Ռուսաստանի և Բելառուսի նախագահները նավթի շուրջ պայմանավորվածութան չեն եկել
Կիսվել
Կիսվել
Բելառուսը ռուսական նավթի մատակարարման համար զեղչեր չի ստանա։ Ինչպես հաղորդում է «Եվրոռադիոն», այսպիսին է երկու երկրների նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի միջև բանակցությունների արդյունքը, որոնք անցկացվել են փետրվարի յոթին Սոչիում։
Ինչպես բանակցություններից հետո հայտարարել է Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը, Ռուսաստանը շարունակելու է Բելառուսին գազ մատակարարել 2019 թ–ի պայմաններով։
Դրա հետ մեկտեղ, երկու երկրների միջև առաջացած գլխավոր խնդրի՝ Բելառուսին ռուսական նավթի մատակարարման մասին նոր պայմանագրի շուրջ համաձայնության գալ չի հաջողվել։
«Մենք այսօր չենք կարող կտրուկ փոխել մեր նավթային ճյուղի կարգավորման պայմանները․ դուք գիտեք, որ չմշակված նավթի գները ձևավորվում են շուկայի թելադրանքով, այլ ոչ թե վարչարարական ճանապարհով են կարգավորվում», – ասել է Կոզակը։
Միաժամանակ ռուսական կառավարությունը խոստացել է նպաստել ռուսական նավթային ընկերությունների հետ Բելառուսի բանակցություններին։
Կոզակը հավելել է նաև, որ Բելառուսն ու Ռուսաստանը շարունակելու են ինտեգրման հարցերի շուրջ խորհրդատվությունը։
Չկա ինտեգրում, չկա նավթ
Ռուսաստանը հունվարի մեկից դադարեցրել է նավթի մատակարարումը Բելառուսի նավթավերամշակման գործարաններին, քանի որ Նոր տարուց առաջ երկու երկրներն այդպես էլ համապատասխան նոր պայմանագիր չեն ստորագրել։ Գլխավոր խնդիրը ռուսական նավթի գնի հարցն էր։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ անձամբ է զբաղվում այդ հարցով, սակայն դեռևս արդյունքներ չկան։
Ռուսական նավթի վերամշակումն ու արտահանման համար նավթամթերքի վաճառքը Բելառուսի տնտեսության եկամտի կարևոր աղբյուր են։ Երկրի վիճակն ուղղակիորեն կախված է հումքի գներից։
2019 թ–ի դեկտեմբերին Պուտինն ու Լուկաշենկոն երկու հանդիպում են անցկացրել, որոնք նվիրված են երկու երկրների ինտեգրման խորացմանը։ Ակնկալվում էր, որ համաձայնագրեր են ստորագրվելու այդ թվում՝ ընդհանուր խորհրդարանի և կառավարության ստեղծման մասին։ Սակայն դա ավարտվել է Լուկաշենկոյի հայտարարությամբ, որ ինքը չի պատրաստվում զոհաբերել երկրի անկախությունն ու միավորվել Ռուսաստանի հետ։
Միաժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն փետրվարի մեկին Բելառուս կատարած իր աննախադեպ այցի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ–ն «պատրաստ է Բելառուսին 100 տոկոսով նավթով ապահովել»։