Մի քանի կյանք մեկում
Կարծում եմ՝ երբ սկսում ես ճանաչել աշխարհը, հենց այդ պահից էլ սկսվում է ստեղծագործական կյանքը: Ես երևի թե շատ վաղ հասակից արդեն փորձել եմ ճանաչել աշխարհը, ունեցել եմ վառ երևակայություն և շատ նրբանկատ եմ եղել, միևնույն ժամանակ՝ խոցելի: Բակային միջոցառումներ էի կազմակերպում, հրավիրատոմսեր պատրաստում դրանց համար, հետագայում արդեն հաճախում էի դպրոցիս կից մարիոնետների թատրոն:
Թատրոնը ինձ համար մի վայր է, որտեղ ապրում եմ: Ի տարբերություն այլ մասնագիտությունների տեր մարդկանց, մենք ունենք այդ հնարավորությունը` մեկ կյանք ապրելով, մի քանի կյանքեր վերապրել, շատերի կաշվի մեջ մտնել: Չեմ կարծում, որ մենք միայն ֆիլմում կամ թատրոնում ենք դերեր խաղում. առօրյա կյանքում բոլորս էլ մեր դերերն ունենք:
Ես չեմ սիրում նստել և երազել. ես գործի մարդ եմ, ավելի ռեալիստ: Որևէ աշխատանքի մասին երազելը՝ ինձ համար ավելորդ ռոմանտիզմ է, որը խանգարում է իրականությունը տեսնելուն: Կարծում եմ` երազում է այն դերասանը, ով մտածում է, իր պոտենցիալը չի օգտագործում:
Աշխատանքային ծանր օրից ուղեղս է հոգնում, ֆիզիկապես երբեք չեմ հոգնում: Հանգստանալու համար ինձ անհարժեշտ են անծանոթ մարդիկ, որ ոչ ես, ոչ էլ նրանք իմ հանդեպ պատասխանատվություն չունենան: Լիցքաթավելու համար ընտրում եմ մի վայր, որտեղ շատ անծանոթ մարդիկ կլինեն:
Մարդկանց կարծիքը ինձ անհանագստացնում և հետաքրքրում է այնքանով, որքանով նրանք կարող են ներքուժել իմ դաշտ, այսինքն՝ ինչքան նախատեսված է, որ հասարակությունը պետք է միջամտի անհատի կյանքին: Սակայն անտեղի միջամտություն չեմ ընդունում: Մարդ արարածը ինձ համար կարևոր է: Էնպես չի, որ գլուխս վեր քայլում եմ՝ կարծիքներ հաշվի չառնելով:
Կյանքում երջանիկ լինելու համար ինձ անհրաժեշտ է խաղաղ լինել ինքս ինձ հետ, չպահանջել, որ որևէ մեկը ինձ երջանկացնի և պահից քաղել մաքսիմալը: Այսպես եմ ապրում, դրա համար էլ միշտ երջանիկ եմ: Պայքարող մարդը չի կարող երջանիկ չլինել, որովհետև իր միտքը միշտ զբաղված է, նա ժամանակ չունի տխրելու, տրտնջալու:
Երջանիկ պատահականություններ լինում են, բայց, կարծում եմ, որ յուրաքանչյուրս մեր ճակատագրի տերն ենք: Մարդ ինչ ունի՝ դրան էլ արժանի է: Եթե երջանիկ պահատակություն եղել է, ուրեմն ես աշխատանք եմ տարել դրա համար: Դրանք անսպասելի չեն ինձ համար, թեև հրաշքների հավատում եմ: Լավ է, որ հաջողակ աստղի տակ եմ ծնվել, որ գնահատվում է իմ տանջանքն ու աշխատանքը:
Շնորհակալ եմ Աստծուն, որ հանդիպել եմ Հրանտ Թոխատյան անձի և երևույթի հետ: Կա սիրելի անձավորություն, որի հետ երկուս եմ դարձել… Պատասխանատվություն է ապրել ժողովրդական արտիստի կողքին, որին հարգում, գնահատում եմ: Բայց սիրում եմ նրան որպես տղամարդ, և երջանիկ եմ, որ նրա կողքին եմ ապրում:
Եթե մեկ րոպեով ամենակարող լինեի, բարությունն ու սերը կավելացնեի, մարդկանց միջից չարը կհանեի: Ինչու՞ է մի մարդ երջանիկ է, մյուսը` դժբախտ, սա գալիս է ուղեղի աշխատանքից, ես կփոխեի այդ ուղեղի աշխատանքը դեպի բարին, սերը, ստեղծարարը ու մարդկանց մեջ կավելացնեի հանդուրժողականությունը:
Լուիզա Ներսիսյան՝ Կամերային թատրոնի դերասանուհի, տարիներ շարունակ համարվում է Հայաստանում առավել պահանջված դերասանուհիներից մեկը՝ թե թատրոնում, թե կինոյում: «Արտավազդ 2015» թատերական մրցանակաբաշխության շրջանակներում արժանացել է « Լավագույն կին դերակատար» տիտղոսին: