«Կանխորոշված ու սարսափեցնող վճիռ»․ Ռուբեն Վարդանյանին դատապարտեցին 20 տարվա ազատազրկման
Ռուբեն Վարդանյանը Բաքվում 20 տարով ազատազրկվեց
Բաքվի զինվորական դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Նրա գործը քննվում էր առանձին, այլ ոչ թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործերի հետ մեկտեղ։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ դատարանը Վարդանյանին մեղավոր է ճանաչել մի շարք ծանր հանցագործությունների, այդ թվում՝ պատերազմի սանձազերծման, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ։
Ինքը՝ Վարդանյանը, տևական ժամանակ է, ինչ ահազանգում էր, որ տեղի ունեցողը ֆարս է, արդարադատության իմիտիացիա, այլ ոչ թե դատավարություն։ Նույն պատճառաբանությամբ էլ արգելել է փաստաբանին ներկայացնել պաշտպանական որևէ փաստարկ։
Հայ իրավապաշպանների դիտարկմամբ՝ գործ ունենք ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթացի հետ։ Նախքան վճռի հանրայնացումը նրանք պնդել էին՝ լինելու է «մեղադրական դատավճիռ ցմահ ազատազրկմամբ»։ Ցմահ ազատազրկում էր պահանջել նաև մեղադրող կողմը։ Դեռևս չի հաղորդվել՝ ինչու է սահմանվել 20 տարի ժամկետով ազատազրկում։ Դատավարությանը որևէ անկախ ԶԼՄ և իրավապաշտպան չի մասնակցել։ Տեղեկությունները հրապարակում են Ադրբեջանի պետական լրատվամիջոցները։
Դատավճռի մասին լուրերի ֆոնին հայտարարությամբ է հանդես եկել նաև Վարդանյանի ընտանիքը։ Շեշտել են՝ Ադրբեջանում տեղի են ունենում ոչ թե Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ բանտարկյալների դատավարությունները, այլ «դատավճիռ հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն»։
«Մենք շարունակելու ենք նրա և մյուս հայ բանտարկյալների ազատ արձակմանն ուղղված մեր ջանքերը։ Կոչ ենք անում միջազգային առաջնորդներին, միջազգային իրավունքին համահունչ, ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները նրանց ազատությունն ապահովելու և իրավունքները պաշտպանելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
Փետրվարի 5-ին Բաքվի զինվորական դատարանը հրապարակել էր Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռները։ ԼՂ-ի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին ադրբեջանական դատարանը դատապարտել էր ցմահ ազատազրկման։ ԼՂ-ի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն և Բակո Սահակյանը ազատազրկվել էին 20 տարով․ Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց ցմահ ազատազրկել։
Բոլոր մանրամասները՝ Վարդանյանի եզրափակիչ խոսքը, ընտանիքի հայտարարությունը, մեկնաբանություն
- Փաշինյանն ու Ալիևը խաղաղության հաստատման համար ԱՄԷ-ում արժանացան «Զայեդ» մրցանակի
- Ադրբեջանական բանտերում պահվող չորս գերի է հանձնվել Հայաստանին
- Բաքուն Ստեփանակերտում մնացած հայերից մեկին ահաբեկչության մեջ է մեղադրում
«Որևէ պատժից կամ որոշումից չեմ վախենում»․ Վարդանյանի վերջին խոսքը
Օրեր առաջ՝ փետրվարի 10-ին կայացած նիստի ընթացքում Ռուբեն Վարդանյանը հանդես էր եկել եզրափակիչ խոսքով, որի մասին պատմել էր ավելի ուշ՝ ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Ասացի, որ երջանիկ եմ այստեղ` այս դատին ներկայացնել հայ ժողովրդին, որևէ պատժից կամ որոշումից չեմ վախենում ու պատրաստ եմ ընդունել այն բացարձակ հանգիստ, որովհետև տեղի ունեցողը ոչ թե դատ է, այլ դատաստան»,- ասել էր Վարդանյանը։
ԼՂ-ի նախկին պետնախարարի գնահատմամբ՝ Ադրբեջանը չօգտվեց դատական նորմալ գործընթաց անցկացնելու հնարավորությունից։ Ըստ նրա՝ դա թույլ կտար հիմք դնել «իսկապես երկարաժամկետ խաղաղության»․
«Դրա փոխարեն նրանք կազմակերպեցին անհասկանալի, ոչ պրոֆեսիոնալ շոու, որը, ցավոք, որևէ մեկին որևէ օգուտ չտվեց, առաջին հերթին՝ հենց ադրբեջանական պետությանը։ Վստահ եմ»։
Եզրափակիչ խոսքում Վարդանյանն անդրադարձել էր նաև խաղաղությանը։ Պնդել էր՝ խաղաղություն կարող է լինել միայն այն ժամանակ, երբ կլինեն «երկու հավասար հարևաններ» և հավելել՝ ոչ մի խաղաղություն չի լինի, եթե «մեկը ստորանալու է մյուսի առաջ»։
Խոսել էր նաև Լեռնային Ղարաբաղի մասին, թեև եղել էին խոչընդոտելու փորձեր։
«Դատին ասել ու երեք անգամ կրկնել եմ այն, ինչն ասելուց ինձ փորձում էին ընդհատել․ Արցախը եղել է, Արցախը կա և Արցախը կլինի հենց գոյաբանական առումով։ Սա իրավական բնույթի հարց չէ, այլ այն մասին է, որ պարզապես չի կարելի վերցնել և ջնջել ոչ ոքի»,- նկատել էր Վարդանյանը։
Ընտանիքի հայտարարությունը․ «Ռուբենը զրկված է եղել արդար դատաքննության հիմնարար երաշխիքներից»
Արցախի նախկին պետնախարար, հայ բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարել է՝ դատարանի վճիռը սարսափեցնող է, բայց ոչ անսպասելի։
«Դեռևս 874 օր առաջ՝ նրա ապօրինի ձերբակալությունից սկսած, ակնհայտ էր, որ այս գործընթացի արդյունքը կանխորոշված էր։ Այս ընթացքում նրա դեմ առաջադրված մեղադրանքներից և ոչ մեկը հիմնավորող որևէ ապացույց այդպես էլ չի ներկայացվել»,- ասված է հայտարարության մեջ։
Ընդգծել են՝ Վարդանյանին ճանաչած կամ նրա հետ առնչություն ունեցած անձինք հասկանում են առաջադրված մեղադրանքների անհեթեթությունն ու անհիմն լինելը։
Խոսելով Բաքվում կազմակերպված դատական գործընթացի մասին՝ ընտանիքի անդամներն արձանագրել են՝ Ռուբեն Վարդանյանը զրկված է եղել արդար դատաքննության հիմնարար երաշխիքներից, այդ թվում՝
- իրավական պաշտպանությունից,
- միջազգային փաստաբանի հետ կապվելու հնարավորությունից,
- դատավարությանն անկախ լրատվամիջոցների մասնակցությունից:
«Լսումներն անցկացվել են փակ դռների հետևում և այնպիսի պայմաններում, որոնք անհամատեղելի են միջազգային իրավունքով և, նույնիսկ ադրբեջանական օրենքներով, արդար դատաքննության չափանիշների հետ»,-կարծում են ընտանիքի անդամները։
Նրանց դիտարկմամբ՝ արվում են Վարդանյանի հեղինակությունը վարկաբեկելու փորձեր, սակայն իրենց ուժ ու հույս են տալիս «կառավարությունների, քաղհասարակության առաջնորդների և միջազգային մասնագետների աջակցությունը»։
Բաքուն ազատ կարձակի՞ հայ գերիներին
Ադրբեջանում են պահվում 19 հայեր, որոնցից 8-ը Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներն են։ Հայ իրավապաշտպանները պնդւմ են՝ եթե «ներգրավված սուբյեկտները բավարար ճնշում գործադրեն», նրանք կվերադառնան ՀՀ։ Մյուս կողմից նկատում են՝ ԼՂ-ի նախկին ղեկավարության դեպքում Ադրբեջանի իշխանությունները հնարավորինս կձգձգեն հայրենադարձումը։
Հայաստանում հնարավոր էին համարում, որ գերիների մի մասի վերադարձը տեղի կունենա ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երևան ու Բաքու կատարած այցերի ֆոնին։ Ինքը՝ Վենսը, հայ լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր՝ Ադրբեջանում բարձրացնելու է այդ հարցը։ Մինչ այս պահը, սակայն, դրական տեղաշարժեր չեն եղել։
Ավելին, France 24-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ էության, բացառել է, որ Բաքվում պահվող ԼՂ-ի նախկին ղեկավարները ազատ կարձակվեն։
«Այդ մարդիկ լուրջ հանցանքներ են կատարել մարդկության դեմ: Պատկերացրեք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին՝ Նյուրնբերգյան դատավարությունից երկու ամիս անց ոմանք գային և ասեին՝ խնդրում ենք ազատ արձակել մահվան դատապարտված նացիստ առաջնորդներին: Դա նույն բանն է, նույնիսկ ավելի վատ: Նրանց հանցանքներն ավելի ծանր են, քան այն, ինչ արել են նացիստները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»,- հայտարարել է Ալիևը:
Մեկնաբանություն
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն այսպես է մեկնաբանել դատավճիռը․
«Պաշտոնական Բաքուն հրապարակեց Ռուբեն Վարդանյանի հանդեպ հաշվեհարդարը:
Ինչպես նշել եմ Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների վերաբերյալ, այս դեպքում ևս՝ դատավճիռը չի փոխում խնդրի էությունը, այլ ընդամենը պատանդների գինը բարձրացնող միջոցն է:
Խնդիրը լուծելու տարբերակը Հայաստանի որակների փոփոխությունն է՝ պետական ներուժից մինչև դիվանագիտական հմտություն ու մոբիլիզացիա։ Նկատի ունեմ՝ համահայկական ռեսուրսը, բայց ոչ թե Սփյուռք հասկացության կենացի, այլ թիրախային կարողությունների իմաստով:
Միևնույն ժամանակ Ռուբեն Վարդանյանի գործի առանձնացումն, իհարկե, բոլորովին «ֆորմալության» հարց չէ, այլ թերևս ավելի բազմազան շերտերի, որոնց ուղղությամբ նրա պատանդառության վրա փորձում է խաղալ Ալիևը: Դա առավել ևս պահանջում է լուծումների փնտրտուքի առավելագույնս լայն ճակատի անհրաժեշտություն»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ռուբեն Վարդանյանը Բաքվում 20 տարով ազատազրկվեց