Հուլիսի 28-ին Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է հրապարակել ի պատասխան ԱՄՆ գործողությունների: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հուլիսի 27-ին ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների զգալի խստացմանը և արգելել նախագահին առանց Կոնգրեսի համաձայնության չեղարկել կամ մեղմացնել դրանք:
Ռուսական ԱԳՆ հայտարարությունում ասվում է.
«Պատժամիջոցների մասին նոր օրենքի ընդունումը վկայում է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն ԱՄՆ-ում ներքաղաքական պայքարի պատանդ են դարձել: Նոր օրենքը նպատակ ունի, օգտագործելով քաղաքական մեթոդները, գլոբալ տնտեսությունում ԱՄՆ համար անբարեխիղճ մրցակցային առավելություններ ստեղծել»:
Ռուսաստանի պատասխան միջոցները հետևյալն են.
— Մոսվայում ամերկյան դեսպանատան աշխատակիցներին արգելվում է օգտագործել Մոսկվայի ծայրամասում գտնվող ամառանոցը:
— Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը զրկվում է տարածքից, որն օգտագործում էր որպես պահեստ:
— Ռուսաստանում ԱՄՆ առաքելությունների աշխատակիցների թիվը պետք է հասցվի 455-ի:
«Փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցները, որոնք մտցվել են Ղրիմի բռնակցումից, Դոնբասում պատերազմ հրահրելուց և մալայզիական «բոինգի» կործանվելուց հետո, զգալի վնաս են հասցրել ռուսական տնտեսությանը: Վարկային միջոցների պակասուրդը, որն առաջացել է Արևմուտքում ռուսական ընկերությունների վարկավորման կանոնների խստացման պատճառով, արդեն մոտ $200 մլրդ է կազմում»:
ԱՄՆ պատժամիջոցների խստացման մասին նոր օրենքն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ այն ստորագրի նախագահ Թրամփը: