Պաշտոնական հանդիպումներ և ընթրիք ընդդիմադիրների հետ․ Եվրախորհրդի ներկայացուցչի այցն Ադրբեջան
Կիսվել
Կիսվել
Լուսանկարն՝ Իլգար Մամեդովի ֆեյսբուքյան էջից
Եվրամիության՝ Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցերով զեկուցող Թորհիլդուր Սուննան Բաքու է ժամանել՝ մարդու իրավունքների վիճակի մասին հաշվետվության համար նյութեր հավաքելու։
Սեպտեմբերի 5-7-ը պլանավորված էին նրա հանդիպումները պաշտոնատար անձանց և քաղհասարակության ներկայացուցիչների հետ։ Նա ուզում էր հանդիպել նաև որոշ քաղբանտարկյալների հետ։ Սակայն փաստացի հայտնի է միայն այն, որ Սուննան ընթրել է «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովի հետ։
Թորհիլդուր Սուննան իսլանդացի իրավաբան է, իրավապաշտպան և լրագրող։ Ներկայացնում է Իսլանդիայի Ծովահենների կուսակցությունը, որն ինտելեկտուալ սեփականության և հեղինակային իրավունքների ոլորտում օրենսդրության բարեփոխման կողմնակից է։
2018թ-ի հունիսին Թորհիլդուր Սուննան Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին հաշվետվության նախապատրաստման զեկուցող է նշանակվել, որը ներկայացվելու է ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հարցերով կոմիտեին։
2019թ-ի մարտին համաներման արդյունքում ազատ է արձակվել ադրբեջանցի 50 քաղբանտարկյալ։ Սակայն ապրիլին՝ Ստրասբուրգում կայացած լսումների ժամանակ, Թորհիլդուր Սուննան հայտարարել է, որ դա չի լուծել խնդիրը, բանտում է դեռ մոտ 70 մարդ, որոնք դատապարտվել են քաղաքական շարժառիթներով։
Ներումից հետո անցած երկուսուկես ամսվա ընթացքում Ադրբեջանում կալանավորվել է ևս մի քանի ընդդիմադիր գործիչ և ակտիվիստ, իսկ քաղբանտարկյալներից ոմանք բողոքել են կտտանքներից։
Թորհիլդուր Սուննան պատրաստվում էր Ադրբեջան այցելել այս տարվա հունիսին։ Սակայն այն ժամանակ իշխանությունները հրաժավեցին ընդունել նրան՝ դա փաստարկելով, թե հունիսի 4-5-ին երկրում նշվում է Ռամազան տոնը, և այդ օրերը ոչ աշխատանքային են։ Այդ պատճառով էլ այցը հետաձգվեց մինչև սեպտեմբեր։
Հանդիպումն Իլգար Մամեդովի հետ
Թորհիլդուր Սուննայի հետ իր հանդիպման մասին Իլգար Մամեդովը պատմել էֆեյսբուքյան իր էջում․
«Մենք մանրամասն զրուցել են։ Կարծում եմ, քիչ հավանական է, որ քաղբանտարկյալներն ազատ արձակվեն մինչև հաջորդ հունվար, սակայն այս տարվա փորձը ցույց է տալիս, որ որոշակի զարգացումներ այդ ուղղությամբ հնարավոր են, և մենք պետք է ավելիին ձգտենք։ Քաղբանտարկյալների թիվը պետք է զրոյի հասցվի։ Բացի այդ, պետք է ամբողջությամբ կատարվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, իսկ դրա համար պետք է գործարկվի քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ներուժը և կատարվեն միջազգային կազմակերպությունների հրահանգները»։
«Հաջորդ հունվարի» մասին խոսելիս Իլգար Մամեդովը ենթադրում է ԵԽԽՎ նստաշրջանը։ Դրա ընթացքում Թորհիլդուր Սուննան հաշվետվություն կներկայացնի իր ներկայիս այցի մասին և կխոսի այն եզրահանգումների մասին, որոնք արել է։