Մեծ փախուստի պլաններ ունեմ
Մեծ փախուստի, ավելի շուտ՝ վերադարձի պլաններ ունեմ… Մի օր, երբ էլ գործ չեմ ունենա այստեղ, հավանաբար կվերադառնամ գյուղ` մայրաքաղաքից 200 կմ հեռավորթւոթյան վրա գտնվող Դովեղ: Կապրեմ հասարակ գյուղացու կյանքով՝ արտ կհնձեմ, կենդանիներ կպահեմ: Մինչեւ հիմա էլ ժամանակ առ ժամանակ լինում եմ Դովեղում. ազատ ժամանակս սիրում եմ այնտեղ անցկացնել»:
Սպորտային լրագրող դառնալու երազանքը մինչև հիմա պինդ պահում եմ
Պատանեկության տարիներին զբաղվում էի ֆուտբոլով ու երկար տարածությունների վազքով: Երազում էի սպորտային մեկնաբան դառնալ, ոտքերս ինձ բերեցին Երեւան ու նստեցրին Պետհամալսարանի բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնի լսարաններից մեկում: Պատերազմ էր, սպորտային կյանք գրեթե չկար ու երազանքս քիչ-քիչ ձեռքիցս փախչում էր: Գրելու համար ընտրեցի ամենաակտուալ թեմաներ՝ ղարաբաղյան կոնֆլիկտն ու տարածաշրջանային զարգացումները:
Տառապում եմ անբուժելի ու քիչ հանդիպող հիվանդությամբ
Լրագրողի մասնագիտությունն ընտրելիս չէի կարծում, որ մինչեւ ականջներս խրվելու եմ այս գործի մեջ ու ձեռք բերեմ խիստ մասնագիտական հիվանդություն, հենց այդպես էլ կոչվում է՝ «լրագրություն»: Մի վիճակ է, երբ ուղեղդ անկախ քեզնից անդադար գրելու ու պարզելու թեմա է փնտրում: Նույնիսկ հանգստի մեկնելիս ինձ հետաքրքրում են մարդկային պատմությունները, բացառիկ երեւույթներն ու ընթացող, բայց չլուսաբանվող իրադարձությունները:
Գիրքը, որի վրա այժմ աշխատում եմ ՝ Արցախի մասին է, ավելի ճիշտ, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի: Այն կպատմի բոլոր հանդիպումների մասին՝ երկկողմ, շատ մասնակիցներով, պաշտոնական և ոչ, այն ամենի, ինչը բանակցության առարկա է՝ 1994 թվականից, այսինքն զինադադարի պահից, մինչ օրս:
Հիմա այն շրջանում եմ, որը պայմանականորեն անվանել եմ «գրքեր գրելու շրջան»: Կարող եմ մի քանի օր գիշեր-ցերեկ աշխատել: Մտերիմներս հաճախ են նախատում ու խնդրում հանգստանալ: Բայց գալիս է մի պահ, որ անասելի հոգնում ես, գուցե կողքիդ մարդիկ չզգան, բայց մահու չափ հանգստանալ ես ուզում: Մարդիկ ճանաչում են առույգ ու աշխույժ Թաթուլին, միայն ինքս ինձ եմ խոստովանում, որ հոգնել եմ:
Եթե ամեն քաղաքից ու գյուղից մի-մի լուսանկար անեի, հիմա հսկայական ֆոտոալբոմ կունենայի՝ շատ եմ ճամփորդում: Բայց նկարվել չեմ սիրում: Հաճախ հենց տեղում եմ հիշում, որ լուսանկարչական ապարատը մոռացել եմ վերցնել: Ունեցածս կադրերից շատերը ընկերներս են ֆիքսել, Հայաստան վերադառնալուց հետո հանձնել ինձ:
Սոնաս յուրահատուկ տեղ ունի իմ կյանքում, շատ եմ սիրում ազատ ժամանակս անցկացնել 4-ամյա դստերս հետ: Իրար հետ տարբեր տեսարժան վայրեր ենք այցելում, ծանոթացնում եմ Հայաստանի բնությանը: Փոքրիկ ճամփորդությունները նրա համար դեռ զվարճանքի պես մի բան են, բայց վստահ եմ՝ հետագայում հետք կթողնեն նրա զարգացման վրա:
Թաթուլ Հակոբյան՝ լրագրող, մասնագիտացած է կովյասյան հակամարտությունների հարցերով, «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» և «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը» գրքերի հեղինակ, Սիվիլիթաս հիմնադրամի փորձագետ, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող: