«Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանը» կներկայացնի ՌԴ շահերը»․ կարծիք
«Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ՀՀ ընտրություններին
2026 թվականի հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է նաև կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի ուժը։ «Մեր ձևով» շարժումն այդ մասին հայտնել էր դեռևս ամիսներ առաջ։ Արդեն նաև կուսակցություն են գրանցել, որը կոչվում է «Ուժեղ Հայաստան»։
Թե ով է լինելու կուսակցության վարչապետի թեկնածուն՝ պաշտոնապես կհաղորդվի փետրվարի 12-ին՝ կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ։ Մինչ այդ, սակայն, քաղաքական ուժին մոտ կանգնած աղբյուրներն «Ազատությանը» հայտնել են՝ թեկնածուն լինելու է Կարապետյանի եղբորորդին՝ 35-ամյա Նարեկ Կարապետյանը, ով համակարգում էր նաև «Մեր ձևով» շարժման աշխատանքները։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի գնահատմամբ՝ «Ուժեղ Հայաստան»-ը հենվում է ռուսական կողմնորոշում ունեցող դերակատարների և նրանց ընտրազանգվածի վրա։
Կարծում է՝ ամենայն հավանականությամբ, հենց Կարապետյանների հիմնադրած ուժն է լինելու նոր խորհրդարանի գլխավոր ինստիտուցիոնալ ընդդիմությունը։ Ըստ նրա՝ այն ԱԺ-ում ներկայացնելու է Ռուսաստանի շահերը՝ այնպես, ինչպես 2021-2026 թթ․-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը։
«Գուցե իմաստ ունի արդեն իսկ այսօր կուսակցության անվանումը համապատասխանեցնել գաղափարախոսությանը՝ պետական ռեգիստրի ծառայությունում փոփոխելով որպես «Ուժեղ Ռուսահայաստան»։ Այսպես գոնե ավելի ազնիվ կլինի»,- գրել է քաղաքագետը «Հայկական խորհրդի» կայքում հրապարակված հոդվածում։
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը, որը Հայաստանում կալանքի տակ է իշխանազավթման կոչ հնչեցնելու համար, քաղաքական նոր ուժի ձևավորման գործընթաց մեկնարկելու մասին հայտարարել էր դեռևս 2025 թվականի հուլիսին։ Իշխող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», նշել էր՝ «նոր ուժի» ստեղծումն իրենց չի վախեցնում, պարզապես մտահոգված են, որ «Ռուսաստանի քաղաքացին փորձում է խառնվել ՀՀ-ի ներքաղաքական կյանքին»։
Կարապետյանն ի սկզբանե չէր բացառել համախոհների հետ ներքաղաքական համագործակցությունը։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ»-ից հայտարարել էին՝ սատարում և համախոհ են համարում Սամվել Կարապետյանին։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը նույնպես ողջունել էր գործարարի քաղաքական հայտը։
Նախօրեին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նշել է՝ կա խոշոր նախընտրական դաշինքներ ձևավորելու հնարավորություն։ Քաղաքական ուժերի անուններ, սակայն, չի հնչեցրել։ Ըստ Քոչարյանի՝ հնարավոր կոալիցիայի դեպքում պետք է միասնական թեկնածու լինի այն ուժի ներկայացուցիչը, որն ավելի շատ ձայներ կհավաքի։
«Մեր ձևով» շարժման («Ուժեղ Հայաստան» կուսակցություն) համակարգող Նարեկ Կարապետյանն ավելի վաղ հայտարարել է՝ դեմ են, որ երկիրը ղեկավարի ՀՀ նախկին առաջնորդներից որևէ մեկը և հավելել՝ նոր ղեկավար է պետք «պառակտված հանրությանը համախմբելու» համար։
- «Մոսկվան փորձում է ՀՀ-ում «Իվանիշվիլի-2» գործողություն իրականացնել»․ հայ քաղաքագետ
- «Փաշինյանը վերարտադրվելու շանսեր չունի, ակտիվ մասնակցելու ենք ընտրություններին»․ Քոչարյան
- «Ոչ ոք չի կարող սպառնալ ՀՀ-ին»․ Փաշինյանը՝ ռուսաստանաբնակ հայ գործարարին
«Երկրի հիմնական խնդիրը տնտեսությունն է»․ Նարեկ Կարապետյան
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն օրերս ներկայացրել է Հայաստանի զարգացման վերաբերյալ իր տեսլականը՝ ընդհանուր գծերով։
«Այսօր մենք տեսնում ենք, որ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ մենք պետք է ունենանք տնտեսագետ ղեկավարներ, որովհետև մեր երկրի հիմնական խնդիրը տնտեսությունն է»:
Մասնագիտությամբ տնտեսագետ Կարապետյանը, սակայն, հրապարակային ելույթներում և հարցազրույցներում չի անդրադառնում երկրի ներքին և արտաքին քաղաքական հարցերին։
Խոսելով Ռուսաստանի հովանու ներքո գործող ՀԱՊԿ ռազմական դաշինքի մասին՝ նա նշել է, որ իշխանության գալու դեպքում այնպես կբանակցեն, որ «անդամ երկրները ճնշեն Ադրբեջանին դուրս գալ Հայաստանի օկուպացված տարածքներից»։
«Ուժեղ ղեկավարը կհասնի նրան, որ կգործադրեն [ճնշում]: Եթե չգործադրեն, հարցը հայկական հասարակությունում միշտ բաց է մնալու, իսկ հայկական քաղաքական միտքը հետևում է հայ հասարակության կարծիքին», — ասել է նա։
Նարեկ Կարապետյանը նկատել է՝ նախընտրական փուլում չեն համագործակցի երկրորդ և երրորդ նախագահների թիմերի հետ, հետընտրական փուլի մասին չի արտահայտվել։
Նրա խոսքով՝ պատրաստ են համագործակցել պրոֆեսիոնալների հետ, որոնք ունեն «մաքուր ձեռքեր»։
Մինչ այս քաղաքականությամբ է զբաղվել միայն Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք նա զբաղեցրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, եղել է նաև պատգամավոր «Հանրապետական» կուսակցությունից։
Փորձագիտական կարծիք
«Հայկական խորհրդի» փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ 2026 թ․-ի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացնում բազմաթիվ քաղաքական ուժեր, որոշները՝ բացառապես քաղաքական դաշտ մուտք գործելու կամ խորհրդարանում նվազագույն մասնակցությամբ հայտնվելու նպատակով։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ իշխող ուժից բացի կա ևս մեկ ուժ, որը փորձելու է «մրցակցություն առաջարկել»։ Դա «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն է․
«Այս ուժը ներկայումս հենվում է ռուսական կողմնորոշում ունեցող դերակատարների և նրանց ընտրազանգվածի վրա։ Եթե 2021 թ․-ին նշված դերակատարների և ընտրողների հույսը «Հայաստան» [Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած] դաշինքն էր, այս անգամ նրանց ճնշող մեծամասնությունը, որպես իշխանությունների քաղաքականությանը ռուսական շահերին համահունչ այլընտրանք, տեսնում է հայկական արմատներով ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանին»։
Իր հոդվածում փորձագետը հիշեցրել է՝ Սամվել Կարապետյանը չի կարող մասնակցել ընտրություններին, չի բավարարում Հայաստանում մշտապես բնակվելու պայմանին։
Ղևոնդյանը կարծում է՝ նորաստեղծ քաղաքական ուժն առաջարկում է կառավարում, որը նման կլինի Վրաստանում Բիձինա Իվանիշվիլիի կողմից իրականացվող ստվերային կառավարմանը․
«Թեև սա ՀՀ Սահմանադրության խախտում կլինի, բայց այս փաստը տվյալ դիրքերից հանդես եկող քաղաքական գործիչներին կարծես այնքան էլ չի մտահոգում»,- նկատել է նա։
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան»-ի գաղափարախոսությանը՝ փորձագետը նշել է՝ առաջարկվում է ներքին դաշտում Ռուսաստանի կամ ռուսական կապիտալի միջոցով տնտեսական նոր նախագծերի իրականացում, իսկ արտաքին դաշտում՝ հարաբերությունների վերբեռնում ՌԴ հետ․
«Սա կարելի է այլ խոսքերով անվանել «վերադարձ Ռուսաստանի գիրկը»։ Զարմանալի չէ այս մոտեցումը, քանի որ հայ հասարակության մի փոքր հատված նման ցանկություններ է ներկայացնում, իսկ այս ուժի ներկայացուցիչները փորձում են ստանալ նրանց ձայները»։
Ըստ նրա՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ակնկալում են նաև ստանալ Ռուսաստանի որոշ շրջանակների աջակցությունը՝ ռեսուրսների տեսքով։
Ռոբերտ Ղևոնդյանի փոխանցմամբ՝ կուսակցության՝ 300․000 նոր աշխատատեղերի ստեղծման առաջարկից պարզ չէ՝ ինչ մոդելով են դրանք ստեղծվելու։
«Առաջին հայացքից առաջարկը շատ նման է «պլանային տնտեսության» մոդելին, ինչը ժամանակին բերեց ԽՍՀՄ փլուզմանը։ Իսկ եթե խոսքը ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում ներդրումների ներգրավման մասին է, ապա ներկայումս Հայաստանը առաջ է շարժվում հենց այդ մոդելով, իսկ 2018-2025 թթ․ այս կերպ արդեն աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 275․000-ով»,- արձանագրել է նա։
Եզրակացրել է՝ առաջարկը ներդրվող կապիտալը ռուսականով «փոխարինելու» մասին է, ինչը քաղաքագետին խիստ անհավանական է թվում՝ ելնելով Ռուսաստանի ներկայիս իրավիճակից։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
«Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ՀՀ ընտրություններին