«Ռուսթավի-2»-ի գործը. իրավիճակը սրվում է
Աուդիոձայնագրությունները հայտնվել են Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից «Ռուսթավի-2»-ի պատկանելիության մասին սկանդալային գործի ուսումնասիրման, ինչպես նաև նախորդ շաբաթ օրը Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հայտնած պետական իշխանության բռնազավթման կամ հեղաշրջման նպատակով կազմակերպվող դավադրության վերաբերյալ հարուցված քրեական գործի ֆոնին:
Հեռախոսային զրույցները տեղի են ունեցել Viber-ի միջոցով: Դրանք երկուսն են. մեկն իրենից ներկայացնում է Միխայիլ Սահակաշվիլիի ու «Ռուսթավի-2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի զրույցը, մյուսը Վրաստանի նախկին նախագահի ու «Միասնական ազգային շարժման» ղեկավարներից մեկի՝ Գիգա Բոկերիայի հետ հեռախոսազրույցն է: Ձայնագրությունները տեղադրվել են ուկրաինական http://uareview.in.ua կայքում:
Ինչի՞ մասին է խոսքը հեռախոսազրույցների գաղտնի ձայնագրությունում
Միխայիլ Սահակաշվիլիի ու Նիկա Գվարամիայի հեռախոսազրույցի ընթացքում, որը ենթադրաբար կայացել է հոկտեմբերի 19-ին, նախկին նախագահը «Ռուսթավի-2»-ի գլխավոր տնօրենին ասում է, որ հեռուստաընկերության պատկանելիության վերաբերյալ հայցն ուսումնասիրող դատավորը որոշում կկայացնի հօգուտ «Ռուսթավի-2»-ի, ինչպես նաև «միանշանակ» կպահանջի դրա անհապաղ կատարումը:
Գվամարիայի հարցին, թե ինչպես է Սահակաշվիլին տեսնում իրադարձությունների հետագա զարգացումը դատարանի որոշումից հետո, նա պատասխանում է. «Դուք պետք է հեղաշրջման սցենարի գնաք»:
«Պետք է ժողովրդին պաշտպանության կոչ անել, պետք է դիմանալ, Դուք պետք է մեծ բարիկադներ կազմակերպեք, պետք է հենց այս պահից սկսել պատրաստվել դրան՝ երկաթ, ինչ պետք է՝ քարշ տվեք բերեք, իսկական ամրոց կառուցեք… Ջրի պաշար հավաքեք, ամեն անհրաժեշտ բաներն ունեցեք, և դա պետք է լինի բազմաթիվ շաբաթներ տևող standoff (դիմակայություն)…
Սցենարի հաջորդ զարգացումը կլինի [հոկտեմբերի] 22-ին («Ռուսթավի-2»-ի) զավթումը: Այս զավթումը Դուք չպետք է թույլ տաք, 1500-2000 մարդ, ինչպես միշտ, մենք կգտնենք, որպեսզի դիմակայենք: Դուք պետք է ամուր կանգնած լինեք, եթե մի շաբաթ դիմանաք, դրանից հետո նրանք դժվար ձեզ հաղթահարեն: Արդյունքում, այդ ամենն ավարտվելու է կրակոցներով», — ասում է Սահակաշվիլին:
Երկրորդ հեռախոսազրույցի ընթացքում Միխայիլ Սահակաշվիլին Գիգա Բոկերիային ասում է, որ «Գվամարիան վաղվանից պետք է սկսի երկաթյա կոնստրուկցիաների պատրաստումը, մենք պետք է շատ բարիկադներ կառուցենք… իրենց հսկիչներով, պաշտպաններով, զինյալներով, որպեսզի առանց հրաձգության նրանք չկարողանան ներս մտնել»:
Բոկերիան ասում է Սահակաշվիլիին, որ Գվարամիան զինյալներ չունի, Սահակաշվիլին իր հերթին պատասխանում է, որ «կուսակցությունը պետք է ապահովի»: «Ֆիզիկական դիմակայություն է անհրաժեշտ: Մենք պետք է ցույց տանք, որ կարող ենք դա անել, եթե մենք դա չենք կարող, ուրեմն գրոշի արժեք անգամ չունենք: Այլ կերպ չենք կարող մեզ վրա ուշադրություն հրավիրել», — ասում է Սահակաշվիլին Բոկերիային:
«Ծեծկռտուքներ պետք է լինեն, և եթե նրանք սկսեն կրակել, թող կրակեն, ի՞նչ կարող ենք անել», — ասում է Սահակաշվիլին ձայնագրության վերջում:
Նիկա Գվարամիան ու Գիգա Բոկերիան արդեն հաստատել են այդ հեռախոսազրույցների վավերականությունը:
Գվամարիան հայտարարել է, որ Միխայիլ Սահակաշվիլին իր մոտ ընկերն է, բայց ինքը ոչ միշտ է հաշվի նստում Սահակաշվիլիի խորհուրդների հետ: Բոկերիան նկատել է, որ նա Սահակաշվիլիի հետ քննարկել է «Ռուսթավի-2»-ի բռնազավթման հնարավոր փորձին դիմակայելու ուղիները:
Իրավիճակը մեկնաբանել է նաև Միխայիլ Սահակաշվիլին: Նա նույնպես չի հերքել ձայնագրությունների իսկությունը, ինչպես նաև նշել է, որ Վրաստանում զանգվածային լրատվամիջոցների ազատությունը պաշտպանության կարիք ունի և «թող ոչ ոք չզարմանա, որ ես կոչ եմ անում սկսել այդ պայքարը…»:
Իշխանության արձագանքը
Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունն արդեն սկսել է տվյալ հեռախոսազրույցների ծագման ու վավերականության հետաքննությունը: Ձայնագրությունների տարածումից ժամեր անց Նիկա Գվամարիան ու Գիգա Բոկերիան կանչվել են հարցաքննության:
Միաժամանակ Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին հայտարարել է, որ նախարարությունը Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու գործընթաց է սկսում:
Ձայնագրությունների հետ կապված հատուկ հայտարարություն է տարածել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նա այդ ձայնագրությունների բովանդակությունը գնահատել է որպես «պետության դեմ ուղղված գործողություններ» և «պետության դեմ ուղղված սադրանք»:
«Ուզում եմ հանգստացնել բնակչությանը. մենք ամբողջությամբ տիրապետում ենք իրավիճակին ու վերահսկում ենք այն… Պետական կառույցներն ու ես անձամբ երաշխավորն ենք այն բանի, որ յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն ապահովված է լինելու», — հայտարարել է Ղարիբաշվիլին:
Ըստ վարչապետի՝ բոլոր նրանք, ովքեր կփորձեն սադրանքներ կազմակերպել պետության դեմ, խստորեն կպատժվեն: Նա նաև դիմեց լրագրողներին՝ խորհուրդ տալով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին «լավ մտածել», որպեսզի չդառնալ «նեղ քաղաքական շահերը» սպասարկող գործիք և հնարավոր դավադրության պատահական մասնակից:
«Ռուսթավի-2»-ի աշխատակիցների արձագանքը
Հոկտեմբերի 30-ին «Ռուսթավի-2»-ի շենքի մոտ պլանավորվում էր հեռուստաընկերության համակիրների հավաք, ովքեր պատրաստվում էին իրենց բողոքն արտահայտել հեռուստաընկերության վերաբերյալ ընթացող դատաքաննության ու իշխանության կողմից դատարանի վրա ճնշումներ կիրառելու դեմ: Չնայած, որ հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվամարիան նրանց խնդրել էր սադրանքներից խուսափելու համար չհավաքվել հեռուստաընկերության շենքի մոտ:
«Իրավիճակը լիցքաթափելու նպատակով մենք ոչ ոքի կոչ չենք անում մեզ պաշտպանելու դուրս գալ: Եթե հեռուստաընկերությանը պաշտպանություն հարկավոր լինի, մենք ինքներս դա կանենք: Եվ եթե որևէ մեկը կրակի, իսկ մենք հուսով ենք, որ նման բան չի լինի, թող կրակեն մեզ վրա», — հայտարարել է Գվամարիան: Հեռուստաընկերության տնօրենը նաև ընդգծել է, որ նա Սահակաշվիլիի խորհուրդները հաշվի չի առել. դրանում հեշտ է համոզվել, քանի որ հեռուստաընկերության շենքի մոտ բարիկադներ չեն կառուցվել:
Ձայնագրությունների տարածմանը հետևեց «Ռուսթավի-2» հեռուստաընկերության լրագրողների հատուկ հայտարարությունը: «Մենք կտրականապես դեմ ենք ցանկացած ուժային սցենարի: Մեր խմբագրության քաղաքականությունը կապված չէ որևէ քաղաքական ուժի ծրագրերի հետ, մեր նպատակը մեզ վրա դրված լրագրողական պարտականությունների լիարժեք կատարման հնարավորության տրամադրումն է…» — ասվում է հայտարարության մեջ:
«Ռուսթավի-2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվամարիան հայտարարում է, որ ««Ռուսթավի-2»-ը չի մտածում հեղաշրջման սցենարի մասին», իսկ հեռուստաընկերության շենքի մոտ ցանկացած սադրանքի դեպքում նա կատարվածի ողջ պատասխանատվությունը դնում է իշխանությունների վրա:
Ապօրինի գաղտնալսումներ ու շանտաժ
Այս պատմության մեջ ևս մեկ կարևոր կողմ կա, որի վրա ուշադրություն են հրավիրում ոչ կառավարական կազմակերպությունները. օրինակա՞ն է արդյոք ուկրաինական կայքում հեռախոսազրույցների ձայնագրությունների տեղադրումը: Միաժամանակ հետաքրքրություն է ներկայացնում «Ռուսթավի-2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվամարիայի հայտարարությունը, որը նա արել է նախորդ շաբաթ հեռուստաալիքի ուղիղ եթերում: Նա պնդում էր, որ իշխանությունը սպառնում է իր հեռախոսազանգերի գաղտնալսման, ինչպես նաև իր անձնական կյանքի վերաբերյալ կադրերի հրապարակմամբ՝ ստիպելով նրան հրաժարական տալ:
Վրաստանի՝ Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Աննա Նացվլիշվիլիի գնահատմամբ, ուկրաինական կայքում հրապարակված հեռախոսազրույցների ձայնագրությունները վկայում են, որ Նիկա Գվամարիայի հանդեպ իրոք շանտաժ է կիրառվել:
«Այդ ձայնագրությունները մի կողմից փաստում են, որ Գվամարիայի հանդեպ իրոք ճնշում է գործադրվել, քանի որ նման ձայնագրությունների հրապարակումը նրա հասցեին հնչած սպառնալիքների մի մասն է, այդ պատճառով էլ շատ կարևոր է պարզել այդ ձայնագրությունների օրինականությունը», — պարզաբանել է Աննա Նացվլիշվիլին: