Պետականության գլխավոր ապացույցի մասին
Հարավային Օսիայի հեռուստաընկերությունը նշում է հիմնադրման 22 ամյակը: Հեռուստատեսությունը հեռարձակումը սկսել է 1994թ-ին:
Այն մասին, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել և ինչ է այսօր դարձել, JAM-news-ը զրուցել է տեղական հեռուստաընկերության ամենավարկանիշային հաղորդումներից մեկի հաղորդավար Թամեռլան Ձուցևի հետ:
JAMnews: Հիշո՞ւմ եք, ինչպես ամեն ինչ սկսվեց 1994-ին:
— Ես այն ժամանակ երկրում չէի, Մոսկվա էի մեկնել: Բայց գիտեմ, թե ինչ ազդեցություն դա ունեցավ: Սեփական հեռուստատեսություն: Շատերի համար դա ամենածանրակշիռ ապացույցն էր այն բանի, որ մենք դառնում ենք ինքնուրույն պետություն: Դիտում էին բոլորը:
JAMnews: Հեռարձակումն օսերե՞ն էր:
— Այո, բայց ռուսերենով հաղորդումներ էլ ունեինք:
JAMnews: Իսկ կադրեր ո՞րտեղից էիք վերցնում:
— Այդ ամենն արվում էր միայն էնտուզիազմի շնորհիվ: Ալան Ջիոևն ու Վալերի Խուբուլովն ինչ-որ տեղից սարքավորումներ էին գտնում: Սյուժեները երբեմն տանն էին անում, ծնկների վրա: Այդպես շարունակվում էր երկու տարի, քանի դեռ հեռուստատեսությունն անկախ էր: Հետո այն դարձավ պետական:
JAMnews: Ինչպիսի՞ն է Հարավային Օսիայի պետական հեռուստատեսության բովանդակությունը:
— Սեփական հեռարձակումը սկսվում է 15:00-ից: Մինչ այդ հեռարձակում ենք ռուսական ծրագրերը, հիմնականում՝ ֆիլմերը: Սակայն եթե ռուսական դաշնային ալիքներում Հարավային Օսիայի հետ կապված նորություն է հայտնվում, բնականաբար, դա առանձին պատմություն է:
JAMnews: Իշխանությունները հատուկ հետաքրքրվածություն ցուցաբերո՞ւմ են հեռուստաալիքի հանդեպ:
— Ես վարում եմ ուղիղ եթեր, որի հյուրերն են լինում հանրապետության ղեկավարները, կիրակնօրյա երեկոյան «Բարձրաձայն…» հաղորդումը, որի եթերում նույնպես պաշտոնյաներ են ելույթ ունենում, և խորհրդարանական ու նախագահական ընտրությունների նախաշեմին՝ հեռուստադեբատներ: Հետաքրքրվածություն, իհարկե, զգացվում է:
JAMnews: Իսկ ճնշո՞ւմ:
— Առանձնահատուկ ճնշում չի գործադրվում:
JAMnews: Այսինքն գործելու ազատությո՞ւն ունեք:
— Ստեղծագործ մոտեցումը ողջունվում է: Սակայն քաղաքական գիծը պետք է պահպանել, չէ՞ որ մենք պետական հեռուստատեսություն ենք: Չնայած Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովը պնդում է, որ նա ողջունում է քննադատությունը:
JAMnews: Հնարավո՞ր է հանրապետության տարածքում վրացական հեռուստատեսություն դիտել:
— Այո, հատկապես սահմանամերձ շրջաններում: Ես երբեմն նայում եմ, որքանով, որ ինձ թույլ է տալիս վրացերենս:
JAMnews: Ինպիսի՞ն է տպավորությունը:
— Պատկերի ու տեխնիկական հնարավորությունների առումով նրանք, իհարկե, մեզ գերազանցում են:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ.
Հրապարակվել է 17.03.2016