«Պողպատ»՝ «թավիշի» փոխարեն․ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նոր հեղափոխության մասին
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ Եվ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Երևանի գլխավոր հրապարակում ընտրողների հետ ամփոփիչ հանդիպում է անցկացրել։
Իր ելույթի ժամանակ կառավարության ղեկավարը հայտարարել է, որ «թավշյա» հեղափոխությանը, որն իր թիմին իշխանության է բերել, փոխարինելու է «պողպատե» հեղափոխությունը։ Այսպես է նա պատասխանել իր կողմնակիցներին, որոնք կարծում են, թե այս ընթացքում նա ոչ բավարար կոշտ պայքար է մղել «նախկինների» դեմ։
Ի սկզբանե հանրահավաքը պլանավորվում էր անցկացնել նույն վայրում, բայց հունիսի 18-ին։ Սակայն այն տեղափոխվեց հունիսի 17-ին։ Ինչպես հայտարարել է Փաշինյանը՝ հնարավոր բախումներից խուսափելու համար։ Բանն այն է, որ նույն հրապարակում հունիսի 18-ին պատրաստվում է հանրահավաք անցկացնել նաև այս ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր մրցակից «Հայաստան» դաշինքը, որը գլխավորում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվում են ճգնաժամի հաղթահարման համար, որը երկրում առաջացել է արցախյան երկրորդ պատերազմի ավարտից և հայկական կողմի պարտությունից հետո։ Ընտրություններին մասնակցում են մեծ քանակությամբ քաղաքական ուժեր՝ 21 կուսակցություն և 4 դաշինք։
- Հայաստանի քաղաքական ուժերի մեդիառեսուրսները․ ով ում «բարեկամն» է
- «Իրան տարել ա»․ Հայաստանի քաղաքներից մեկի ղեկավարը վարչապետին մեղադրել է անադեկվատ պահվածքի համար
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքից առաջ Երևանում հերթական սկանդալն է տեղի ունեցել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական պաստառները տեղադրվել էին Ազգային պատկերասրահի շենքի վրա՝ մայրաքաղաքի կենտրոնում, Հանրապետության հրապարակում, որտեղ պետք է անցկացվեր հանրահավաքը։ Իսկ նախօրեին նույն հրապարակում տեղակայված կառավարական շենքի վրա նույն թեմայով տեսապրոյեկցիա էր արվել։ Ընտրությունների վերահսկման կոմիտեն դա օրենքի խախտում է համարել։
Հանրահավաքի մանրամասները
Փաշինյանի և նրա կողմնակիցների բազմամարդ հանրահավաքը սկսվել է Հայաստանի հիմնով, այնուհետև՝ լռության րոպեով․ հավաքվածները հարգանքի տուրք են մատուցել արցախյան երկրորդ պատերազմի զոհերի հիշատակին։
Նիկոլ Փաշինյանն ամփոփիչ հանրահավաքին էր եկել իր ողջ ընտանիքի, այդ թվում՝ 6-ամյա կրտսեր դստեր հետ։
Իր ելույթի ժամանակ նա խոսել է այն հարցերի մասին, որոնք ամենաշատն են հուզում հասարակությանն ու որ ուղղություններով նրան ամենաշատն են քննադատում ընտրությունների մյուս մասնակիցները։
Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին։ Խոսքն Ադրբեջանի և դրա էքսկալվ Նախիջևանի միջև ցամաքային ճանապարհի մասին է․
«Հայաստանը չի քննարկել և չի քննարկելու որևէ միջանցքի ստեղծման մասին հարց։ Ամբողջությամբ բացառում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի կարգավիճակի որևէ փոփոխություն կոմունիկացիաների ապաարգելափակման շրջանակում»։
Փաշինյանն աբսուրդ է անվանել Թուրքիայի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարությունները Հայաստանի տարածքով միջանցքի տրամադրման մասին․
«Մենք մեր դիրքորոշումը շատ հստակ ենք հայտնել։ Տնտեսական կոմունիկացիաները տարածաշրջանում պետք է ապաարգելափակվեն։ Այս կոմունիկացիոն հնարավորությունները երկրները կստանան հավասար կերպով, ինչպես Մոսկվայում հունվարի 11-ին ընդունված հայտարարությունում է նշված։ Հայաստանը պատրաստ է կյանքի կոչել այդ հայտարարության կետերը»։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ կոմունիկացիաների ապաարգելափակման հեռանկարին խանգարում են Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները, ստանձնած պարտավորությունների չկատարումն ու հայ ռազմագերիներին չվերադարձնելը, որոնք արցախյան երկրորդ պատերազմից հետո դեռ Ադրբեջանում են։
Հանրահավաքի ավարտին Փաշինյանը հավաքվածներին խնդրել է ճաբապարհ բացել և իրեն հնարավորություն տալ գնալ Հանրային հեռուստատեսության եթերում նախընտրական դեբատներին մասնակցելու։ Օգտվելով առիթից՝ նա հրավիրել է մասնակցել դրանց իր մրցակիցներին, որոնք նախընտրական արշավի ողջ ընթացքում կոշտ քննադատության էին ենթարկում իշխող թիմին և անձամբ իրեն։
Սա քաղաքական դեբատներին մասնակցելու և արցախյան հարցը քննարկելու բոլոր քաղաքական մրցակիցներին Նիկոլ Փաշինյանի առաջին առաջարկը չէր։ Սակայն նրա բոլոր հիմնական մասնակիցները՝ Հայաստանի բոլոր նախկին նախագահները, մերժել են առաջարկը։
Ի՞նչ է խախտել Փաշինյանի կուսակցությունը
Ֆեյսբուքի հայկական տիրույթի օգտատերերին դուր չէր եկել, որ «Քաղաքացիական պայմանագրի» հսկայական քարոզչական պաստառները հայտնվել են Ազգային պատկերասրահի շենքի պատին։
Ընտրողների քննադատությունն այնքան կոշտ էր, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը պարզաբանմամբ էր հանդես եկել․
«Ի պատասխան հարցումների հայտնում ենք, որ այսօր Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական հանրահավաքը, որի շրջանակում բեմի հետնամասում կախվել են պաստառներ, որոնք հանրահավաքի ձևավորման մի մասն են կազմում»։
Սակայն այս պարզաբանումը չէր բավարարել Ընտրությունների վերահսկման կոմիտեին։ Այն հայտարարություն էր հրապարակել այն մասին, որ օրենքը թույլ է տալիս նման քարոզչական նյութեր օգտագործել՝ բացառապես քարոզչական միջոցառման ժամանակ, այլ ոչ թե դրանից 8-10 ժամ առաջ։ Կոմիտեն պահանջել էր վերացնել խախտումը։