Պուտինը ներում է շնորհել 2008թ-ին Վրաստանի կողմ գնացող զինվորական տեխնիկայի մասին SMS-հաղորդագրություն ուղարկած ռուսաստանցի կնոջը
Կիսվել
Կիսվել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներում է շնորհել Սոչիի բնակիչ Օքսանա Սևաստիդիին, որին 7 տարվա ազատազրկման էին դատապարտել 2008թ-իպատերազմից առաջ ռուսական ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին Վրաստանին տեղեկատվություն տրամադրելու համար:
Պուտինի հրամանը հրապարակվել է այսօր իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: Այն ուժի մեջ կմտնի հրապարակումից 5 օր անց:
Ռուսաստանի քաղաքացի Օքսանա Սևաստիդիին 2016թ-ի մայիսին 7 տարվա ազատազրկման են դատապարտել պետական դավաճանության մեղադրանքով: Հարավային Օսիայի շուրջ 2008թ-ի օգոստոսյան պատերազմի նախօրեին նա մի քանի SMS-հաղորդագրություն է ուղարկել Վրաստանում իր ծանոթին: Օքսանան գրել է, որ Սոչիում ռազմական տեխնիկայով լի գնացք է տեսել, որն, ըստ իր տեղեկատվության, ուղևորվելիս է եղել Աբխազիա:
Սակայն Սևաստիդիի փաստաբան Եվգենի Սմիրնովը հայտարարել է, որ, չնայած ներմանը, նա հասնելու է դատավճռի լիակատար չեղարկմանը, որը նա ապօրինի է անվանել, և իր պաշտպանյալի լրիվ արդարացմանը:
Նախորդ տարվա դեկտեմբերին կայացած մամուլի ասուլիսին Սևաստիդիի գործի մասին հարցին Վլադիմիր Պուտինը դատավճիռը “բավականին խիստ” է անվանել, սակայն նշել է, որ գործի մանրամասներին չի տիրապետում:
Սևաստիդիի դեպքը բացառիկ չէ: 2014թ-ի նոյեմբերին Սոչիի բնակիչ Եկատերինա Խարեբավային դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել 2008թ-ին դեպի Աբխազիայի կողմ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին նմանատիպ հաղորդագրություն ուղարկելու համար: