Անվտանգության համակարգի բարեփոխում, ենթակառուցվածքների զարգացում, կրթության և գիտության արդիականացում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս երեք առաջնահերթությունների վրա է հենված 2022 թվականի բյուջեի նախագիծը։ Գործադիրի ղեկավարն այդ մասին հայտարարել է սեպտեմբերի 30-ին կայացած կառավարության նիստի ժամանակ։
«Հատկապես մեծ ուշադրություն ենք դարձնելու անվտանգության ապահովմանը, առանց որի հնարավոր չի լինի իրագործել երկարաժամկետ զարգացման նպատակները», — նշել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը կարևորել է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև ՀՀ շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը՝ ևս մեկ անգամ ընդգծելով Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար «խաղաղ զարգացման դարաշրջան» բացելու օրակարգի հետևողական իրագործման անհրաժեշտությունը։
Փաշինյանը խոսել է նաև տարածաշրջանի տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ու զարգացման մասին։ Նրա գնահատմամբ՝ սա կարող է որակապես փոխել Հայաստանի տնտեսության բովանդակությունն ու կառուցվածքը, ապահովել երկարաժամկետ տնտեսական աճ ու բարձրացնել երկրի գրավչությունն ուղղակի ներդրումների համար։
«Հնարավոր չէ մեկ բյուջեով լուծել պետության առջև ծառացած բոլոր հարցերը։ Մենք պետք է դուրս գանք ամեն ինչ անելու ու ոչինչ չանելու իներցիոն տեղապտույտից»։
2022թ․ գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը ներկայացնելուց հետո վարչապետը խոսքը փոխանցել է ֆինանսների նախարարին։
Նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2022 թ․-ին հարկեր-ՀՆԱ ցուցանիշը պետք է բարելավվի 0.9 %-ով`՝ մինչև տարեվերջ հասնելով ՀՆԱ-ի 23.4 %-ին։
«Դեֆիցիտը կկազմի ՀՆԱ–ի 3.2 %-ը, իսկ պետական պարտքը՝ 60.2 %` տարեվերջին»։
Հաջորդ տարի Հայաստանի ծախսերը կկազմեն 2 տրիլիոն 188.5 մլրդ դրամ։ Սա 2021թ․-ի ծախսերից ավելի է 18.2 %-ով։
Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ ավելացել են տնտեսական ու սոցիալական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղվող գումարները։ Դրանք 2022 թ․–ին կհավասարվեն ՀՆԱ-ի 4.4 %-ին։
Կառավարությունը շուրջ 350 մլրդ դրամի կապիտալ ծախսեր է նախատեսել։ Գումարն ուղղվելու է ոռոգման համակարգի արդիականացման, ջրամբարաշինության, դպրոցների, մանկապարտեզների կառուցման ու հիմնանորոգման, ինչպես նաև ճանապարհաշինական ծրագրերի։
2022 թ․-ի բյուջեի նախագիծն արժանացել է կառավարության հավանությանը։ Առաջիկայում այն կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը։