Ուկրաինան Վրաստանի պես շուտով կարող է Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմ ստանալ
Կիսվել
Կիսվել
ԵՄ անդամ երկրների, Եվրախորհրդարանի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների խորհրդատվություններին փետրվարի 28-ին համաձայնություն է ձեռքբերվել Ուկրաինայի քաղաքացիների համար վիզայի ազատականացման ընթացակարգի գործարկման վերաբերյալ:
Այդ մասին հաղորդում է ԵՄ-ում Մալթայի նախագահությունը, որի ներկայացուցիչը մասնակցել է հանդիպմանը:
Արդեն հինգշաբթի՝ մարտի 2-ին, Ուկրաինայի համար վիզաների չեղարկման հարցը մտցված է ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների (COREPER)Բրյուսելում կայանալիք հանդիպման օրակարգ:
Դրանից հետո այն պետք է հաստատի Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների կոմիտեն, այնուհետև այն քվեարկության կդրվի խորհրդարանում, և, վերջապես, փաստաթուղթը Եվրախորհրդի պաշտոնական հաստատումը կստանա:
Ուկրաինայի և ԵՄ միջև բանակցություններն առանց վիզայի ռեժիմի շուրջ ընթանում են 2008թ-ից:
Հիշեցնենք, որ Եվրախորհուրդը փետրվարի 27-ին վերջնականապես հաստատել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի ներդրումը: Վիզայի ազատականացման մասին համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա ասյօր՝ մարտի 1-ին, Բրյուսելում, եվրոպական ժամով ժամը 14:00-ին:
Վրաստանի, իսկ ավելի ուշ նաև Ուկրաինայի քաղաքացիները կկարողանան Եվրամիության երկրներ (բացառությամբ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի) մեկնել իրենց կենսաչափական անձնագրերով և այնտեղ գտնվել 90 օր 180-օրյա ժամանակահատվածում: Առանց վիզայի ռեժիմը ԵՄ-ում աշխատելու իրավունք չի տա: