Չստացված զբոսաշրջային սեզոն Թուրքիայում
Թուրքական զբոսաշրջության եկամուտը զգալիորեն կրճատվել է: Զբոսաշրջային հոսքը կրճատվել է 40 տոկոսով, ինչը վերջին 22 տարվա ամենացածր ցուցանիշն է: Միաժամանակ զբոսաշրջիկների թիվն ու եկամուտը կրճատվել է: Այդ մասին տեղեկատվությունը հրապարակել է թուրքական Hurriyet Daily News պարբերականը:
Այդ տվյալների համաձայն՝ ի տարբերություն նախորդ տարիների թուրքական հանգստավայրերը գրեթե դատարկ են: Իսկ պետական հեղաշրջման փորձից հետո զբոսաշրջիկների մի մասը չեղարկել է հյուրանոցային համարների ամրագրումը:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալներով՝ 2015թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա երկրորդ եռամսյակի մուտքերն արդեն կրճատվել են 35,6 տոկոսով՝ կազմելով 5 մլրդ դոլար: 2016թ-ի առաջին եռամսյակում այդ մուտքերը կազմել են 9 մլրդ դոլար այն պարագայում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 12,3 մլրդ դոլար:
Որպես ճգնաժամի պատճառ են նշվում Ռուսաստանի հետ վատ հարաբերությունները, Թուրքիայում տեղի ունեցած մի շարք պայթյուններն, ինչպես նաև պետական հեղաշրջման փորձը:
Ռուս զբոսաշրջիկների թիվն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արդեն կրճատվել է 87%-ով: Չնայած որ երկու երկրների միջև հարաբերությունները վերականգնվում են, թուրք վերլուծաբանների կարծիքով, դա չի անդրադառնա այս հանգստյան սեզոնի ֆինանսական մուտքերի վրա: Ինչպես ասում են տնտեսագետները, զբոսաշրջային ոլորտում կորուստներն այս տարի կկազմեն 5 մլրդ դոլար, ինչը ընդհանուր ՀՆԱ-ն կկրճատի 0,5 տոկոսով:
BCG Partners թուրքական ընկերության տնտեսագետ Օզգուր Ալթուգը հայտարարել է, որ իրավիճակը շտկելն արդեն ուշ է: “Իրադարձությունների այս զարգացումը միայն ամրապնդում է ապագա սեզոնի հանդեպ հույսերը: Իսկ հիմա մենք սպասում ենք զբոսաշրջության ոլորտում եկամտի 27% անկում, — ասել է նա:
Ռուսական գործոնից զատ թուրքական զբոսաշրջության վրա բացասաբար, թեկուզև ոչ այդքան զգալի, ազդեց ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին որոշումը (բրեքսիթ): Thomas Cook բրիտանական զբոսաշրջային ընկերությունը դադարեցրել է դեպի Թուրքիա տուրերի վաճառքը սկզբից բրեքսիթի պատճառով, հետո արդեն՝ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի: Այդ երկրում վերջին իրադարձությունների և լարվածության պատճառով զգալիորեն բարդացել է այնպիսի հայտնի ընկերությունների աշխատանքն, ինչպիսիք են Thomas Cook-ը, TUI-ն, EasyJet-ը, Air France-KLM-ը, Lufthansa-ն:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրա-տնտեսական հարաբերությունները վերականգնված են
Ռուս-թուրքական հարաբերություններում լարվածություն առաջացավ այն բանից հետո, երբ 2015թ-ի նոյեմբերի 24-ին Թուրքիան խոցեց ռուսական ռազմական ինքնաթիռը: Ռուսաստանն ի պատասխան մի շարք առևտրատնտեսական պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի դեմ: 2016թ-ի հունիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն հայտնեց զոհված օդաչուի ընտանիքին: Դրանից հետո երկկողմանի հարաբերություններում սկսեց ջերմություն նկատվել: Հուլիսին Ռուսաստանը հանեց Թուրքիայի հանդեպ կիրառած պատժամիջոցները:
- Մոսկվան չեղարկեց Թուրքիայի քաղաքացիների հանդեպ կիրառած արգելքներն, ում Ռուսաստանում աշխատելու իրավունքները լրջորեն սահմանափակվել էին: Ռուսական ընկերությունները մասնավորապես իրավունք չունեին նրանց աշխատանքի ընդունելու:
- Չեղարկվել են Ռուսաստանում աշխատող թուրքական շինարարական ընկերությունների հանդեպ կիրառված արգելքները: Նրանք իրավունք չունեին նոր նախագծեր սկսելու:
- Վերականգնվել են Ռուսաստանից Թուրքիա ավիաթռիչքները: Առաջին ռուսական չվերթն իրականացվել է դեպի Անթալիա հուլիսի 9-ին:
- Հանվել է նաև թուրքական արտադրանքի վրա դրված էմբարգոն: Հուլիսի 1-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը փաստաթուղթ ստորագրեց, որի համաձայն թուրքական արտադրանքի հանդեպ էմբարգոն ամբողջությանմբ պետք է չեղարկվի 2017թ-ի վերջին:
- Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչները հունիսի 30-ին հայտարարեցին Սև ծովի հատակով ռուս-թուրքական գազատարի կառուցման նախագծի շուրջ աշխատանքների վերականգնման մասին:
Հրապարակվել է 04.08.2016