Մշակութային կյանքը Հայաստանում ակտիվացել է ու թանկացել․ պահանջարկը առաջարկ է ստեղծել
Մշակութային կյանքը Հայաստանում ակտիվացել է ու թանկացել
Երևանում, ինչպես նաև համեմատաբար մեծ քաղաքներում, մշակութային կյանքն ակտիվացել է: Պահանջարկը բերել է նոր առաջարկներ, ինչը, իր հերթին, ազդել է գների վրա:
Եթե համեմատենք նախորդ տարիների հետ թանկացել են կինոթատրոնների, թատրոնների, համերգասրահների, արվեստի կենտրոնների գնային առաջարկները: Միջինացված հաշվարկով այս ուղղություններով մոտ 20-30% աճ կա:
Թանկացումների պատճառների, մշակութային կյանքի ակտիվացման և մարդկանց հետաքրքրությունների մասին JAMnews-ը զրուցել է վաճառքների մասնագետի, սոցիոլոգի և թատերասերի հետ:
- Առաջին անգամ բեմում․ կարծրատիպեր կոտրող եզդիների թատրոնը
- Եվրոպական արժեքնե՞ր, թե՞ հայկական ավանդույթներ։ Նմանությունների և տարբերությունների որոնում
- Ինչո՞ւ թատերագետն այգեպան դարձավ։ Տեսաբլոգ Հայաստանից
- «Գրադարակ»՝ ժամանակակից գրադարաններ Հայաստանի գյուղերի համար: Տեսանյութ
Ներկայացումների տոմսերը թանկացել են, բեմականացումների որակը՝ բարելավվել
Գագիկը մշտապես հետևում է թատերական ներկայացումների խաղացանկերին: Ասում է՝ վերջին մի քանի տարիներին ներկայացումները դարձել են ավելի դիտարժան, փոխվել է դերասանական խաղի, դեկորացիաների, լուսաձայնային էֆեկտների որակը:
«Այս փոփոխություններն իրենց հետ բերել են մարդկանց հոսքի աճ դեպի թատրոններ, ինչն ազդել է տոմսերի գներին: Գրեթե բոլոր թատրոններում կան տոմսերի թանկացումներ։ Ներկայացումներ կան, որ մինչև 8-10 հազար դրամ են արժենում։ Մինչդեռ հինգ տարի առաջ դահլիճները դատարկ էին, իսկ տոմսերը 3-4 հազար դրամ արժեին»,- ասում է նա:
Թատերասերի խոսքով՝ նկատելի թանկացել են նաև մանկական ներկայացումների տոմսերը, միևնույն ժամանակ խաղացանկը դարձել է ավելի հագեցած, հետաքրքիր և նորարարական․
«Ուսանող ժամանակ թատրոնում միշտ վերջին շարքի տոմսեր էի գնում։ Գիտեի՝ առաջին շարքերն ազատ կլինեն, կտեղափոխվեմ բեմին մոտ: Հիմա նման բան չկա։ Դահլիճները մարդաշատ են։ Թատրոնները լավ առաջարկներ են անում դպրոցականների, ուսանողների, տարբեր մասնագիտական խմբերի, կազմակերպությունների համար, այդպես նաև մեծ հոսքեր ապահովում»:
Գագիկը նկատում է, որ թատրոնները նաև շփման լավ միջավայր են դարձել մարդկանց համար։
Նախքան ներկայացումը կամ դրանից հետո մարդիկ նախասրահներում զրույցի են բռնվում, մտքեր փոխանակում:
«Այն ժամանակ մարդիկ թատրոններ չէին գնում և դա կապում էին գումարի հետ: Հիմա տոմսերը կրկնակի թանկացել են, սակայն հանդիսատես կա։ Կարծում եմ՝ խնդիրը գումարը չէ, այլ որակյալ բովանդակության ստեղծումը, ինչն այսօր կարևորում են մշակութային կենտրոնները և աշխատում այդ ուղղությամբ»,- կարծում է նա:
Որակյալ կինոն, թատրոնը, նկարչությունը, երաժշտությունը, նրա խոսքով՝ միշտ էլ ունեցել են սահմանափակ, բայց կայուն սպառում՝ անկախ արժեքից, արժեհամակարգերից, քաղաքական ու սոցիալական իրադրություններից․
«Պարզապես այսօր մշակութային բովանդակություն վաճառելն է բարդացել։ Այն ժամանակվա պաստառներով այսօր ուշադրություն չես հրավիրի։ Պետք է ակտիվորեն օգտագործես թվային հարթակներն ու գործիքները»:
Մշակույթի ոլորտը Հայաստանում սկսել է տեղ տալ մարքեթինգին
Վաճառքների մասնագետ Սիմոն Արաբյանն ասում է, որ մշակութային կյանքի ակտիվացումը գրագետ վաճառքների կազմակերպման արդյունք է, Հայաստանում հասկացել են, որ մշակութային պրոդուկտի վաճառքը լուրջ աշխատանք է մի միջավայրում, որտեղ դրա համար մարդիկ այդքան էլ պատրաստ չեն գումար վճարել:
«Անցած տարի մեր թիմն աշխատում էր մի ներկայացման մարքեթինգի վրա, երեք ամիս փորձերին զուգահեռ պատրաստվում էինք՝ սոցմեդիա առաջխաղացում, պաստառներ, շարժական գովազդ, եթերներ, փորձերին դրսից հյուրերի ներգրավում, արշավում դերասանների ներգրավում և այլն: Այդ ներկայացումը բավանակին լավ վաճառքներ ունեցավ, արդյունքներից ոգևավորված դերասանական թիմը հիմա այլ ներկայացման վրա է ինտեսիվ աշխատում»,- պատում է մարքեթոլոգը:
Նրա խոսքով՝ սա միակ օրինակը չէ։ Կինոթատրոնները ևս ակտիվ են, լավ ֆիլմեր ունեն, սոցմեդիա հարթակներում մանրամասն ներկայացնում դրանք ու դերասանական կազմերը, դրան զուգահետ այլ առաջարկներ էլ են անում։
«Վերջերս շատ հայտնի ֆրանսիացի երգչի մենահամերգի էի, կարելի է ասել ամբողջ համերգասրահը լի էր, երեկոն լի էր անակնկալներով՝ սիրո տոնի թեմատիկայով: Համերգն ինտերակտիվ էր, զգացվում էր, որ նախապատրաստական լավ աշխատանք է տարվել», — ասում է Սիմոն Արաբյանը:
Հավաստիացնում է, որ վերջին տարիներին բավականին հաջող և լայնամաշտաբ համերգային նախագծեր են կյանքի կոչվել Հայաստանում։
Դրանց մասնակցել են արտասահմանյան և հայ կատարողներ, որոնք օրեր շարունակ լի են պահել համերգասրահները.
«Որոշ դեպքերում տոմսերի գները հասել են մի քանի հարյուր հազար դրամի։ Եվ այս ժամանակաշրջանում էլ կա այդ տենդենցը, պահանջված արտիստների համերգերի տոմսերը մի քանի ամիս առաջ վերջանում են, դրվում են նոր համերգներ: Սկսել են դրսից հայտնի կատարողներ բերել, ինչն ուրախալի է։ Գրագետ աշխատող թիմեր են ձևավերվել»:
Մշակութային ոլորտում ամենահաջողված մարքեթինգը համարում է գրատպության և վաճառքի ոլորտը, քանի որ այստեղ դաշտի խաղացողների միջև համագործակցային միջավայր է ձևավորվել․
«Այս ճյուղում հասկացել են, որ մրցակցությունից առավել կարևոր է համագործակցությունը, դա ավելացնում է վաճառքները: Վերջին տարիներին բազմաթիվ միջոցառումների եմ եղել, որտեղ մի քանի կազմակերպություններ համատեղ ներկայացել են նոր գրքեր, հայ հեղինակներ, հետաքրքիր առաջարկներ»:
Սիմոնի դիտարկմամբ՝ դեռևս չբացահայտված հնարավորություններ կան։ Մշակութային կենտրոններին առաջարկում է կենտրոնանան ոչ միայն դրա վրա, թե ինչ բովանդակություն են ստեղծում, այլև մտածեն, թե ինչպես այն վաճառել․
«Մի քանի հարյուր հազար դրամ ներդրումը կօգնի միջոցառումը դարձնել տեսանելի, քննարկվող, շահութաբեր: Պետք է կոտրել տարածված կարծրատիպը, որ ներկայացումը, գիրքը, կտավները, ձեռագործ այլ աշխատանքներ Հայաստանում չեն գնահատում և վաճառվում: Ես հակառակն եմ պնդում․ մարդիկ հետաքրքրված են, պարզապես լավ առաջարկներ չկան»:
Մշակութային սպառումը նաև սոցմեդիա միջավայրից կտրվելու ճանապարհ է
Սոցիոլոգ Տաթևիկ Ավդալյանը իր հետազոտություններից մեկի շրջանակում հետևում է մարդկանց սպառողական վարքագծին: Նկատել է, որ վերջին երկու-երեք տարիներին մարդիկ ավելի շատ են թանգարաններ, արվեստասրահներ, կինոթատրոններ հաճախում․
«Ամեն շաբաթ մեկ օր տրամադրում եմ թատրոն, կինոթատրոն, թանգարան կամ որևէ այլ մշակութային կենտրոն հաճախելուն: Նկատել եմ դա ինչպես միջինից բարձր տարիքի մարդկանց, այնպես էլ երիտասարդների շրջանում, ինչը բավականին ոգևորող է: Զրուցել եմ շատերի հետ, մարդկանց զգալի մասը փորձում է եղած միջավայրից կտրվել, ուրիշ, ավելի հետաքրքիր իրականության մեջ հայտնվել»:
Տաթևիկի խոսքով՝ երիտասարդները՝ իրական մշակույթին առնչվելով, ցանկանում են կտրվել սոցցանցային իրականությունից.
«Հենց իրենց նկարագրությամբ, այն մեծամասամբ տոքսիկ է, կախվածություն առաջացնող և դեպրեսիվ։ Մարդն իր բնույթով սոցիալական էակ է, կարիք ունի իրական շփումների, հարաբերությունների, ուղիղ փոխանցվող էմոցիաների, մարդկանց որոշակի խմբի և հետաքրքրությունների պատկանելության»:
Զրուցել է հարյուրից ավելի երիտասարդների հետ, որպեսզի հասկանա, թե ինչ ակնկալիքներ ունեն նրանք բովանդակություն ստեղծողներից.
«Հայաստանում դժվար կգտնենք արվեստագետի, որը կկարևորի հանրային կարծիքը և կուսումնասիրի այն՝ իր գործն ավելի թիրախային, ընկալելի և նկատելի դարձնելու համար: Մինչդեռ բավականին հետաքրքիր առաջարկներ ու գաղափարներ ունեն սպառողները»:
Մշակութային բովանդակության թանկացման մասին հարցին պատասխանում է, որ այն տրամաբանական է ոչ միայն ընդհանուր թանկացումների, այլև մարդկանց հետաքրքրությունների փոփոխության, ավելի լավ բովանդակության՝ հանրային պահանջարկի ֆոնին:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Մշակութային կյանքը Հայաստանում ակտիվացել է ու թանկացել