Բիզնեսի առանձնահատկությունները Հայաստանում․ ո՞ր ոլորտներում արժե ներդրումներ անել
Ո՞ր ոլորտներում ներդրումներ անել ՀՀ-ում
Փորձաագետները ներդրումային տեսանկյունից Հայաստանը գրավիչ երկիր են համարում: Բացատրում են՝ շուկան փոքր է, սակայն սպառողական պահանջարկը մեծ է, առկա են ինչպես ավանդական, այնպես էլ նոր զարգացող արտահանման շուկաներ։ Կարևոր են համարում և այն, որ ամբողջ տարվա ընթացքում ՀՀ են ընդունում է զբոսաշրջային հոսքեր: Իսկ դա հավելյալ հնարավորություններ է ստեղծում ծառայություններ մատուցող ընկերությունների համար։
Տնտեսագետների խոսքով՝ ներդրումների համար տարբեր շահավետ ոլորտներ կան։ Բայց հաջողությունը պայմանավորված է ոչ այնքան կոնկրետ ոլորտով, որքան բիզնես մոտեցումների և կառավարման արդյունավետությամբ, նաև ներդրվող նորարարություններով:
Թե՛ օտարերկրյա, թե՛ տեղացի ներդրողներին փորձագետները խորհուրդ են տալիս բիզնեսը սկսելուց առաջ մի քանի պարտադիր քայլ իրականացնել։ Մասնվորապես՝ նախապես ծանոթանալ
- ոլորտներին և դրանց ներուժին,
- հարկային և մաքսային արտոնություններին,
- աշխատուժի հնարավորություններին,
- օրենսդրական կարգավորումներին,
- կոմունիկացիաներին,
- մարդկանց սպառողական վարքագծին:
Բիզնես աշխարհում ընդունված է ներդրում անել այն դեպքում, երբ կա դետալային վերլուծություն, մանրամասն գնահատված են մարտահրավերները: Սա լուրջ բիզնես ներդրումների մասին է։ Սակայն գաղտնիք չէ, որ լինում են դեպքեր, երբ ներդրումն արվում է անձնական, սուբյեկտիվ կանխատեսման հիման վրա և հաջողության է հասնում նվիրման և տարբերվող մոտեցման արդյունքում:
Հայաստանի ներդրումային հնարավորությունների մասին՝ իրական պատմություններով և մասնագիտական գնահատականներով:
- «Թրամփի ուղին» ներդրումային նոր հնարավորություններ կբացի»․ հայ տնտեսագետ
- «Հայ-իրանական կապերը չեն լինի սակարկման առարկա»․ «Թրամփի ուղին» ու Թեհրանի դիրքորոշումը
- ՀՀ-ում Եվրամիության ներդրումները կհասցվեն 2.5 միլիարդ եվրոյի․ եռակողմ հանդիպում Բրյուսելում
Ֆրանսիայից Հայաստան հետ վերադարձած ընտանիքի բիզնես պատմությունը
Լառա և Վաչագան Առաքելյանները մեկնել են Ֆրանսիա սովորելու։ Ընդհանուր առմամբ, բնակվել այդ երկրում տասներկու տարի: Սոցիալական և ֆինանսական խնդիրներ չեն ունեցել։ Սակայն 2023թ-ին Հայաստան հերթական այցից հետո հասկացել են, որ ուզում են սեփական բիզնեսով վաստակել և վարձու աշխատանքից հրաժարվել:
«Մենք մոտ երկու ամիս ամուսնուս հետ ուսումնասիրում էինք շուկան, հարցուփորձ անում բարեկամների շրջանում, հաշվարկում։ Հասկացանք, որ մեծ էներգիա ենք ծախսում դրա վրա: Հայաստանը ներդրումների տեսանկյունից բարդ երկիր է: Եթե փորձես վիճակագրական թվերի հիման վրա բիզնես վերլուծության անել, հնարավոր է այդպես էլ բիզնես չսկսես: Վիճակագրությունն ու իրականությունը մի փոքր տարբեր են»,- ասում է Լառան։
Ապա սկսել են քննարկել, թե ինչն է իրենց մոտ լավ ստացվում, իրենց անձնական ուժեղ և թույլ կողմերը, որ ոլորտներում են բացեր տեսնում։
Բազմաթիվ տարբերակներ քննարկելուց հետո կանգ են առել մաքրության ծառայության մատուցման վրա:
Լառայի խոսքով՝ հաշվի են առել, որ Հայաստանում աշխատող կանայք կենցաղում օգնության կարիք ունեն, եղած ծառայություններն էլ կա՛մ քիչ են, կա՛մ ոչ այդքան որակյալ․
«Մեզ մոտ մարդկանց հետ աշխատանքը լավ է ստացվում։ Հասկանում ենք, ըմբռնում իրավիճակները և կարողանում ամենաճգնաժամային պահերին ադեկվատ արձագանք տալ և խնդիրը կարգավորել: Գնել ենք լավագույն տեխնիկան, խնամքով ընտրել մեր աշխատակիցներին, վարորդին, հաշվապահին»:
Որպեսզի հնարավոր լինի լավագույն որակն ապահովել, մաքրուհիներին սովորեցրել են ինչպես աշխատել նյութերի և մաքրող տեխնիկայի հետ։ Պատվիրատուների հետ հաղորդկացության խնդիրներից խուսափելու համար, ընտրել են աշխատակիցերի, որոնք բացի մայրենիից վարժ խոսում են անգլերեն և ռուսերեն:
Մեկուկես տարվա ընթացքում ստեղծել են 24 հոգանոց թիմ։ Այժմ մտադիր են ընդլայնել ծառայությունների ցանկը։
«Այնպես չէ, որ Հայաստանում չկան մաքրության ծառայություններ։ Պարզապես մեր մոտեցումն է այլ։ Արագ ենք արձագանքում հաճախորդին, շատ բարեհամբյուր ենք, լավ հարաբերություններ կառուցող։ Մարդիկ վերադառնում են մեզ մոտ, այլ մարդկանց խորհուրդ են տալիս օգտվել մեր ծառայությունից։ Ուրեմն՝ գոհ են։ Միայն լավ մաքրությունը բավարար չէ, պետք է նաև բարեհամբույր վերաբերմունք: Մարդիկ կարիք ունեն լավ վերաբերմունքի, լավ միջավայրի, լավ պրոդուկտի: Ու պատրաստ են նաև դրա համար լավ վճարել»,- ասում է Լառան։
Ինչ պետք է իմանան օտարերկյա ներդրողները
Տեղացիները քիչ թե շատ պատկերացում ունեն՝ ինչ միջավայրում և ինչ պայմաններում են բիզնես սկսում: Խնդիրը բարդ է օտարերկրյա ներդրողների համար, հատկապես այն դեպքում, երբ շուկան ուսումնասիրելու և վերլուծելու համար բավարար միջոցներ չունեն:
Պետությունը օտարերկրյա ներդրողներին տրամադրում է պաշտպանության բարձր չափանիշներ և երաշխիքներ: Մասնավորապես՝ օտարերկրյա ներդրումները Հայաստանում պաշտպանված են օտարումից և ազգայնացումից՝ նման դեպքերում ապահովելով ամբողջական փոխհատուցում։
Ներդրողներին հասանելի են վեճերի կարգավորման ազգային և միջազգային մեխանիզմները։ Ներդրումները պաշտպանված են երկկողմ և բազմակողմ միջազգային ներդրումային համաձայնագրերով:
Հայաստանը հանդիսանում է նաև մի շարք միջազգային ներդրումային պայմանագրերի մասնակից կողմ, ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի անդամ է։ Երկիրը նաև ստորագրել է Նյու Յորքի Արբիտրաժային որոշումների ճանաչման մասին կոնվենցիան։
Հայաստանի ներդրումային գրավչությունն ըստ բիզնես խորհրդատուի
Արշավիր Մաթևոսյանը բիզնես խորհրդատու է։ Հիմնականում կենտրոնացած է միջազգային ներդրումների ներգրավմամբ:
Ըստ նրա՝ չնայած Հայաստանի տարածաշրջանային, քաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներին, բիզնես տեսանկյունից երկիրն ունի մի քանի հետաքրքիր ոլորտներ, որտեղ չհաջողելու ռիսկերը փոքր են:
