Հայաստանի Արարատի մարզում հազարից ավելի ապահովված ընտանիքներ պետությունից սոցիալական նպաստ են ստացել։ Այդ պատճառով իրապես կարիքավոր մարդիկ առանց պետական ֆինանսավորման են մնացել։ Այս մասին հաղորդել է Արարատի մարզպետը փետրվարի 26–ին։
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտարարել է, որ 1027 ընտանիք արդեն զրկվել է սոցիալական նպաստից, քանի որ պետական աջակցության կարիք բացարձակ չի ունեցել։ Այդ փողով Արարատի իշխանությունները խոշոր եղջերավոր անասուն են գնել և փոխանցել 60 անապահով ընտանիքների։
«Մենք ստուգել ենք նպաստ ստացողների ցուցակները։ Բացառվել են նրանք, ովքեր, կարծես թե փաստաթղթերի հետ կապված խնդիր չունեն, սակայն իրականում ունեն խանութներ, տներ, ավտոմեքենաներ։ Պարզապես գույքն այլ անձանց անունով է ձևակերպված», – ասել է մարզպետը։
Արդյունքում՝ այդ խախտումների համար պատժվել է երկու սոցաշխատող։ Նրանք ընդամենը նախազգուշացում են ստացել նպաստի կարիք ունեցողների ցուցակը կազմելիս կողմնակալ մոտեցում ցուցաբերելու համար, թեև խոսքը գնում է պետբյուջեից զգալի գումարների վատնման մասին։
Որքա՞ն են ստանում անապահով ընտանիքները
Սոցիալական աջակցության նպաստ Հայաստանում ստանում է շուրջ 99 հազար ընտանիք։ Միջինում խոսքը գնում է ամսական 31,3 հազար դրամի մասին (65 դոլար)։
Նպաստի գումարը որոշվում է սոցիալական անապահովության բալլերով։ Հաշվի է առնվում ընտանիքում գործազուրկների, անչափահասների, թոշակառուների, անգործունակների առկայությունը։ Բալլերը գումարվում են նաև՝ հաշվի առնելով ընտանիքի կենցաղային պայմաններն, իսկ գյուղական բնակավայրերում՝ հողի և անասունների առկայությունը։
Ի դեպ, նպաստից զրկվել են ապահովված ընտանիքներ ոչ միայն Արարատում, այլև Գեղարքունիքի մարզում։ Այստեղ պետական օգնություն այլևս չեն ստանա 983 ընտանիք։