Ռուսական դատարանը վճռել է արգելափակել Telegram-ը
Ռուսական դատարանը վճռել է արգելափակել Telegram մեսենջերը: Դա կապծված է այն բանի հետ, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հրաժարվել է կատարել ռուսական դատարանի նախորդ վճիռը, որը Telegram-ին պարտավորեցնում էր ռուսական հատուկ ծառայությունների համար հասանելի դարձնել օգտատերերի նամակագրությունը: Նախօրեին Դուրովն արգելել էր իր իրավաբաներին մասնակցել դատին: Նա դա փաստարկել էր նրանով, որ չի ցանկանում «լեգիտիմացնել ակնհայտ ֆարսը»:
Ի՞նչ է Telegram-ը
Աշխարհում, ըստ տարածվածության, 7-րդ սոցցանց ՎԿոնտակտեի հիմնադիր Պավել Դուրովը Telegram մեսենջերը գործարկել է 2013թ-ին: Ինչպես նա ինքն է պատմել, կապի այնպիսի միջոցի ստեղծման գաղափարը, որը հասանելի չի լինի հատուկ ծառայությունների համար, Դուրովին այցելել է այն բանից հետո, երբ 2011թ-ին Սանկտ Պետերբուրգի իր բնակարան փորձել են ոստիկաններ ներխուժել:
Երկու տարի անց գործարկվել է Telegram-ը, որը մշակվել է Դուրովի և նրա եղբոր կողմից: Մի քանի տարվա ընթացքում այն վերածվել է աշխարհի ամենապոպուլյար մեսենջերներից մեկը: Telegram-ի օգտատերերի ամենամեծ թիվն Իրանում է: Երկրորդ տեղը զբաղեցնում է Ռուսաստանը. այնտեղ ավելի քան 10մլն մարդ է օգտվում այդ ռեսուրսից: Այն տարածված է նաև Բրազիլիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, իսկ օգտատերերի ընդհանուր թիվը 200մլն-ից ավել է:
Ռուսական հատուկ ծառայությունների հետ կոնֆլիկտը
2017թ-ի ամռանը Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Պավել Դուրովից պահանջեց «տեղեկատվություն տրամադրել, որն անհրաժեշտ է մուտքային, ելքային, փոխանցվող և/կամ մշակվող էլեկտրոնային հաղորդագրությունների ապակոդավորման համար»: Դուրովը հրաժարվեց նման բան անել՝ համարելով, որ եթե ռուսական հատուկ ծառայություններին հասանելի լինեն Telegram-ի օգտատերերի հաղորդագրություններն, ապա իր մեսենջերի բացառիկությունն ու իմաստը կորում է:
Նախորդ ամսվա վերջին Ռուսաստանի Գերագույն դատարանն ԱԴԾ պահանջներն օրինական համարեց և Դուրովին պարտավորեցրեց կատարել դրանք: Telegram-ի հիմնադիրը կրկին հրաժարվեց ԱԴԾ-ին հաղորդագրությունների ապակոդավորման համար տեղեկատվություն տրամադրել՝ դատարանի որոշումը հակասահմանադրական անվանելով:
Ի՞նչ է լինելու Telegram-ի հետ
Ըստ էության, ոչինչ: Ի սկզբանե Telegram-ի լսարանը կազմում էին ինտերնետ-տեխնոլոգիաներին տիրապետող երիտասարդները: Դրանք հիմնականում այն օգտատերերն են, որոնց համար սեփական նամակագրության գաղտնիությունը կարևոր է: Այդ պատճառով էլ այդ օգտատերերի համար դժվար չի լինի սեփական սմարթֆոնների վրա VPN-հավելվածներ տեղադրել, որոնք թույլ են տալիս շրջանցել արգելափակումը: Բացի այդ, ռուսական ինտերնետ-օգտատերերը VPN օգտագործելու փորձ արդեն ունեն, քանի որ իշխանությունները մշտապես տարբեր կայքեր են արգելափակում:
Ահա, թե ինչ են գրում «ՆԵԶԻԳԱՐ» ամենապոպուլյար ռուսական Telegram-ալիքներից մեկի անանուն հեղինակները.
«Մենք շարունակելու ենք աշխատել Telegram-ում: Հարթակի փոփոխումը չի դիտարկվում, Ռուսաստանում Telegram-ի արգելափակումը մենք նույնպես չենք դիտարկում որպես սպառնալիք: <…>
Պետական պաշտոնյաների մի մասն այսօր մեր աչքի առջև տեղեկատվության տարածման անկախ սեգմենտ է ստեղծում: Այդ սեգմենտն ամբողջությամբ դուրս կգա պետության վերահսկողությունից, այն կդառնա ընդդիմադիր և, իհարկե, կվերածվի շատ լուրջ գործոնի»: