Սիրիայում ռմբակոծության հետևանքով ավելի քան 200 մարդ է զոհվել. Միջազգային կազմակերպությունները «խոսքեր չեն գտնում»
Կիսվել
Կիսվել
REUTERS/ Bassam Khabieh
Այս շաբաթ մի քանի օր շարունակ ռմբակոծվում էր Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից ոչ հեռու՝ Արևելյան Ղուտան: Սա վերջին խոշոր շրջանն է, որ մնացել է ապստամբների ձեռքում, հաղորդում է BBC-ն:
Ըստ իրավապաշտպանների՝ Արևելյան Ղուտայի ռմբակոծության հետևանքով զոհվել է մոտ 250 մարդ, նրանցից 58-ը՝ երեխաներ:
Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնի տվյալներով՝ Արևելյան Ղուտայի ռմբակոծությանը Բաշար Ասադի զորքերին օգնել է ռուսական օդուժը: Իրավապաշտպանները նաև պնդում են, որ փետրվարի 5-9-ը կառավարական ուժերը ևս մեկ անգամ գրորհել էին Արևելյան Ղուտան, որի հետևանքով գրեթե նույնքան մարդ էր զոհվել:
«Ամեն պահի մեզ վրա է ուղղվում 10-20 օդային հարված»,- BBC-ին պատմել է այդ շրջանում աշխատող բժիշկ Բասսամը:- Նրանք հարվածում են ամեն ինչին՝ խանութներին, շուկաներին, հիվանդանոցներին, դպրոցներին, մզկիթներին: Մեկին օգնություն եմ ցուցաբերում, 1-2 օր հետո դարձյալ գալիս է վիրավորված»:
ՄԱԿ-ի ներկայացուցիչ Փանոս Մումցիսը հայտարարել է, որ վերջին մի քանի օրերին Արևելյան Ղուտայում հարվածի է ենթարկվել 6 հիվանդանոց: Նրա խոսքով՝ նման գործողությունները կարող են գնահատվել որպես ռազմական հանցագործություն:
UNICEF երեխաների իրավունքների պաշտպանության կազմակերպության ներկայացուցիչները Սիրիայի իրադարձությունների վերաբերյալ հանդես են եկել դատարկ խոստումով՝ հայտարարելով, որ «իրենց այլևս խոսքեր չեն մնացել»:
Չնայած ռուսական օդուժի մասնակցությունն ուղղակիորեն հաստատող ապացույց չկա՝ ամերիկյան կողմն արդեն Մոսկվային կոչ է արել դադարեցնել օգնություն ցուցաբերել Ասադի վարչակարգին և հայտարարել է, որ Ռուսաստանի կառավարությունը պատասխանատվություն է կրում Արևելյան Ղուտայում կատարվող իրադարձությունների համար:
Երեքշաբթի՝ փետրվարի 20-ին, Արևելյան Ղուտայից պատասխան հարված է եղել Դամասկոսի վրա: Դրա հետևանքով տուժել է Պատերազմող կողմերի հաշտության կենտրոնը: Զոհվել է մի քանի մարդ, մոտ մեկ տասնյակ վիրավորներ կան: