Միայնակ պիկետ Բաքվում․ լրագրողը բողոքում էր բժիշկների շորթումներից և վաճառում իր հագուստը
Կիսվել
Կիսվել
Լրագրող Թեյմուր Քերիմովը միայնակ պիկետ է անցկացրել Բաքվում՝ առողջապահության նախարարության շենքի դիմաց։ Նա բողոքում էր բժիշկների շորթումներից և կատարվածի համար մեղադրում առողջապահության նախարար Օգթայ Շիրալիևին։ Նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հերքում է բոլոր մեղադրանքները։
Ինչպես էր անցկացվում ակցիան
Մայիսի 18-ի ցերեկը Թեյմուր Քերիմովը եկել էր առողջապահության նախարարության շենքի մոտ և ասֆալտին հագուստի մի քանի կտոր փռել։ Այնուհետև նա սկսել էր իր վրայից ցուցադրաբար հանել պիջակն ու վերնաշապիկը՝ զուգահեռ պատմելով իր պատմությունը։
Քերիմովի խոսքով՝ իր մայրն արյան քաղցկեղ ունի և բուժվում է պետական հիվանդանոցում։ Սակայն հիվանդանոցի անձնակազմը մշտապես փող է ուզում դեղորայքի, ներարկումների և ալյ պրոցեդուրաների համար, որոնք, ըստ օրենքի, պետք է անվճար լինեն։
«Նրանք մարդկանց ստիպում են բառացիորեն վաճառել ամեն ինչ՝ ընդհուպ մինչև ներքնազգեստ՝ բուժման գումարները վճարելու համար։ Ահա ես էլ որոշել եմ հագուստիս վաճառք կազմակերպել, որպեսզի մորս համար մի քանի ներարկում ապահովեմ», — բացատրել է Քերիմովն իր ակցիայի ձևաչափը։
Ի՞նչպես է ամեն ինչ շարունակվել
Ակցիայի մեկնարկից 15 րոպե անց ոստիկանություն է եկել ակցիայի վայր, պատմել է Թեյմուր Քերիմովը «Կավկազսկի ուզել» կայքին։ Երիտասարդին տարել են ոստիկանական բաժանմունք, հարցուփորձ արել ամեն ինչի մասին և խոստացել, որ մայիսի 20-ին նրան կընդունեն առողջապահության նախարարությունում, իսկ շորթման վերաբերյալ բողոքները դատախազությունը կհետաքննի։
Մայիսի 20-ին առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ այդ «բոլոր մեղադրանքներն անհիմն են», և նրա մորը ցուցաբերվում է հասանելիք օգնությունը։
Նույն օրը լրագրողին կանչել են դատախազություն։ Այնտեղից դուրս գալուց հետո Քերիմովն ասել է․
«Ուզում եմ հավատալ, որ դատախազությունն իրոք ամեն ինչ կպարզի։ Ես անձամբ կարծում եմ, որ առողջապահությունում իրավիճակը շտկելու միակ եղանակը նախարար Օգթայ Շիրալիևին աշխատանքից ազատելն է»։