Սկզբում ուղևորների դեմքերը միայն տարակուսանք են արտահայտում, հետո մարդիկ սկսում են վայելել Կոմիտասի, Մոցարտի, Պիացոլլայի ստեղծագործությունները և ծափահարություններով դուրս գալիս ավտոբուսից: Վերջին օրերին Երևանում դասական կենդանի երաժշտություն է հնչում քաղաքային տրանսպորտի մի քանի երթուղիներում: Երաժիշտներն իրենց կատարումներով փորձում են աշխատանքի կամ դասի շտապող քաղաքացիներին «մոտեցնել» դասականին։
Յուրահատուկ երաժշտական ֆլեշմոբը ջութակահար Աշոտ Տիգրանյանի նախաձեռնությունն է և կրում է “BuSymphony անվանումը: Մասնակիցները ներկայացնում են Հայ-ամերիկյան կամերային միացյալ նվագախումբը (“United American and Armenian Chamber Orchestra), որը ստեղծել է «Աշոտ Տիգրանյան մշակութային-երաժշտական հիմնադրամը»։
Ֆլեշմոբը երաժշտասերներին նախապատրաստում է նոյեմբերին սպասվող միավորված նվագախմբի առաջին համերգին։ Հիմնադրամի ղեկավարությունը հավաստիացնում է, որ նվագախմբի կազմում ելույթ կունենան բազմաթիվ տաղանդավոր երիտասարդ երաժիշտներ։