«Սասնա ծռերի» պայքարը
Հուլիսի 17-ին Երևանում սկսվեց Ոստիկանության պարեկապահակային գնդի զինված գրավման պատմությունը, որն աստիճանաբար ավելի խորհրդավոր երանգներ է ստանում: Վերլուծաբանները հանձն չեն առնում «պատվիրատուներին» և գունդը գրավելու իրական պատճառները պարզել, ինչը, ըստ հեղինակների՝ «Սասնա ծռերի», պայմանավորված է Հայաստանում համակարգային բարեփոխումներ կատարելու և Սերժ Սարգսյանի հրաժարականի անհրաժեշտությամբ:
Խորենացի փողոցում ՊՊԾ հարող տարածքում ինքնաբուխ ստեղծված Համակարգող խորհուրդը մարդկանց երթեր է կազմակերպում՝ հիմնականում հումանիտար պահանջներ առաջադրելով՝ չգրոհել ՊՊԾ-ն, ապստամբներին սնունդ և դեղորայք փոխանցել: Դեպի Բաղրամյան 26 երթ իրականացնել դեռևս չի առաջարկվել, որտեղ կարելի է նախագահի հրաժարականը պահանջել:
Բողոքի ակցիայի մասնակիցների մեծ մասը դժգոհում են, թե ինչո՞ւ են իրենց այսուայնկողմ տանում: Սակայն բանն այն է, որ ՊՊԾ գնդի տարածքից դուրս առաջնորդներ և քաղաքական ուժերի ներկայացուցիչներ չկան, ովքեր մարդկանց մոբիլիզացիա կկազմակերպեն և կմիանան ապստամբների պահանջներին:
Ի դեպ, ապստամբներին աջակցելու առումով հետաքրքիր պատկեր է ստացվում. պաշտոնապես Խորենացի փողոցի ակցիայի մասնակիցներին միանալու մասին հայտարարել է ընդամենը երկու կուսակցություն՝ «Ալյանսը» և «Միասնությունը»:
«Ալյանսը», որը ստեղծվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բեկորներից պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից, ընդգծված ռուսամետ կեցվածք ունի և հադես է գալիս Հայաստանի զարգացման եվրասիական ուղու համար: Իսկ «Միասնությունը», որը հիմնվել է արտաքին գործերին նախկին նախարար Վարդան Օսկանյանի կողմից, գնահատվում է որպես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավանական քաղաքական պլատֆորմ:
Տվյալ կուսակցությունների կողմից ապստամբների պահանջներին աջակցություն հայտնելն, ինչպես նաև մի շարք այլ գործոններ թույլ են տալիս ենթադրել, որ ապստամբությունը ռուսամետ ուժերի և Ռուսաստանի, ինչպես նաև՝ Ռոբերտ Քոչարյանին հավատարիմ ուժերի շահերից է բխում:
Երևանում ընթացող ապստամբությունն աշխարհաքաղաքական համատեքստ ունի, սակայն՝ ոչ ակնհայտ: Ո՞Ւմ է ձեռնտու Հայաստանում իրավիճակի սրումը: Փորձագետների մի մասը կարծում է, որ առաջին հերթին՝ Ռուսաստանին, որը փորձում է իրագործել ղարաբաղյան կարգավորման այսպես կոչված «Լավրովի պլանը»:
Այդ պլանը հայկական կողմից տարածքային զիջումներ է ենթադրում և չի ընդունվում քաղաքական ուժերի կողմից: Կարծիք կա, որ ապստամբությունը «Լավրովի պլանը» ձախողելու փորձ էր, այդ մասին ակնարկեց նաև Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան: Նա ասաց, որ ապստամբությունը հետաձգեց Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համաձայնեցրած կարգավորումը:
Ընդ որում, ռուսական լրատվամիջոցները վերլուծական հոդվածներ են հրապարակում, որոնք «ապացուցում են», որ ապստամբությունն արևմտյան հատուկ ծառայությունների ձեռքի գործն է: «Ինչպես են Հայաստանին հրում դեպի ՆԱՏՕ-ի երախ». այսպիսի վերնագրերով ռուսական իշխանամետ հոդվածներ են տպվում:
Կարծիք կա, որ ղարաբաղյան խնդիրը տարածաշրջանում սպասվող տրանսֆորմացիաների միայն մի փոքր մասն է, և տարածաշրջանի համար բացահայտ պայքար է գնում մի կողմից՝ Արևմուտքի և Ռուսաստանի, մյուս կողմից՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև:
Մասնավորապես, խոսքը գնում է հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման, ինչպես նաև Պարսից ծոցից Հայաստանի և Վրաստանի տարածքով դեպի Սև ծով հաղորդակցության կառուցման մասին: Այս փոփոխությունները կբացեն տարածաշրջանը և, կախված այն բանից, թե ով կլինի բացման «հովանավորը», տարածաշրջանը կդառնա Արևմուտքի կամ Ռուսաստանի «ազդեցության գոտի»:
Վերլուծաբանները նշում են այդ պլանում Հայաստանի կարևոր դերի մասին, և այդ համատեքստում չի բացառվում, որ ապստամբությունն ու ապակայունացումը տարածաշրջանում որոշակի փոփոխություններ չեղարկելու պլանի մի մաս է:
Արդյո՞ք ՊՊԾ գնդի հետ կապված իրադարձություններն արտաքին ու ներքին քաղաքական համատեքստ ունեն, թե՞ ինչ-որ համալիր խնդիրներ են լուծվում: Այս հարցին դեռևս ոչ ոք չի կարող պատասխանել: Առավել ևս դժվար է կանխատեսել իրադարձությունների ելքը, ոչ ոք չգիտի, թե ինչ քայեր են դեռ նախապատրաստում ապստամբները և ինչ աստիճանի կհասնի տարածաշրջանի ապակայունացումը:
Հրապարակվել է՝ 28.07.2016