Գագրայի կոմունալ ծառայությունները փաստացի վերացրել են ջրհեղեղի հետևանքները, որն առաջացրել էր քաղաքի մի մասը սնող 3,5 հազ. կուբամետր ծավալով ջրամբարի պատի հանկարծակի ճեղքվածքից: Փողոցները կարգի են բերվել, երկաթգծի տարածքը մաքրվել է, իսկ գնացքների երթևեկը՝ վերականգնվել:
Վերականգնվել է նաև քաղաքի ջրամատակարարումը: Արտակարգ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին՝ առավոտյան 6:30: Վթարված ջրամբարից հորդած ջուրը մի քանի րոպեի ընթացքում հեղեղել է քաղաքը: Աղետի հետևանքով տասնյակ տներ ջրի տակ են անցել, մեծ թվով մեքենաներ են վթարվել: Մասնագետները մարդկային զոհերի բացակայությունը բացատրում են վթարի վաղ ժամով, երբ քաղաքը դեռ քնած էր:
Խորհրդային տարիներին կառուցված ջրամբարը վթարային չէր համարվում: Համենայն դեպս, Գագրայի ջրամատակարարման նոր համակարգով զբաղվող մասնագետներն, ովքեր այդ ուղղությամբ աշխատել են վերջին երեք տարվա ընթացքում, ջրամբարը հետագա շահագործման համար պիտանի են գնահատել: