«Սա կենաց և մահու հարց է»․ Վրաստանի բժիշկները պահանջում են պահպանել սահմանափակումները
Վրաստանում մահացությունն ու վարակման մակարդակն աղետալի է
«Այսօր ամենաբարդ իրավիճակն է Վրաստանում համավարակի մեկնարկից ի վեր», — օգոստոսի 23-ին հայտարարել է վրացի մանկաբույժների և իմունացման տեխնիկական խորհրդատուների խմբի ղեկավար Իվանե Չխայիձեն։
Վրաստանի հիվանդանոցների ասոցիացիան օգոստոսի 23-ին կառավարությանը կոչ է արել ապահովել սահմանափակումների արդյունավետ պահպանումը, որոնք ներմուծվել են կորոնավիրուսով վարակման քանակի կտրուկ աճի և դրա հետևանքով բարձր մահացության պատճառով։
Օգոստոսի 23-ին Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 354 նոր դեպք, դրանցից 942-ը՝ Թբիլիսիում։ Մեկ օրում մահացել է 60 վարակված։ Նախորդ երկու շաբաթում վարակվածների թիվը միջինում հասնում էր օրական հինգ-վեց հազարի, Վրաստանն աշխարհում 11-րդ տեղում է մեկ միլիոն բնակչության հաշվարկով վարակման դեպքերի քանակով։
- 500-տեղանոց դաշտային հոսպիտալ է բացվում Թբիլիսիի ծայրամասում Covid-19-ի նոր բռնկման պատճառով
- Վրաստանը համավարակի կիզակետում․ վարակման և մահվան նոր դեպքերի ռեկորդային քանակ
- «Երեխա չեք ունենա, թրոմբ կունենաք»․ ֆեյքեր և կորոնավիրուսի դեմ պատվաստման ցածր տեմպեր Հայաստանում
Հիվանդանոցների ասոցիացիան առաջարկում է շտապ ձեռնարկել հետևյալ միջոցները ․
- Անհապաղ պետք է սկսել 12 տարեկանից բարձր երեխաների իմունացումը՝ չսպասելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդին։ Այդպես են արդեն վարվել ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Իսրայելն ու Չինաստանը։
- Պետք է անհապաղ խստացնել վերահսկողությունը, որպեսզի բնակչությունը հետևի պահանջներին և դիմակ կրի ու հեռավորություն պահպանի։ Դրա համար պետք է երկու-երեք անձից բաղկացած հատուկ մոնիթորինգային խմբեր ստեղծել, որոնք անընդհատ կմշտադիտարկեն իրավիճակը մարդկանց կուտակումների վայրերում՝ կենտրոնական փողոցներում, շուկաներում, խանութներում և առևտրի կենտրոններում ու նման վայրերում։
- Դիմել Իսրայելի կառավարությանը Վրաստանին EXO-CD24 դեղամիջոցի կլինիկական փորձարկումներում ներառելու խնդրանքով։ Այն մշակվել է Թել Ավիվում և 95 տոկոս արդյունավետություն է դրսևորել կլինիկական փորձարկումների I և II փուլերում։ Դա թույլ կտա Վրաստանում կորոնավիրուսով վարակվածներից շատերի կյանքը փրկել, որոնք ծանր վիճակում են։
- Ապահովել տարբեր երկրների հայրենակից բժիշկների ակտիվ ներգրավումը կլինիկական խորհրդի աշխատանքում, ինչը կօգնի արդյունավետորեն և մշտապես թարմացնել և օպտիմալացնել հիվանդների բուժման ընթացակարգերը։
- Խստորեն հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանն օդանավակայաններում և ցամաքային սահմաններում։
- Ցանկալի է, որ մինչև սեպտեմբերի 10-ը ցանկացած զանգվածային հավաք միայն առցանց անցկացվի։
Դելտա շտամ․ արագ տարածում և ծանր ընթացք վարակման դեպքում
«Կորոնավիրուսի դելտա շտամը երկու առանձնահատկություն ունի՝ տարածման մեծ արագություն և վարակման դեպքում հիվանդության ավելի ծանր ընթացք»,- ասում է Իվանե Չխայիձեն՝ վրացի մանկաբույժների և իմունացման տեխնիկական խորհրդատուների խմբի ղեկավարը։
«Կանոնները պարզ են․ պահպանել հեռավորություն, հաճախ լվանալ ձեռքերը, կտրականապես չմասնակցել ոչ մի հավաքի։ Որքան շատ մարդ հիմա պատվաստվի, այնքան թեթև կլինի մեզ համար սեպտեմբերը։ Իսկ օգոստոսն աղետալի էր»։
Վրաստանում լիարժեք պատվաստված 106 084 մարդկանցից միայն 207-ն է կորոնավիրուսով վարակվել, ինչը կազմում է 0,19 տոկոս, ասված է provax.ge պաշտոնական կայքում։
Այդ 207-ից միայն ութն է հոսպիտալացման կարիք ունեցել, ոչ ոք չի մահացել։ Մնացածների մոտ վարակն անախտանիշ է եղել կամ թեթև ախտանիշներով։
Արդեն երկու դաշտային հոսպիտալ է բացվել Թբիլիսիում, յուրաքանչյուրում մինչև 200 տեղ կա, դրանք արդեն սկսել են հիվանդ ընդունել, քանի որ հիվանդանոցներում էլ տեղ չկա։
Վարակման մակարդակը շարունակում է շատ բարձր մնալ, և կայունացման ոչ մի նախանշան չկա երկրի ոչ մի շրջանում, հայտարարել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։
Դպրոցներում դասերը կարող են սկսվել միայն այն պայմանով, որ դրական լինեն անցկացված թեստերի չորս տոկոսից ոչ ավելին։ Սակայն վերջին մեկ շաբաթում այդ ցուցանիշը կազմում է 10-12 տոկոս։