Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ, օր երրորդ։ Թարմացվող
-
Ուկրաինայի մասին հակիրճ՝ ժամը 22.00-ի դրությամբ: Մարտեր են ընթանում Խարկովի համար
🔘 Խարկով քաղաքի համար պայքար է գնում։ Տեղի բնակիչների տեսանյութը սոցիալական ցանցերից.
🔘 Ամբողջ Ուկրաինայում մարտեր են ընթանում գյուղերի և քաղաքների համար։ Ռազմական գործողություններ են ընթանում նաև Կիևի մատույցներում։ Ընդհանուր առմամբ, օրվա ընթացքում կողմերի դիրքերը չեն փոխվել։
🔘 Զելենսկու գրասենյակը հաղորդել է 3500 ռուս զինվորի մահվան մասին՝ փետրվարի 24-ից մինչ օրս ընթացող ռազմական գործողությունների արդյունքում։ Ռուսաստանը զոհերի մասին տեղեկություններ չի հրապարակել։
🔘 Դոնեցկի վարչակազմը հայտնել է քաղաքացիական զոհերի մասին։ Փետրվարի 26-ին ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 19 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 73-ը։ Զոհերի թվում երկու երեխա կա։
🔘 Ուկրաինայի ազգային ոստիկանությունը նաև հայտնել է, որ ռուսական գնդակոծության հետևանքով Դոնեցկի մարզի Սարտան գյուղում 4 մարդ է զոհվել, 9-ը՝ վիրավորվել։ Վիրավորների թվում նաև երեխա կա։
🔘 «Ռուսական զորքերի տեղաշարժը դանդաղել է ողջ օրվա ընթացքում, ենթադրաբար՝ նյութատեխնիկական լուրջ խնդիրների և ուկրաինական զինված ուժերի և բնակչության ուժեղ դիմադրության պատճառով», — Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարություն։
🔘 «Ռուս զինվորականների գլխավոր նպատակը մնում է Կիևը։ Սահմանափակ թվով ռուս դիվերսանտներ մասնակցել են մայրաքաղաքի գիշերային բախումներին», — ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
🔘 ԵՄ բոլոր երկրները համաձայնել են անջատել ռուսական բանկերը SWIFT-ից։ «Ողջ ուկրաինական դիվանագիտությունը աշխատել է, որպեսզի դա տեղի ունենա: Եվ հիմա արդեն սկսվել են այս համակարգից Ռուսաստանի դուրսբերման տեխնիկական նախապատրաստությունները», — ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կուլեբան։ The Bell-ը հայտնում է, որ պատժամիջոցների տակ հայտնված ռուսական բանկերի Mastercard քարտերը կդադարեն գործել փետրվարի 26-ից։
🔘 Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը հաղորդել է Կրեմլի և կառավարության կայքերի վրա մշտական կիբերհարձակումների մասին։ Երկու կայքերն էլ օրվա մեջ երկար ժամանակ հասանելի չեն եղել:
🔘 Շվեդիայի ֆուտբոլի ազգային հավաքականը, հետևելով Լեհաստանի հավաքականին, հրաժարվել է Ռուսաստանի հետ խաղալ ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման պատճառով, հայտնում է AFP-ն։
🔘 Ամբողջ աշխարհում շարունակվում են հազարավոր խաղաղ ակցիաները՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։ Մարդիկ այսօր դուրս են եկել Անկարայի, Բարսելոնայի, Լոնդոնի, Տալլինի, Թել Ավիվի, ինչպես նաև Մոսկվայի և Ռուսաստանի բազմաթիվ քաղաքների փողոցներ։ Երեկ և այսօր Թբիլիսիում էլ է բազմահազարանոց հանրահավաք տեղի ունեցել։ Ռուսաստանի 27 քաղաքներում ձերբակալվել է հակապատերազմական ցույցերի 211 մասնակից, հայտնում է ՕՎԴ-ինֆո-ն՝ Ռուսաստանում քաղաքական հետապնդումների մասին իրավապաշտպան անկախ լրատվական նախագիծը։
ՕՎԴ-ինֆո-ի տեսանյութը․ Սանկտ Պետերբուրգի Գոստինի Դվորի մոտ հակապատերազմական ցույցի մասնակցի դաժան կալանավորումը։
-
Ուկրաինայի մասին հակիրճ՝ ժամը 19.00-ի դրությամբ: Բանակցություններ չեն լինելու
🔘 ՌԴ ԱԳՆ-ն ասել է, որ Ռուսաստանը բանակցություններ է առաջարկել, սակայն Ուկրաինան մերժել է։ Ուկրաինայի նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը ի պատասխան ասել է, որ ուկրաինական կողմը հրաժարվել է ոչ թե բանակցություններից, այլ Ռուսաստանի կողմից առաջադրված պայմաններից. «Դա մեզ կապիտուլյացիայի ստիպելու փորձ էր։ Մենք նրանց ազդանշան տվեցինք, որ հնարավոր խաղաղության պայմանագիրը հնարավոր է Կիևի, ոչ թե Մոսկվայի պայմաններով»։
🔘 Պուտինի խոսնակ Պեսկովն ասել է, որ հանուն հնարավոր բանակցությունների, ռուսական հիմնական զորքերի առաջխաղացումը կասեցվել էր։ Այժմ այն վերականգնվել է։
🔘 Կիևում պարետային ժամ է մտցվել ժամը 17.00-ից մինչև 08.00-ն։ Քաղաքապետ Կլիչկոն հայտարարել է, որ բոլոր քաղաքացիական անձինք, որոնք այս պահին փողոցում կլինեն, կդիտարկվեն դիվերսանտներ։
🔘 Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը հայտարարել է Արևելյան Եվրոպա Թագավորական նավատորմի նավերի, բրիտանական բանակի զորքերի և կործանիչների տեղափոխման մասին՝ «ՆԱՏՕ-ի արևելյան ճակատին աջակցելու համար»։ «Գերմանիայից Էստոնիա են ժամանել տանկեր և զրահատեխնիկա, և առաջիկա օրերին կժամանեն լրացուցիչ տեխնիկա և մոտ 1000 զինվորական։ Թայֆուն կործանիչները, որոնք թռչում են Կիպրոսի և Մեծ Բրիտանիայի բազաներից, ներկայումս հսկում են ՆԱՏՕ-ի օդային տարածքը Ռումինիայի և Լեհաստանի վրայով ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ միասին:
ՆՈՐ ՍԱԿՑԻԱՆԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ
🔘 «Եվրոպական երկրներ, որոնք համաձայն չեն Ռուսաստանը SWIFT միջբանկային վճարումների միջազգային համակարգից անջատելու առաջարկին, այլևս չկան», — Լիտվայի վարչապետ։
🔘 Մեծ Բրիտանիան չեղյալ է հայտարարել վիզաները Բելառուսի բասկետբոլի հավաքականի համար՝ Ուկրաինա ներխուժման ժամանակ Մինսկի՝ Մոսկվային աջակցելու պատճառով։ Փետրվարի 27-ին թիմը պետք է խաղար Անգլիայի հյուսիսում՝ Նյուքասլում։
🔘 Ավստրալիան դադարեցրել է Russia Today-ի հեռարձակումը։
🔘 Ռումինիան միացել է ավելի քան տասը երկրների, որոնք փակել են իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։
🔘 Միջազգային ավիաընկերությունները սկսել են չեղարկել թռիչքները դեպի Ռուսաստան։ Այս մասին այսօր հայտարարել են լատվիական AirBaltic ավիաընկերությունը և լեհական LOT ավիաընկերությունը։
🔘 Ռուսաստանը փակել է իր օդային տարածքը Բուլղարիայի, Լեհաստանի և Չեխիայի օդանավերի համար, հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։
🔘 «Ռուսաստանը նախօրոք պատրաստվում էր պատժամիջոցների. դրանք բոլորը կանխատեսելի էին։ Ռուսաստանը պատասխան քայլեր կկիրառի», — ասել է Պեսկովը։
🔘 Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Չեչնիայի ազգային գվարդիան Կադիրովի հետ դրոշը բարձրացնում իբր ուկրաինական զորամասի դարպասների վրա։ Որտեղ և երբ է այն նկարահանվել, հայտնի չէ։ Կադիրովը ևս մեկ անգամ կոչ է արել Զելենսկիին ներողություն խնդրել. «Զանգահարեք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ներողություն խնդրեք նրանից, արեք դա հանուն Ուկրաինայի և դրա ժողովրդի պահպանման, գնացեք բոլոր պայմաններին, որոնք պահանջում է Ռուսաստանը։ Սա կլինի ձեր դեմքը փրկելու ամենաճիշտ քայլը», — գրել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում։
-
Ուկրաինայի մասին` հակիրճ 15.30-ի դրությամբ
🔘 «Ուկրաինան հաջողությամբ հետ է մղում ռուսական հարձակումները, ուկրաինական բանակը վերահսկում է Կիևը և երկրի առանցքային քաղաքները», — ասել է նախագահ Զելենսկին նոր տեսաուղերձում։ Նա հայտնել է, որ տեղեկություններ կան ռուսական դիվերսիոն խմբերի՝ Կիև ներխուժման մասին։
🔘 Նա նաև դիմել է ռուսներին. «Որքան արագ ասեք ձեր կառավարությանը, որ պատերազմը պետք է դադարեցվի, այնքան ավելի շատ ձեր մարդիկ ողջ կմնան։ Ռուսաստանում շատերը ցնցված են իշխանությունների ստորությունից ու դաժանությունից։ Շնորհակալություն այս արձագանքի համար»: Զելենսկին ասել է, որ Ուկրաինայում ագրեսիայի սկզբից ի վեր Ռուսաստանն ունի «հազարավոր զոհեր, հարյուրավոր բանտարկյալներ», թեև ինքը ոչ մի կերպ չի հաստատել այդ հաղորդագրությունը։ ՌԴ պաշտպանության նախարարությունը չի հայտնել իր զինծառայողների շրջանում զոհերի մասին։
🔘 Զելենսկին մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ լքել երկիրը, ասելով. «Այստեղ կռիվ է ընթանում, ինձ զինամթերք է պետք, ոչ թե ճամփորդություն»։ Ուկրաինայի նախագահը շարունակում է մնալ «ռուսական ագրեսիայի գլխավոր թիրախը», նախօրեին հայտարարել էր ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ Այս մասին խոսել է նաև ինքը՝ Զելենսկին։
🔘 ԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորել է ամերիկացիներին անհապաղ լքել Բելառուսի տարածքը։
🔘 «Ունիան» գործակալությունը հայտնում է Խարկովում հզոր պայթյունների մասին։
🔘 Ուկրաինայի առողջապահության նախարարություն. պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում զոհվել է 198 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեք երեխա։ Տուժել է 1115 մարդ, այդ թվում՝ 33 երեխա։
🔘 Ռուսական ավիաընկերությունների օդային տարածքն արդեն փակել են Լեհաստանը, Չեխիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Բուլղարիան և Մեծ Բրիտանիան։
🔘 Ուկրաինայի արևմտյան հատվածում, Լվովի շրջակայքում անցակետեր են տեղադրվում։ Հենց այստեղ են Կիևից տեղափոխվել դեսպանատների մեծ մասը, Լվովի քաղաքապետն ասել է, որ բոլոր մուտքերն ու ելքերը կստուգվեն։ Քաղաքում այսօր մի քանի անգամ միացրել են տագնապի ազդանշանները, տեղի իշխանությունները բնակիչներին հորդորել են գնալ մոտակա ռումբապաստարաններ։
ՖՈՏՈ. ՄԱԿ-ի տվյալներով՝ հինգշաբթի օրվանից ավելի քան 120,000 ուկրաինացի լքել է երկիրը։ Ընտանիք գնացքում, որը մեկնում է Կիևից դեպի արևմտյան Ուկրաինա, Լվով։ 25 փետրվարի, Umit Bektas/Reuters
-
Ուկրաինայի մասին` հակիրճ, 13.30-ի դրությամբ
🔘 Ուկրաինայի նախագահ Զելենսկին պահանջել է, որ Ուկրաինան անհապաղ ընդունվի Եվրամիություն․
🔘 Կիևի մետրոպոլիտենն այժմ աշխատում է միայն որպես ապաստարան։ Գնացքները չեն շարժվի, ասել է քաղաքապետ Կլիչկոն։
🔘 Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Մեդվեդևը մի քանի սկանդալային հայտարարություններ է արել, մասնավորապես.
- «Ժամանակն է փակել դեսպանատները գոմի փականներով: Անհրաժեշտ է ամբողջությամբ դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները պատժամիջոցներ սահմանած երկրների հետ։ Ի վերջո, կարելի է սկզբունքորեն հրաժարվել ամեն ինչից, այդ թվում՝ ՌԴ և ԱՄՆ միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրից։ Իսկ շփումները շարունակել՝ միմյանց դիտելով միայն հեռադիտակով ու զենքի օպտիկայով։
- «Արտասահմանում ռուսների և ռուսական ընկերությունների փողերի կալանավորման դեպքում չի բացառվում Ռուսաստանի Դաշնությունում այն անձանց գույքի ազգայնացումը, որոնք գրանցված են ոչ բարեկամական իրավասություններում, ինչպիսիք են ԱՄՆ-ը և ԵՄ երկրները»:
🔘 Ռուսաստանի պաշտպանության նախարարություն. Ռուսաստանի զինված ուժերը լիովին վերահսկում են Մելիտոպոլը։ Ռուսական զորքերը լիովին շարքից հանել են 821 ռազմական օբյեկտ, խոցել են 7 ինքնաթիռ, 7 ուղղաթիռ և 9 անօդաչու թռչող սարք, ոչնչացրել են 87 տանկ և զրահամեքենա, ինչպես նաև Ուկրաինայի ռազմածովային ուժերի 8 ռազմական նավ։ Ռուսական զինուժի կորուստների մասին ոչինչ չի հաղորդվում։
🔘 Ռուսաստանում սպառնում են «Մեդիազոնա», «Նովայա գազետա», «Դոժդ» և մի քանի այլ անկախ լրատվամիջոցներին։ Իշխանությունները նրանց մեղադրում են ֆեյքեր տարածելու մեջ՝ Ուկրաինայում տեղի ունեցողը պատերազմ անվանելու համար։ Պահանջում են նյութերը հեռացնել, չկատարելու դեպքում սպառնում են արգելափակել դրանք։
🔘 Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հրաժարվել է խաղալ Ռուսաստանի հետ ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆում Ուկրաինայում ռուսական ռազմական ագրեսիայի պատճառով։ «Մենք բանակցում ենք Շվեդիայի և Նիդեռլանդների ֆեդերացիաների հետ՝ ՖԻՖԱ-ին ընդհանուր դիրքորոշում փոխանցելու համար»,- թվիթերում գրել է Լեհաստանի ֆուտբոլային միության նախագահ Չեզարի Կուլեսսան։ Մինչ այդ, անորոշ ժամանակով հետաձգվել էր Վրաստան-Ռուսաստան ռեգբիի հանդիպումը, որը պետք է կայանար փետրվարի 27-ին։
🔘 Մոլդովայի իշխանություններն արգելափակել են ռուսական Սպուտնիկ Մոլդովա կառավարամետ կայքը։ Մարտի 7-ից կդադարեցվի նաև ռադիոկայանի հեռարձակումը։
Լուսանկար. երեխա է ծնվել Կիևի մետրոյում, որը ապաստան է դարձել խաղաղ բնակիչների համար։ Աղջկան անվանել են Միա։
-
Ուկրաինայի մասին` հակիրճ 07.00-ի դրությամբ
🔘 Կեսգիշերից Կիևի փողոցներում մարտեր են ընթանում, փոխհրաձգություն, պայթյուններ։ Իշխանությունները տեղի բնակիչներից պահանջել են գնալ ապաստարաններ:
🔘 Կիևի Հաղթանակի պողոտայում՝ մետրոյի «Բերեստեյսկայա» կայարանի մոտ տեղի ունեցած մարտերի ժամանակ կամուրջը պայթեցվել է։ Այնտեղ տեղակայված է Ուկրաինայի Գլխավոր շտաբի անվտանգության 101-րդ առանձին բրիգադը։
Ծանր մարտեր Կիևի մարզի Վասիլկով քաղաքի և Խերսոնի շրջանում։ Այստեղ կա զորամաս և օդանավակայան, որտեղ, ինչպես հայտնում են ուկրաինացի զինվորականները, ռուս դեսանտայինները փորձել են վայրէջք կատարել, որից հետո մարտեր են սկսվել։
🔘 Ուկրաինայի Գլխավոր շտաբ. առավոտյան ժամը 6-ին մոտ ուկրաինական հակաօդային պաշտպանությունը ռուսական դեսանտային ուժերով ԻԼ-76 է խոցել, ենթադրաբար՝ Կիևի շրջանի Վասիլկովի մոտ։ Նաև հետ է մղվել հարձակումը Կիևի Հաղթանակի պողոտայի զորամասերից մեկի վրա։
🔘 Ուկրաինայի նախագահ Զելենսկին դիմել է Կիևից. «Մենք պետք է դիմանանք այս գիշեր, Ուկրաինայի ճակատագիրը որոշվում է հենց հիմա։ Գիշերը շատ դժվար է լինելու»։ Ինչպես գրում է The Washington Post-ը, նա մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ լքել երկիրը, որպեսզի իրեն չսպանեն: Զելենսկին ավելի վաղ ասել էր, որ ինքը հանդիսանում է Կրեմլի «թիվ մեկ թիրախը», իսկ իր ընտանիքը՝ «թիվ երկրորդը»: «Նրանք ցանկանում են քաղաքականապես ոչնչացնել Ուկրաինան՝ ոչնչացնելով պետության ղեկավարին», — ասել է նա և մի քանի ժամ անց հրապարակել մի տեսանյութ, որտեղ շրջապատված է երկրի հիմնական ղեկավարներով՝ ցույց տալով, որ նրանք բոլորը Կիևում են։
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևի Հաղթանակի պողոտան փետրվարի 26-ի առավոտյան ժամը 5-ին
🔘 ՌԴ ՊՆ. Ռուսական ստորաբաժանումները մուտք են գործել Մելիտոպոլ՝ առանց դիմադրության հանդիպելու։
🔘 ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պաշտոնապես պատժամիջոցներ է սահմանել Պուտինի դեմ. «Ֆինանսների նախարարությունը հազվադեպ է պատժամիջոցներ սահմանում պետությունների ղեկավարների նկատմամբ։ Պուտինը միանում է Կիմ Չեն Ընի, Ալեքսանդր Լուկաշենկոյի և Բաշար ալ-Ասադի նման բռնապետերի շատ փոքր խմբին:
🔘 ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել նաև ՌԴ ԱԳ նախարար Լավրովի և պաշտպանության նախարար Շոյգուի, ինչպես նաև ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների դեմ։ Ավելի վաղ Պուտինի ու Լավրովի դեմ պատժամիջոցներ էին սահմանել Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան։
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Դմիտրի Մեդվեդևի և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի դեմ։
🔘 ԵՄ-ն փետրվարի 28-ից կասեցնում է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը։
🔘 Կանադան պատժամիջոցներ է սահմանում Պուտինի և Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև Բելառուսի ղեկավարության դեմ։ «Մենք պահանջում ենք, որ Ռուսաստանը անհապաղ դուրս բերվի SWIFT միջազգային բանկային համակարգից», — ասել է նաև Կանադայի արտգործնախարար Քրիստիա Ֆրիլանդը։
🔘 Բուլղարիան, հետևելով Լեհաստանին և Չեխիային, փակեց իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։
🔘 Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի բանաձևի վրա, որը դատապարտում է Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները։ Բանաձևին կողմ է քվեարկել Անվտանգության խորհրդի 11 անդամ, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 3 (Չինաստան, Հնդկաստան, ԱՄԷ)։ Այժմ այդ հարցը կքննարկվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, որտեղ Ռուսաստանի վետոն չի գործում։
🔘 Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն իր Twitter-ում ռուսերենով դիմել է ռուսներին և ուկրաիներեն՝ ուկրաինացիներին։ «Մեծ Բրիտանիայի ժողովուրդը աջակցում է մեր ուկրաինացի եղբայրներին ու քույրերին՝ ձեր հայրենիքի վրա այս չարդարացված հարձակման կապակցությամբ։ <…> Պուտինի գործողությունները հանգեցնում են Ռուսաստանի լիակատար մեկուսացմանը, տնտեսական պատժամիջոցների ազդեցությանը և անիմաստ արյունալի պատերազմի, որն արդեն վերածվել է ինչպես ուկրաինացիների, այնպես էլ ռուս զինվորների անթիվ կյանքերի կորստի, որոնք երբեք չեն տեսնի իրենց ընտանիքները։ Իմ ռուս ընկերներին (դիմում է ռուսերենով). Չեմ հավատում, որ այս պատերազմը ձեր անունից է։ Այս ճգնաժամը, այս ողբերգությունը կարող է և պետք է ավարտվի (անցնում է ուկրաիներենի), քանի որ աշխարհին անհրաժեշտ է ազատ և անկախ Ուկրաինա։ Որպես Մեծ Բրիտանիայի վարչապետ՝ ես խոսում եմ ողջ երկրի անունից «Փա՛ռք Ուկրաինային»։
🔘 Զելենսկին դիմել է Իսրայելի վարչապետին՝ Ռուսաստանի հետ բանակցություններում միջնորդ դառնալու խնդրանքով։ Զելենսկու խոսնակ Սերգեյ Նիկիֆորովը հերքել է Մոսկվայի այն պնդումները, թե Կիևը հետ է կանգնել բանակցություններից։ «Ուկրաինան պատրաստ է եղել և պատրաստ է խոսել հրադադարի և խաղաղության մասին։ Սա մեր մշտական դիրքորոշումն է։ Մենք համաձայնել ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջարկին։ Անմիջապես այս ժամերին կողմերը խորհրդակցում են բանակցային գործընթացի տեղի ու ժամի շուրջ։ Որքան շուտ սկսվեն բանակցությունները, այնքան ավելի մեծ կլինեն բնականոն կյանքը վերսկսելու հնարավորությունները»,- նրա խոսքերն է մեջբերում ՈՒՆԻԱՆ-ը։
🔘 «Վլադիմիր Զելենսկու հետ կարող է գործ ունենալ դատարանը, որը կկազմակերպվի Կիևի նոր իշխանությունների կողմից»,- Euractiv-ին տված հարցազրույցում ասել է Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը։
🔘 Փետրվարի 25-ի ուշ երեկոյան Պուտինի հայտարարությունը՝ ուկրաինացի զինվորականներին իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու կոչով, տարբերվում էր նախորդներից նրանով, որ դա նախապես ձայնագրված չէր: Փորձագետները նշում են, որ սա առաջին դեպքն է, երբ Պուտինը իրական ժամանակում արձագանքում է իրադարձություններին:
🔘 Ռուսաստանը սպառնում է սպանել ուկրաինացի զինվորներին և նրանց ընտանիքներին, եթե նրանք հրաժարվեն հանձնվել։ Նման տեղեկություն ունի ամերիկյան հետախուզությունը, հայտնում է CNN-ը։
🔘 Ռուսական հասարակական կազմակերպությունները դիմել են Պուտինին Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու կոչով, կոչը ստորագրել է 38 կազմակերպություն։
🔘 Պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի, հայտարարել է Կոմունիստական կուսակցության խմբակցության անդամ Միխայիլ Մատվեևը։ «Քվեարկելով ԴԺՀ/ԼԺՀ-ի ճանաչման համար՝ ես քվեարկել եմ հանուն խաղաղության, ոչ թե պատերազմի: Որպեսզի Պուտինի Ռուսաստանը դառնա վահան, որպեսզի Դոնբասը չռմբակոծվի, և ոչ թե Կիևը ռմբակոծվի»։ Ավելի վաղ Կոմունիստական կուսակցությունից Պետդումայի մեկ այլ պատգամավոր Օլեգ Սմոլինը ևս դեմ էր արտահայտվել պատերազմին։
-
Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի երկրորդ օրվա իրադարձություննեևը։ Թարմացվող
ՈՒՂԻՂ․ Փետրվարի 25-ի հաղորդագրությունները՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի երկրորդ օրվա իրադարջությունների մասին՝ այստեղ
-
ՈՒՂԻՂ․ փետրվարի 24, Ուկրաինայի դեմ պատերազմի առաջին օրը
ՈՒՂԻՂ․ Փետրվարի 24-ի հաղորդագրությունները՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի առաջին օրվա իրադարջությունների մասին՝ այստեղ