Պայթյուն Երևանի բնակարաններից մեկում. տարհանվել է 14 հոգի
Կիսվել
Կիսվել
Լուսանկարները՝ Sputnik Armenia-ի
Այսօր բնակարան է պայթել Երևանի կենտրոնական փողոցներից մեկում: Վրացական փողոցի վրա գտնվող բազմաբնակարան շենքի առաջին հարկում վաղ առավոտյան տեղի է ունեցել պայթյուն, որի արդյունքում փլուզվել են բնակարանի միջնապատերը, պատշգամբը:
Վնասվել են նաև հարևան բնակարանների պատուհանները: Զոհեր և տուժածներ չկան:
Բնակարանում, որտեղ պայթյուն է եղել, hարևանների խոսքով, որևէ մեկը չի բնակվում: Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ արտաքին պատերը դուրս են թռել ու վնասել նաև բակում կայանած մեքենաները:
«Ես տնիցս հազիվ եմ դուրս եկել: Մեկ հարկ վերև եմ ապրում, բայց պայթյունից իմ դրսի դռան երկաթե դուռը ծռվել էր: Ալիքն այնքան ուժեղ է եղել, որ ծռել է դռները, պոկել տարել է պատուհանները: Մեզ թվում էր, թե պատերազմ է, սկզբում չհասկացանք, ինչ է եղել»,- պատմեց բնակիչներից մեկը:
Նախնական տեղեկություններով՝ բնակարանում գազի արտահոսք է եղել: Տեղայնքը զննած մասնագետներն ասել են. բնակարաններում տեղակայված սարքը, որը ազդանշան է տալիս գազի արտահոսքի դեպքում և ավտոմատ կերպով արգելափակում է գազի արտահոսքը, միացված չի եղել: Եթե այն միացված լիներ, ապա պայթյուն, ամենայն հավանականությամբ, չէր լինի:
Քաղաքային իշխանությունները նշել են, որ սա նախնական վարած է, պայթյունի իրական պատճառը դեռևս չեն կարող նշել: Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանն ասել է, որ իրենք զբաղվում են բնակիչներին հուզող հարցերով, շենքի փլուզված հատվածների վերականգնումով:
Բնակիչներն էլ նշել են, որ իրենց համար այս պահին առավել կարևոր է փլուզված բնակարանի վերականգնման աշխատանքը: Այն գտնվում է առաջին հարկում, և հենց այդտեղ են գտնվում շենքի հիմնասյուները: Այդ կապակցությամբ բնակիչներն անհանգիստ են, որ այս բնակարանը չվերականգնելու դեպքում այն կարող է վերջնականապես փլուզվել՝ իր հետ տանելով հարակից բնակարանները:
Քանի որ շենքի բնակիչների անվտանգությունը պայթունից հետո քաղաքային իշխանությոնները երաշխավորված չեն համարել, նրանց տարհանել են: Երևանի քաղաքապետի տեղակալն ասել է.
«Եթե մարդկանց կյանքին վտանգ է սպառնալու, անթույլատրելի է այստեղ ապրելը, ուրեմն պետք է փորձենք կարգավորել ժամանակավոր կեցության հարցը՝ բարեկամների մոտ, եթե չունեն դրա հնարավորությունը, մենք վարչական շրջանի աշխատակիցների հետ մի բան կկազմակերպենք»: