Նոր սիրտ. երկու պատմություն Վրաստանի բնակիչների մասին, որոնց ուղիները հատվել են Բելառուսում
Երեխաներին չասեք
19-ամյա Գիորգի Թալախաձեն նոր սրտով է ապրում արդեն 2 տարի.
«Ես չգիտեի, որ փոխպատվաստում է պետք, ծնողներս թաքցնում էին: Մինչև վերջին պահը կարծում էի, որ պարզապես ինչ-որ վիրահատություն է լինելու և վերջ: Բախտս բերեց. դոնոր գտնվեց իմ այստեղ գալուց արդեն 18 օր անց: Չգիտեմ, թե արդյոք ամեն ինչ այդքան հանգիստ կընթանար, եթե ես իմանայի՝ ինչ է կատարվում:
Սովորում եմ Թբիլիսիի կոնսերվատորիայի դասական վոկալի և դաշնամուրի բաժնում: Երգում եմ բարձր: Սիրտս չի ցավում: Երեկոյան վեց ժամ էլ ռեստորաններում եմ ելույթ ունենում: Երազում եմ օպերային թատրոնում աշխատել:
Պատրաստվում եմ ամուսնանալ. Մինսկից վերադառնալուց հետո ընկերուհուս ձեռքը կխնդրեմ: Մատանին էլ եմ գնել արդեն:
Գիտեմ, որ սրտի փոխպատվաստման կարիք Վրաստանում ունի մոտ 60 մարդ: Յոթ հոգի Բելառուսից արդեն վերադարձել է նոր սրտով: Նրանց թվում է 14-ամյա Քեթին:
Երեխաներին չի կարելի ասել, թե լուրջ առողջական խնդիրներ ունեն և որ նրանց փոխպատվաստելու են ուրիշի սիրտ: Նրանց դա ուժեղ վնասվածք է պատճառում: Ափսոս, որ Քեթիին ասել են, նա շատ էր մտատանջվում: Այդ ժամանակ ես ու Գիորգին ևս մի տղայի հետ եկանք նրան մոտ, բարձրացրինք մեր վերնաշապիկները, ցույց տվինք կրծի սպիներն ու ասացինք. «Մենք այնպիսինն ենք, ինչպիսին դու ես, բայց վազում ենք, հեծանիվ քշում, լողում, ապրում սովորական մարդկանց պես»: Եվ դա օգնեց»:
Սրտի երաշխիք
34-ամյա Գիորգի Սարկիսովը նոր սրտով է ապրում արդեն 4 տարի.
«Ես ընկերուհի ունեի, նա աշխատում էր վրացական խորհրդարանում: Նա սկսեց իմ վիրահատության համար գումար հավաքել: Խորհրդարանում խիստ դրես-կոդ է, իսկ նա իմ դիմանկարով շապիկով էր շրջում, որի վրա գրված էր. «Նրան փող է պետք»: Նրան նկատողություն էին անում, բայց նա, միևնույն է, այդպես էր շրջում: Նա կարողացավ 65 հազար դոլար հավաքել, պետությունը ևս 70 հազար տվեց:
Ես դեմ էի, որ ինձ վիրահատելու համար գումար հավաքեն: Բայց բոլորն ասում էին, որ դա ամոթ չէ:
Ես ընկճախտի մեջ էի, մի ամիս անկողնուց վեր չէի կենում: Հետո եկավ իմ ծանոթ հոգևորականը՝ հայր Սերաֆիմը: Խոսեց, ձեռքս հարյուր դոլար դրեց և խոստացավ հաջորդ օրը գալ և խոստովանեցնել ինձ: Ասաց, որ պատրաստվեմ վիրահատության: Երկու ժամ անց ես վեր կացա, գնացի բաղնիք, սափրվեցի և դադարեցի մտածել այն մասին, թե ինչ է լինելու ինձ հետ:
Երբ ես եկա Մինսկ, սիրտս աշխատում էր 7 տոկոսով: Դոնորը գտնվեց երկրորդ օրը. նա մոտոարշավորդ էր, որը վթարի էր ենթարկվել իր ծննդյան օրը:
Նա 38 տարեկան էր: Առաջարկում էին լուսանկարը ցույց տալ, ես հրաժարվեցի:
Վիրահատությունից հետո տուն վերադարձա, ինձ կողքից նայեցի, և ինձ թվաց, թե դա ես չեմ: Բնավորությունս փոխվել էր. ընկերներս էլ են նույն բանն ասում:
Ես օգնում եմ վրացիներին, որոնց փոխպատվաստում է անհրաժեշտ: Յուրաքանչյուր կլինիկայում իմ հեռախոսահամարը կա, բժիշկներն այն տալիս են բոլոր նրանց, ում փոխպատվաստում է անհրաժեշտ: Ես օգնում եմ անալիզները Մինսկ ուղարկել, բժիշկների հետ շփվել: Անվճար եմ անում: Ինչպե՞ս կարող եմ գումար վերցնել, չէ՞ որ ինձ էլ են մարդիկ այդպես օգնել:
Ես Վրաստանում տուն ունեմ: Պատրաստվում եմ այն վաճառել և Մինսկում բնակարան գնել:
Ուզում եմ Բելառուսում կեցության իրավունք ստանալ և անվճար անել հաջորդ փոխպատվաստումը: Չգիտեմ, թե երբ այն պետք կլինի, սրտի երաշխիքը մինչև 25 տարի է»: