ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է Վրաստանին վճարել 252 միլիոն եվրո
Ռուսաստանը պետք է Վրաստանին վճարի 252 մլն եվրո
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել էՎրաստանին վճարել ավելի քան 253 միլիոն եվրո փոխհատուցում՝ կապված շարունակվող օկուպացիայի հետ:
Ստրասբուրգի դատարանը որոշումն ընդունել է 2025 թ․-ի սեպտեմբերի 23-ին՝ «բորդերիզացիայի» (սահմանազատում վրաց-օսական հակամարտության գոտում, որը վրացական կողմն անվանում է վարչական սահման, իսկ օսական կողմը՝ պետական սահման- JAMnews) վերաբերյալ գործով:
Նյութի հրապարակման պահին հաղորդվեց, որ ՌԴ-ն չի պատրաստվում կատարել ՄԻԵԴ-ի որոշումը։ Ճեպազրույցում այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ի՞նչ է ասված եզրակացության մեջ
● Դատարանի որոշման համաձայն՝ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում հետևյալ խախտումների համար՝ կյանքի իրավունք, ազատություն, խոշտանգումներից ազատություն, սեփականության իրավունք, ընտանեկան կյանքի իրավունք, տեղաշարժվելու ազատություն և վրացերենով կրթության հասանելիություն: Այս խախտումները տարածվել են տասնյակ հազարավոր էթնիկ վրացիների վրա։
● Դատարանը եզրակացրել է, որ չնայած Ռուսաստանը 2022 թվականին հեռացվել է Եվրոպայի խորհրդից, գործը վերաբերում է ՄԻԵԴ-ի իրավասությանը, քանի որ խախտումները տեղի են ունեցել նախքան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում Ռուսաստանի մասնակցության դադարեցումը;
● ՄԻԵԴ-ի կողմից նշանակված փոխհատուցման գումարից 224,25 մլն եվրոն պետք է ուղղվի 23․000 տուժածներին աջակցելուն, ովքեր զրկվել են բնակարանից, ունեցվածքից և ընտանիքների հետ կապից;
● 20 մլն եվրո պետք է հատկացվի 4000 դպրոցականների, որոնք զրկված են եղել վրացերենով կրթություն ստանալու հնարավորությունից: 5,17 մլն եվրո կհատկացվի 2586 անձանց, ովքեր տուժել են անօրինական ձերբակալությունից: 1,98 մլն եվրո կհատկացվի անմարդկային վերաբերմունքի 76 զոհերի: 1,3 մլն եվրո՝ ուժի անհամաչափ կիրառման 20 զոհերի, և 320․000 եվրո՝ տեղաշարժվելու ազատության անօրինական սահմանափակման զոհ դարձած 64 անձանց;
● Փաստաթղթում նշված է, որ որոշման ուժի մեջ մտնելու պահից սկսած Ռուսաստանն ունի երեք ամիս՝ նշված գումարը վճարելու համար։ Այդ ժամկետի ավարտից հետո փոխհատուցման գումարին կավելանան նաև տոկոսներ:
«Այս որոշումների կատարումը գտնվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հսկողության ներքո, Վրաստանն ակտիվորեն մասնակցում է մշտադիտարկման գործընթացին:
Արդարադատության նախարարությունը շնորհակալություն է հայտնում ապացույցների հավաքագրման գործում մասնակցած պետական մարմիններին և շնորհավորում ողջ Վրաստանին այս պատմական հաղթանակի կապակցությամբ»,- հայտարարել է Վրաստանի Արդարադատության նախարարությունը:
Վրացական իշխանությունների մեկնաբանությունը
«Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ, երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկնաբանել է ՄԻԵԴ-ի որոշումը.

«Ամեն անգամ, երբ խոսքը վերաբերում է մեր երկրի շահերի պաշտպանությանը, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում, երբ խոսքը վերաբերում է դատական ատյաններում ճշմարտության և արդարության հաստատմանը, մեր պետությունը, կառավարությունը միշտ շատ սկզբունքային դիրքորոշում է որդեգրել:
Մենք հաղթել ենք Ստրասբուրգի դատարան ներկայացված բոլոր գործերով, ինչպես նաև շահել ենք դատը Հաագայի դատարանում։ Եվ դա հենց մեր կառավարության սկզբունքային դիրքորոշման շնորհիվ:
Պատերազմը սկսել է Սաակաշվիլիի ռեժիմը, բայց <…> այս ամենը որևէ առնչություն չունի պատերազմի մեկնարկի հարցի հետ: Ռուսաստանի Դաշնությունն ունի իր մեղքը, որը հանգեցրել է Վրաստանի օգտին ընդունված որոշմանը: [Ռուսաստանի] միջամտության արդյունքում խախտվել են կոնկրետ [մարդու] իրավունքներ, և Ստրասբուրգի դատարանի որոշումը վերաբերում է հենց այդ իրավունքների խախտմանը»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ռուսաստանը պետք է Վրաստանին վճարի 252 մլն եվրո