«Պարզապես միջա՞տ», թե՞ «ամենավտանգավոր վնասատու»
«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունն ասիական փայտոջիլի դեմ պայքարի շրջանակում հանդես է եկել երկրում արտակարգ դրություն հայտարարելու նախաձեռնությամբ: Այս մասին երկուշաբթի կայացած բրիֆինգին հայտարարել է կուսակցության առաջնորդներից մեկը, Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան:
Ասիական փայտոջիլը (Halyomorpha halys) միջատ է, որն առաջին անգամ Վրաստանում հայտնաբերվել է 2015թ-ին: Այն սնվում է բույսերով: Անցյալ տարի փայտոջիլն Արևմտյան Վրաստանում ոչնչացրել է պնդուկի բերքի մեծ մասը:
Եթե հաշվի առնենք, որ Վրաստանն այդ պնդուկն արտահանողների համաշխարհային առաջատար հնգյակում է, ապա փայտոջիլի հասցրած վնասը միլիոնավոր լարիի է հասնում: Պնդուկից բացի ասիական փայտոջիլը վնաս է հասցնում նաև այլ մշակաբույսերին, այդ թվում՝ եգիպտացորենին: Անցյալ տարի Ֆեյսբուքի վրացական հատվածը լի էր լուսանկարներով, որոնցով կարելի էր պատկերացում կազմել աղետի մասշտաբների մասին:
Գարնան հետ և դաշտային գյուղատնտեսական աշխատանքների վերսկսմանը զուգահեռ ասիական փայտոջիլի թեման կրկին արդիական է դարձել: Ընդդիմությունը կառավարությանը մեղադրում է անգործության համար և պահանջում արտակարգ միջոցներ ձեռնարկել: Այն պնդում է, որ իշխող «Վրացական երազանքը» նույնիսկ չի պատկերացնում խնդրի մասշտաբները: «Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Գիգի Ուգուլավան բրիֆինգին հայտարարել է, որ ասիական փայտոջիլի դեմ պայքարի, ընդարձակ տարածքների մշակման համար մարդկային ռեսուրս է հարկավոր, այդ պատճառով էլ անհրաժեշտ է արտակարգ դրություն մտցնել, ինչպես նաև պետական կառույցների և կամավորների մոբիլիզացիա հայտարարել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ներգրավել նաև բանակն ու անգամ հարևան երկրները:
«Ասիական փայտոջիլի գրոհի պատճառով պնդուկի արտահանումը կրճատվել է 151մլն լարիով: Փայտոջիլը ոչնչացնում է եգիպտացորենն ու այլ մշակաբույսերը: Արևմտյան Վրաստանում այդ խնդիրն արդեն համաճարակի բնույթ է կրում», — հայտարարել է Ուգուլավան:
Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանման նախարար Լևան Դավիթաշվիլին այլ կերպ է գնահատում իրավիճակը: Նրա խոսքով՝ սա այն հարցը չէ, որը պետք է խորհրդարանում գլխավոր թեմա դառնա, և կոչ է անում ընդդիմության չքաղաքականացնել իրավիճակը:
«Ասիական փայտոջիլը գյուղատնտեսական վնասատու է, դա սովորական միջատ է, և նրա հանդեպ նման մեծ ուշադրությունն այնքան էլ արդարացված չէ: Բնականաբար, դա մեզ համար լուրջ մարտահրավեր է, սակայն ոչ միակն ու ամենակարևորը», — հայտարարել է գյուղնախարարը: Նրա խոսքով՝ 2018թ-ը նախարարությունը դիմավորում է լիովին պատրաստված: «Անցկացվել են բոլոր նախապատրաստական աշխատանքները, որոնք անհրաժեշտ են մեր ֆիտոսանիտարական հնարավորությունների ուժեղացման համար: Մենք պատրաստ ենք փորձություններին», — հայտարարել է Դավիթաշվիլին:
• Ըստ Մթերքի ազգային գործակալության տեղեկատվության՝ վնասատուն 2016թ-ին 60 մլն լարիի վնաս է հասցրել, իսկ 2017թ-ին այն գերազանցել է 150 մլն լարին:
• Վրաստանը դեպի Եվրամիության երկրներ պնդուկի խոշոր արտահանողների հնգյակում է գտնվում, և Թուրքիայից հետո պնդուկի երկրորդ մատակարարն է եվրոպական շուկայում:
• Վրացական պնդուկի 90%-ն աճում է Արևմտյան Վրաստանում՝ Աբխազիայի հետ սահմանին գտնվող Սամեգրելոյում: 1990-ականների պատերազմներից մեծապես տուժած շրջանում պնդուկը թերևս բնակչության գլխավոր տնտեսական հենքն է: Այս իրավիճակը, սակայն, մոտ ապագայում կարող է փոխվել. անցյալ տարի պնդուկի բերքը Սամեգրելոյում 2016թ-ի բերքի հազիվ կեսն է եղել: