Ներկրվող գյուղմթերքը հաճախ ավելի էժան է, քան Հայաստանում արտադրվողը. պատճառները
Ներկրվող գյուղմթերքը ՀՀ-ում տեղականից էժան է
Հայաստանում արտադրվող գյուղատնտեսական մթերքը բավարար չէ երկրի ներքին սպառման համար: Չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին շատանում են ջերմոցային տնտեսություններն ու ինտենսիվ այգիները, դրանց բերքը ամբողջապես չի մնում երկրում։ Զգալի մասն արտահանվում է, օրինակ, ծիրանը, լոլիկը, ելակը, կեռասը, ծնեբեկը, կարտոֆիլը, վարունգը:
Այս ֆոնին վերջին մի քանի տարիներին պարենային զամբյուղի ամենաբարձր գնաճը եղել է մրգի և բանջարեղենի մասով: Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի՝ բանջարեղենի ապրանքախմբում 2025թ-ի ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 17.9% թանկացում: Նույն ժամանակահատվածում մրգի ապրանքախմբում գներն աճել են 7.9%-ով: Նշված ապրանքախմբերը կազմում են սպառողական զամբյուղի 8.28%-ը:
- Հողերի անապատացման դեմ պայքարը Հայաստանում․ դրական տեղաշարժեր չկան
- Հայաստանի հյուսիսում ջրհեղեղ է, հարավում՝ ջրի սակավություն։ Ինչպե՞ս խուսափել անապատացումից
- Արևային էներգիայի օգտագործման մասին՝ Երևանի բնակիչը, գործարարն ու փորձագետը
Շրջայց շուկայում. վաճառողների դիտարկումները
Նման գնաճի պայմաններում մարդիկ շուկաներում փնտրում եմ ավելի էժան տարբերակներ։ Իսկ ինչ են նրանք նախընտրում հարցի պատասխանը ստանալու համար JAMnews-ի լրագրողն այցելել է Երևանի շուկաները և զրուցել վաճառողների հետ:
Նրանց խոսքով՝ ներկրված բանջարեղենը և միրգը հաճախ ավելի էժան է վաճառվում, քան երկրում արտադրվածը: Եվ իրենք էլ դժվար են տարբերակում ներկրված և տեղում ստացվող միրգն ու բանջարեղենը:
Լիդան արդեն ութ տարի շուկայում առևտուր է անում և միայն վերջերս է հասկացել, որ հաճախ վաճառում է դրսից ներկրված գազար, լոլիկ և վարունգ:
«Զարմացել էի։ Ախր տպավորություն ունեմ, որ երկրի կեսը ջերմոց է դարձել։ Բայց ինձ պատմել են, որ մեր արտադրանքի մի մասն արտահանվում է այլ երկրներ, հիմնականում Ռուսաստան: Մենք էլ ստիպված ներկրում ենք, որ շուկայում պակաս չլինի»,- ասում է նա:
Վերջին երեք տարիներին, ըստ վերավաճառող կնոջ, գյուղմթերքը գրեթե կրկնակի թանկացել է։
Որոշ ամիսների անգամ ապրանքի դեֆիցիտ է եղել՝ հիմնականում խառը կանաչիների, կարտոֆիլի, ծաղկակաղամբի և այլ բանջարեղենների մասով․
«Իհարկե, մի քանի օր հետո ապրանք ենք ստանում, գինն իջնում է։ Մինչ այդ թանկ ապրանքն ենք վաճառվում: Օրինակ, այս տարի կարտոֆիլի մեկ կիլոգրամը ձմռան ամիսներին վաճառել եմ անգամ 600-700 դրամով: Երեք օր անց, երբ ապրանքն եկավ, գինն իջավ 300-450 դրամ»:
Մյուս առևտրականը՝ Խաչատուրն, ասում է, որ «թեև Հայաստանն արևի, մրգի ու բանջարեղենի երկիր է», բայց վերջին տարիներին էապես ավելացել է ներկվող ապրանքը։
Ու այդ իրավիճակում, կարծում է՝ «մարդիկ սովորել են գնել անհամ ու անհոտ պտուղ-բանջարեղեն, միայն թե տեսքը լավը լինի»: Հավաստիացնում է՝ ոչ ոք չի էլ հարցնում, թե որ երկրի ապրանք է.
«Գնորդին ցույց եմ տալիս մյուս կողմ դրված տեղական ապրանքը, որը նաև մի փոքր ավելի թանկ է սովորաբար։ Ասում եմ՝ մերը համով է։ Պատասխանում են՝ բա՛ տեսքը, բա՛ գինը»:
Վաճառողները ցավով են նշում, որ տեղական ապրանքը վերջին տարիներին կորցնում է նաև իր շուկայական տեսքը՝ հատկապես բաց տարածքներում աճեցվողը։ Այն ենթարկվում է եղանակային տարբեր ներգործությունների՝ կարկուտ, ցրտահարություն, երաշտ:«Իսկ քիչ քանակ ունեցող, բայց լավ ապրանքն էլ փաստորեն մեր բնակիչների համար չէ։ Այն ուրիշներն են վայելում՝ օտար երկրներում։ Ի՞նչ արած։ Ազատ շուկայի օրենքն է»,- եզրափակում է Խաչատուրը:
Արտահանման և ներմուծման մասին վիճակագրութուն
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024թ-ին իրավիճակն այսպիսին է եղել․
Ապրանք | Արտահանում | Ներկրում |
Վարունգ | 5000 տոննա | 5,5 տոննա |
Կաղամբ, ծաղկակաղամբ, շաղգամակաղամբ | 280 տոննա | 3650 տոննա |
Ձմերուկ և սեխ | 94 տոննա | 8900 տոննա |
Ելակ, մոշ, մորի, թութ, հաղարջ, կիվի, նուռ | 3200 տոննա | 10 000 տոննա |
Հայաստան ներկրվում է նաև կարտոֆիլ, դդմիկ, գազար, բազուկ, լոլիկ և այլ բանջարեղեն։ Սակայն դրանք մի քանի անգամ շատ արտահանվում են երկրից, քան ներկրվում:
«Մեր գյուղատնտեսությունը մրցունակ չէ». գործարար
Ֆերմեր Հարություն Մնացականյանի խոսքով՝ ներմուծվող և արտադրվող գյուղմթերքի գնային տարբերության հիմքում երեք գործոն կա:
Նկատում է՝ նախ և առաջ, երկրում չկան սելեկցիոն կայաններ, որոնք կօգնեն որակյալ սերմերի ընտրության հարցում․
«Անհրաժեշտ է հասկանալ, մեր բնակլիմայական պայմաններում որ սորտերն են էֆեկտիվ։ Այսինքն պետք է իմանալ՝ տվյալ մշակաբույսի որ սերմն աճեցնել, որպեսզի հնարավոր լինի ստանալ ամենօպտիմալ բերքատվությունը»։
Երկրորդ լրջագույն խնդիրը ոլորտում գյուղատնտեսների պակասն է։ Ֆերմերը հասվաստիացնում է՝ չկան այն մասնագետները, որոնց կարիքն այդքան ունի երկրի գյուղատնտեսությունը.
«Անգամ պետական ապարատում համապատասխան գիտելիք ունեցող մասնագետներին մատների վրա կարելի է հաշվել։ Դրա հետևանքով գյուղատնտեսության զարգացման հստակ քաղաքականություն չկա: Երբ մակրո մակարդակում պատկերացումներ չկան, թե ինչպես զարգացնել ոլորտը, միկրո մակարդակում այսպես է լինում։ Տեսնում ենք, որ տեղական գյուղմթերքը հայտնվել է ոչ մրցունակ վիճակում»:
Մնացականյանի կարծիքով՝ կլիմայի փոփոխության, երկրում հողերի դեգրադացիայի և հողատարածքների սխալ օգտագործման և կառավարման հետևանքով, մասնագիտական միջամտությունն այսօր հրատապ քայլ է․
«Համապաստախան մասնագետներ չկան, որ գյուղացիներին ու ոլորտում բիզնես ծավալողներին վերլուծության տրամադրեն՝ կոնկրետ հաշվարկներով հասկանալու և կողմնորոշելու, թե ինչ մշակաբույեր աճեցնեն բարձր բերքատվություն ունենալու համար»:
Նա բացատրում է, որ թվարկված խնդիրներով պայմանավորված՝ երկրում առաջանում է կա՛մ ապրանքի դեֆիցիտ, կա՛մ, հակառակը՝ ավելցուկ.
«Նման դեպք ունեցանք մի քանի տարի առաջ վարունգի հետ, երբ շուկայում դրա գինը մոտ 30-50 դրամ էր։ Իսկ կարտոֆիլի դեպքում տեղացի արտադրողները կուտակեցին ապրանքը, որ արտահանեն և թանկ գնով վաճառեն, սակայն չհաջողվեց արտահանել։ Եվ բերքն ուղղակի թափեցին»:
Գործարարն ասում է՝ դրսում արտադրվող մթերքը՝ մաքսատուրքը, շահույթն ու այլ ծախսերը հաշված, այնուամենայնիվ, ավելի ցածր գին է ունենում: Հիմնական պատճառը գյուղատնտեսության ավտոմատացումն է համարում:
Մնացականյանն օրինակ է բերում գազարի արտադրությունը, որը քաղաքակիրթ երկրներում գրեթե ամբողջությամբ ավտոմատացված է՝ ցանելուց մինչև բերքահավաք․
«Մեկ կիլոգրամ գազարի ինքնարժեքը մոտ 30 դրամ է դրսում։ Եթե դրան գումարենք ներմուծման մնացած ծախսերն ու շահույթը, դրսից բերված գազարն ավելի էժան կարժենա Հայաստանում, քան մեր հողերում ստացվածը: Մերը թանկ է, որովհետև ամբողջ աշխատանքն իրականացվում է ձեռքով։ Միաժամանակ ապրանքը չունի այն շուկայական տեսքը, ինչ ներմուծվածը»:
Նկատում է՝ շատ քիչ մարդկանց է հետաքրքրում տվյալ գազարը տեղական է, թե ներմուծված։ Վաճառողներն էլ ապրանքը չեն տեսակավորում, քանի որ սպառողները նման պահանջ չեն ստեղծում:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ներկրվող գյուղմթերքը ՀՀ-ում տեղականից էժան է