էր Հայաստանի Սյունիքի մարզի, Սևանա լճի և անգամ մայրաքաղաք Երևանի նկատմամբ իր տարածքային նկրտումների մասին՝ դրանք անվանելով Ադրբեջանի «պատմական հողեր»։
- Երևանի և Մոսկվայի արձագանքն՝ Ադրբեջանի «պատմական» հողերի մասին Ալիևի հայտարարությանը
- Նոր հայ գերիներ՝ Արցախում հրադադարից հետո
- Հայաստանի վարչապետը մտադիր չէ հրաժարկան տալ մինչև ընտրությունները
Ինչո՞ւ են փակել Կապանի ճանապարհը
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը կարծում է, որ քաղաքի և հարակից գյուղերի անվտանգությունը սպառնալիքի տակ է։
Նրա խոսքով՝ դեկտեմբերի 17-ի առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրահանգել է մինչև դեկտեմբերի 18-ը ժամը 17:00-ն ազատել Կապանի բարձունքները, քանի որ դրանք փոխանցվելու են ադրբեջանական կողմին․
«Հիմա ստացվելու է այնպես, որ թշնամին մոտենալու է մեր սահմաններին, բնակելի տարածքներից ընդամենը 1 կմ հեռավորություն վրա է լինելու», — հայտարարել է Գևորգ Փարսյանը լրագրողներին։
Քաղաքապետը հաղորդել է, որ Կապանին հարակից 4 բնակավայր՝ Խդրանց, Կապան, Եղվարդ և Ուժանիս տանող ճանապարհի մի հատվածը կհայտնվի Ադրբեջանի տարածքում:
«Եվս 6 գյուղի ուղղություն ունենք, որ նման խնդրի առաջ են կանգնած։ Դեպի այդ գյուղեր տանող ճանապարհի մի հատվածը ևս ընկնում է թշնամու սահմանների մեջ: Այսինքն, նմանատիպ երկու խնդիր ունենք․ մի ուղղությամբ՝ 4 գյուղ, մյուս ուղղությամբ՝ 6 գյուղ։ Եթե հանկարծ դեպի 6 գյուղ տանող ճանապարհահատվածի անվտանգությունը չապահովվի, գյուղերը ընկնելու են բլոկադայի մեջ, քանի որ այլընտրանքային ճանապարհ չունենք։ Մյուս 4 գյուղերը գոնե ունեն այլ ճանապարհ», — հայտնել է Փարսյանը:
Ճանապարհների խնդրի լուծում կարող է լինել այն, որ այնտեղ հերթապահեն ռուս սահմանապահները, ինչը անվտանգության որոշակի երաշխիք կլինի, սակայն՝ ոչ լիարժեք։
Սյունիքում բոլոր խնդիրների պատճառ են համարում Հայաստանի վարչապետի ստորագրած կապիտուլյացիոն փաստաթուղթը, թեև խոստովանում են, որ դրանում իրենց մարզին վերաբերող կետ չկա։
Հայաստանի պաշտպանության նախարաը Սյունիքում է, և Կապանում հույս ունեն, որ Վաղարշակ Հարությունյանը կհանդիպի ակցիայի մասնակիցներին և կհաղորդի կառավարության որոշումների մասին։
Ակցիայի մասնակիցների ու մարզպետի զրույցը
Ըստ Մելիքսեթ Պողոսյանի՝ հարցը քննարկվում է ռուս խաղաղապահների հետ։ Հավանաբար, նրան կտեղակայվեն Սյունիքի մարզի սահմանային որոշ հատվածներում, մասնավորապես, Գորիս և Կապան քաղաքների միջև։
Մարզպետը հաղորդել է նաև, որ դեկտեմբերի 18-ից Քաշաթաղի շրջանի հետ Սյունիքի սահմանին, որտեղ այժմ Ադրբեջանի դիրքերն են, սահմանապահներ կլինեն, այսինքն՝ ինքնապաշտպանական ջոկատներն արդեն կարող են լքել դիրքերը։
Կապանի օդանավակայան տանող ճանապարհը փակած բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենք կառավարությունից կառուցողական լուծումներ չեն ակնկալում, այդ պատճառով էլ դիմել են այս ծայրահեղ քայլին։
«Մենք ձեզ շատ հարգում, սիրում ենք, բայց եթե անգամ ոստիկանությունը մեզ ձերբակալի, ծեծի, կտրատի, մենք այստեղից չենք հեռանալու, քանի դեռ պատասխաններ չենք ստացել», — ասել է նրանցից մեկը։