Առանձնացնում է տեխնոլոգիաների ոլորտը: Շեշտում է՝ այն արագ է զարգանում, մարդկային ռեսուրսների տեսանկյունից մրցունակ է, գործում է հարկային տարբեր արտոնություններով․
«Փորձեմ ուշադրություն հրավիրել մի քանի ուղղությունների վրա, որտեղ կարելի է բիզնես նախագծեր իրականացնել․ ծրագրային ապահովում, սարքավորումների ավտոմատացում, բլոկչեյն [տեղեկատվության գրանցման համակարգ, որը դժվար կամ անհնարին է դարձնում այն փոխելը, կոտրելը], անվտանգային համակարգերի ստեղծում, տվյալների մշակում և վերլուծություն: Այս ոլորտը առաջիկա տարիներին մեծ զարգացում կունենա, որովհետև այն ունի նաև պետության հովանավորչությունը»:
Մաթևոսյանի խոսքով՝ տեխնոլոգիական ոլորտի զարգացման և հետագա ներդրումների ներգրավման համար մեծ ազդակ է NVIDIA-ի, Firebird-ի և Team Group-ի համագործակցությամբ կառուցվող 500 միլիոն դոլար արժողությամբ արհեստական բանականության գործարանը:
Հաջորդ ոլորտը, որտեղ կարելի է խաղադրույք կատարել, առողջապահությունն է համարում, մասնավորապես՝ էսթետիկ ծառայությունների մատուցումը:
Խորհրդատուն ասում է՝ երկիրն այստեղ մեծ պոտենցյալ ունի, որը դեռևս բացահայտված չէ․
«Անցած մի քանի տարիներին ռուս զբոսաշրջիկների մի մասը երկիր է այցելել մարմնի տարբեր մասերի էսթետիկ շտկումների նպատակով: Խնդիրը միայն այն է, որ տեղի բժշկական կենտրոնները, մասնագետները միջազգային չափորոշիչներին համապատասխանելու կարիք ունեն: Մի քանի նախագիծ, որին ինքս մասնակից եմ եղել, կյանքի չի կոչվել հենց միջազգային սերտիֆիկացման պատճառով»:
Էսթետիկ առողջության տուրիզմը, ըստ Մաթևոսյանի՝ կարող է առաջիկա տարիներին մեծ զարգացում ունենալ, եթե իրականացվեն մարքեթինգային արշավներ, որոնք ճանաչելի կդարձնեն Հայաստանն այս տեսանկյունից.
«Ոլորտում մրցակցային առավելություն Հայաստանը կարող է ունենալ իր գնային առաջարկներով։ Նույն վիրահատություններն ու միջամտություններն այլ երկրներում մի քանի անգամ ավելի արժեն»:
Գրավիչ է համարում նաև գյուղատնտեսության ոլորտը։ Այս ուղղությամբ մասնագետը կարևորում է ոչ ավանդական լուծումների կիրառումը․
«Թեև մենք արտահանման խնդիրներ ունենք, սակայն արտահանվող գյուղատնտեսության ճյուղը պետք չէ թերագնահատել: Պետք է օգտագործենք մեր կլիման և հողային հնարավորությունները: Եվ անպայման պետք է աճեցնենք այնպիսի մշակաբույսեր, որոնք տարբեր երկրների՝ Վրաստանի, Ռուսաստանի, Չինաստանի և այլ շուկաներում պահանջված կլինեն: Դրա լավ օրինակը ծնեբեկն է: Ես ուշադրություն կհրավիրեի նաև շուշանբաջարի վրա»:
Ասում է՝ գյուղատնտեսության ոլորտում նորարարությունը պարտադիր պայման է։ Համոզված է, որ տարածված մշակաբույսերով և աճեցման ավանդույթներով հաջող բիզնես հնարավոր չէ հիմնել:
Մաթևոսյանը խորհուրդ է տալիս բիզնես հետաքրքրությունների նպատակով ուսումնասիրել նաև ոսկերչության և ադամանդագործության, խոշոր եղջերավոր անասունների բուծման, այլընտրանքային կրթության և Էքստրեմալ ժամանցի ոլորտները:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ո՞ր ոլորտներում ներդրումներ անել ՀՀ-ում