Ջոն Քերիի այցը Վրաստան
Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին պաշտոնական այցով Վրաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Նա հանդիպել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ:
«Ամենանշանակալից» հուշագիրը
Այցի գլխավոր արդյունքը դարձավ երկու երկրների միջև պաշտպանության և անվտանգության ոլորտում գործընկերության խորացման հուշագրի ստորագրումը: Դա նշանակում է, որ ԱՄՆ-ը դարձյալ օգնություն կցուցաբերի երկրին մի շարք ուղղություններով՝ սկսած պաշտպանական ոլորտի գնումներից մինչև տեղեկատվական լայն փոխանակում:
Հուշագիրը նաև ենթադրում է տեխնիկական անձնակազմի վերապատրաստում և հատուկ ծրագրեր, որոնց նպատակն է ամերիկյան կողմի հետ համատեղ ապահովել երկրի տարածքային պաշտպանությունը:
«Կլինեն ավելի հաճախակի համատեղ զորավարժություններ, ինչը շատ կարևոր է Վրաստանի պաշտպանության ոլորտի ամրապնդման տեսանկյունից: Եվ, իհարկե, այս փաստաթուղթը ևս մեկ անգամ ապացուցում է Վրաստանի և Ամերիկայի միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը»,- հուշագրի ստորագրումից հետո հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ հուշագիրը ներառում է համագործակցություն երկրի սահմանների, ծովային և օդային տարածության անվտանգության ապահովման ոլորտում, և, ընդհանուր առմամբ, կօգնի Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին:
Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հուշագիրն անվանել է ԱՄՆ-ի և Վրաստանի միջև «ամենանշանակալից» համաձայնագիրը:
«Մեկ տարվա ընթացքում Վրաստանի զինված ուժերին ցուցաբերված օգնությունը կապված է հիմնականում միջազգային առաքելությունների հետ և ուղղակիորեն առնչվում է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության ծրագրերին: Այսօր մենք ստացանք նոր համաձայնագիր, որի խնդիրն է ստանալ ամերիկյան կողմի հիմնարար և նշանակալից օգնությունը, որպեսզի վրացական պետությունը կարողանա հասնել տարածքային ամբողջականության սեփական նպատակներին»,- հայտարարել է Խիդաշելին: Նրա խոսքով՝ կմշակվի հստակ ծրագիր, իսկ հուշագրի իրականացումը կսկսվի մինչև տարեվերջ:
Հիշեցնենք, որ օգոստոսյան պատերազմից հետո Վրաստանի վրա զենքի գնման որոշակի էմբարգո էր դրվել:
ԱՄՆ-ը պաշտպանում է Վրաստանի ինքնիշխանությունը
«Միացյալ նահանգները հաստատուն կերպով պաշտպանում են Վրաստանի ինքնիշխանությունը, անվտանգությունը, բարգավաճումը և եվրաատլանտյան զգտումները»,- ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Վաշինգտոնից նման ուղերձով է ինքը ժամանել Թբիլիսի:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը շարունակում է կոչ անել Ռուսաստանին իրականացնել 2008թ. կնքված կրակի դադարեցման իր պարտավորությունները, այդ թվում հետ քաշել զորքերը նախքան հակամարտությունը եղած դիրքերը:
«ԱՄՆ-ը հավատարիմ է մնում Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցութանը: Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների մի մասի շրջափակումը և ռազմականացումը անընդունելի է»,- հայտարարել է նա:
Առաջիկա ընտրությունները՝ ժողովրդավարության թեսթ
Թբիլիսիում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Քերին նշել է, որ հոկտեմբերի 8-ին սպասվող խորհրդարանական ընտրությունները հերթական թեսթը կլինեն Վրաստանի համար:
«Ազատ և արդար ընտրությունները այս երկրում ապրող մարդկանց համար կարևոր քայլ կլինեն առավել մեծ անվտանգության, կայունության և բարգավաճման ճանապարհին»,- հայտարարել է նա:
Քերին ընդգծել է նաև վախի մթնոլորտից զերծ ընտրական միջավայր ստեղծելու կարևորությունը:
«Վրաստանը խաղաղ ժողովրդավարական փոփոխությունների և ընտրական պայմանների մոդել է տարածաշրջանի մյուս երկրների համար: Մեր բոլոր զրույցների ընթացքում մենք խոսել ենք վախի մթնոլորտից զերծ ընտրական միջավայր ստեղծելու անհրաժեշտության, ինչպես նաև ԶԼՄ-ների ազատության հարցում հետագա առաջընթացի մասին»,- նշել է Քերին:
Վրաստանը և ՆԱՏՕ-ն
Ջոն Քերին նաև հաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը աջակցել Վրաստանին իր եվրատլանտյան ձգտումների ճանապարհին՝ նշելով, որ Վրաստանը Դաշինքի անդամ չհանդիսացող երկրներից ամենախոշոր ներդրումն է ունեցել Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության մեջ:
Այնուամենայնիվ, ինչպես ակնկալվում է, Վրաստանը Վարշավայի գագաթնաժողովում կրկին չի ստանա Դաշինքի անդամակցության գործողությունների ծրագիր, փաստաթուղթ, որը Թբիլիսին ապարդյուն փորձում է ստանալ վերջին մի քանի տարիներին:
Քերին հավաստիացնում է, որ Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացում ձգտումները պայմանավորված են միջազգային մարտահրավերներով, բայց դա չպետք է վհատեցնի:
Պետքարտուղարն ասել է, որ Վաշինգտոնը հաստատուն կերպով պաշտպանում է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը և հաստատել, որ ԱՄՆ-ը աջակցում է 2008թ. Բուխարեստի գագաթնաժողովում ընդունված հռչակագիրը, ըստ որի Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ:
«Այդ առաջարկը մենք կպաշտպանենք նաև Վարշավայում»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ «գործընթացի հապաղումն իր պատճառներն ուներ»՝ կապված մի շարք միջազգային մարտահրավերների, այդ թվում Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակի հետ:
Խաչապուրու և գինու մասին
Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցում Քերին հավաքվածներին ողջունել է վրացերենով: Հիշելով իր առաջին այցը Վրաստան, երբ ինքը դեռ սենատոր էր, Ջոն Քերին ափսոսանքով նշել է. «Անցյալ անգամ ճաշակելով խաչապուրի և հիանալի գինի՝ ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ՝ ինչու ավելի վաղ չէի գալիս այստեղ»:
Վրաստան այցից հետո ԱՄՆ պետքարտուղարը կուղևորվի Կիև, որտեղ նախատեսվում է հանդիպումներ Ուկրաինայի ղեկավարության հետ: Դրանից հետո նա կմեկնի Վարշավա՝ մասնակցելու Եվրատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, որտեղ կուղեկցի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, հաղորդում են ԱՄՆ պետքարտուղարությունից:
- Վերջն անգամ Ջոն Քերին Վրաստանում եղել է ԱՄՆ սենատորի կարգավիճակով՝ 2008թ. դեկտեմբերին:
- Իսկ 2012թ. Վրաստան է ժամանել այն ժամանակվա ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
- 2005թ. պաշտոնական այցով Վրաստան է ժամանել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը:
Հրապարակվել է 7.07.2016