2025 թվականին ռուսական պետական էներգետիկ հսկա «Գազպրոմը» 40.4%-ով ավելացրել է Վրաստան բնական գազի մատակարարումները։
Սա զգալիորեն գերազանցում է նույն ժամանակահատվածում Կենտրոնական Ասիայի երկրներ մատակարարվող ծավալները և կրկին հարցեր է առաջացնում Վրաստանի էներգետիկ կախվածության վերաբերյալ։
«Գազպրոմ»-ի տելեգրամյան ալիքում հրապարակված կարճ հայտարարության մեջ նշվում է, որ դեպի Ղազախստան, Ուզբեկստան և Ղրղզստան գազի արտահանումն աճել է 22.2%-ով, իսկ դեպի Վրաստան աճը գրեթե կրկնապատկվել է։ «Գազպրոմ»-ը չի նշել մատակարարվող գազի ճշգրիտ ծավալները, սակայն ընդգծել է, որ արտահանումն աճել է ինչպես Կովկասում, այնպես էլ Կենտրոնական Ասիայում։
Նույն հայտարարության մեջ ընկերությունն ընդգծել է, որ 2025 թ․-ին առաջին անգամ ստեղծվել է իրավիճակ, երբ Չինաստանը ՌԴ-ից ավելի շատ բնական գազ է ստացել, քան Եվրոպան։ Դեպի Չինաստան արտահանումը տարվա կտրվածքով աճել է 24.8%-ով, ինչը վկայում է ռուսական էներգակիրների արտահանման աշխարհագրության փոփոխության մասին։
Վերջին տարիներին Վրաստանում ռուսական գազի ներմուծումն աստիճանաբար աճել է, մինչդեռ ավանդաբար երկրի հիմնական էներգամատակարար հանդիսացող Ադրբեջանի կողմից մատակարարվող բնական գազի մասնաբաժինը նվազել է։
2025 թվականի առաջին կեսին Վրաստանը ռուսական գազի համար ավելի շատ է վճարել, քան ադրբեջանական գազի համար։
Վրաստանի էկոնոմիկայի նախարարության պարզաբանմամբ՝ «Գազպրոմ»-ից գնված գազն օգտագործվել է ոչ թե բնակչության, այլ միայն մասնավոր հատվածի կողմից։
Վիճակագրությունը նույնպես հաստատում է այս միտման խորությունը. 2023 թվականին Վրաստան ռուսական գազի ներմուծումը հասել է գրեթե 600 միլիոն խորանարդ մետրի՝ ընդհանուր առմամբ կազմելով 596 միլիոն խորանարդ մետր, այնինչ 2020 թվականին ներմուծումն ընդամենը 204 միլիոն խորանարդ մետր էր։
Ռուսաստանն ու Վրաստանը կապված են Հյուսիս-Հարավ գազատարով, որով բնական գազ է մատակարարվում ինչպես Վրաստան, այնպես էլ Հայաստան։ 2017 թ․-ին Թբիլիսիի և «Գազպրոմի» միջև կնքված համաձայնագրի պայմանները փոխվեցին. եթե նախկինում Վրաստանը ստանում էր Հայաստան տեղափոխվող գազի 10%-ը՝ որպես տարանցման վճար, ապա նոր համաձայնագրով աստիճանաբար անցում կատարվեց կանխիկ վճարումների՝ որոշում, որն այդ ժամանակ էլ, հիմա էլ շարունակում է բուռն քննարկումներ առաջացնել երկրի էներգետիկ անվտանգության համատեքստում։