Ամանորից առաջ ՀՀ 107 պատգամավորներին շուրջ 300 միլիոն դրամ է վճարվել
3 մլն դրամ պարգևավճար Հայաստանի ԱԺ պատգամավորներին
Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Ազգային ժողովի պատգամավորների հավելավճարների թեման։ Ամանորից առաջ նրանցից յուրաքանչյուրը ստացել է 3 մլն դրամ, որից 1 մլն 200 հազար դրամը դեկտեմբեր և հունվար ամիսների ֆիքսված աշխատավարձն է։
Տարեվերջին պարգևավճար, այսպես կոչված 13-րդ աշխատավարձ ստանալն ավանդույթ է ՀՀ պետական համակարգում։ Օրինակ՝ Պաշտպանության նախարարությունում միլիարդավոր դրամներ են ուղղվել աշխատակազմի, ինչպես նաև Զինված ուժերի ողջ անձնակազմի պարգևատրմանը։ Զինվորականները ստացել են հավելավճար իրենց ամսական աշխատավարձի չափով։
Ազգային ժողովի պատգամավորների դեպքում մեծ աղմուկ է բարձրացել, քանի որ խոսքը պատգամավորների աշխատավարձը 3 անգամ գերազանցող գումարի մասին է։
Ընդ որում, հավելավճար ստանալու մասին բարձրաձայնել են ընդդիմադիր պատգամավորները։ ԱԺ-ից չեն հայտնել՝ ընդյանուր առմամբ որքա՞ն գումար է ծախսվել պարգևատրումների վրա։
Ի՞նչ տեղեկություններ են հայտնի դարձել, ԱԺ պարզաբանումը, մեկնաբանություններ
- Հայաստանը 250 մլն դոլարի վարկ կներգրավվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման համար
- Տրանսպորտի ուղեվարձի թերհավաքագրումներ Երևանում տուգանքի ինստիտուտի ներդրման ֆոնին
- «Քաղաքացու քարտի գումարը հօդս է ցնդել»․ հեռախոսային խաբեություններ Հայաստանում
«Որոշումը լուծում է ցածր վարձատրության խնդիրը»․ խորհրդարանի պարզաբանումը
Հայաստանի Ազգային ժողովից նշել են, որ 2017 թ․-ի համեմատ պետական բյուջեի եկամտային մասն ավելացել է 130 տոկոսով: Ընդգծել են նաև, որ կառավարությունը պետական մարմիններում դրամական խրախուսման փորձնական ծրագիր է իրականացնում, որը ենթադրում է հավելավճարներ տարվա յուրաքանչյուր կիսամյակի համար։ Ազգային ժողովը, սակայն, համակարգում ներառված չէ։
«Հաշվի առնելով ԱԺ ներկայացուցչական մարմին լինելու հանգամանքը և վերը նշված համակարգում ներառված չլինելը՝ որոշվել է գումար հատկացնել Ազգային ժողովին, ինչն իրենից ներկայացնում է 2025 թ․-ի առաջին կիսամյակի յուրաքանչյուր ամսվա համար հավելյալ վճարում ու չի համարվում մեկ միասնական վճար»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հավելավճարը տրամադրվել է ԱԺ աշխատակազմին և բոլոր պատգամավորներին․
«Այս որոշումը լուծում է Ազգային ժողովում ցածր վարձատրության խնդիրը»։
Ազգային ժողովից նաև տեղեկացրել են, որ այսուհետ յուրաքանչյուր կիսամյակի համար տրամադրվող միջոցները կբաշխվեն ԱԺ աշխատակազմի և պատգամավորների միջև։
Մեկնաբանություն
Ինֆորմացիայի ազատության և անձնական տվյալների պաշտպանության մասնագետ Շուշան Դոյդոյանի գնահատմամբ՝ հանրությունն իրավունք ունի իմանալու, թե իր հարկերից գոյացած միջոցները որքանով են արդարացի և նպատակային ծախսվում։
«Ազգային ժողովը՝ որպես օրենսդիր մարմին, պարտավոր է լինել բաց և հաշվետու հարկատուների առջև»,- «Ազատության» հետ զրույցում նշել է նա։
Ռադիոկայանը դիմել էր ԱԺ խոսնակին և խնդրել պարզաբանել՝ պարգևատրումներին ուղղված ողջ գումարն ինչքա՞ն է կազմել, ի՞նչ դրույքաչափով են հաշվարկվել՝ աշխատավարձի չափո՞վ, դրանից ավելի՞, թե՞՝ պակաս։ Խորհրդարանից, սակայն, հրաժարվել էին տրամադրել համապատասխան հավելվածները՝ հղում անելով աշխատակիցների անձնական տվյալների պաշտպանության վրա։
Փորձագետը համոզիչ չի համարում աշխատողների անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ հիմնավորումը։
Հիշեցնում է՝ 2019 թ․-ին էլ են բախվել համանման իրավիճակի՝ Երևանի քաղաքապետարանում կատարված պարգևատրումների մասով։ Այդ անգամ հաջողվել է մասնակի տեղեկություններ ստանալ, բայց միայն Արդարադատության նախարարության կազմում գործող Անձնական տվյալների պաշտպանության գործակալության միջամտությունից հետո։
«Գործակալությունը տվեց շատ հիմնավոր, համակողմանի որոշում՝ հաստատելով այն, որ քաղաքապետի կողմից պարգևատրված աշխատակիցների ցանկը և յուրաքանչյուրին տրված պարգևատրման չափը հրապարակելը չի հակասում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին»,- նկատել է Դոյդոյանը:
Ի՞նչ կարծիք ունեն ՀՀ քաղաքացիները
Սոցցանցերի հայկական տիրույթում քաղաքացիների շատերը վրդովմունք են արտահայտում՝ պնդելով, որ եթե պետական բյուջեում առկա էին ազատ միջոցներ, դրանք պետք է ուղղվեին իրենց սոցիալական խնդիրների լուծմանը։
Ստորև ներկայացնում ենք նրանց կարծիքները․
«Այդ ձեր ստացած պարգևավճարների 10%-ը ե՞րբ բաժին կհասնի բժիշկներին, բանվորներին կամ թոշակառուներին: Թե՞ այդ գումարները միայն երեսփոխաններին է հարկավոր: Նշեմ, որ բժշկի աղքատավարձը 75.000 դրամ է»։
«Ոչ մի արդյունք չստեղծող, նիստերին հեռախոսով խաղացող, պատահմամբ ԱԺ-ում հայտնվածները ո՞ր մի արժանիքի համար են պարգևատրվում։ Առավոտից իրիկուն աշխատող մարդկանց 12 ամսվա աշխատավարձն է իրենց մի պարգևատրումը»։
«Ինչի՞ համար են էդ աստղաբաշխական աշխատավարձերը ստանում։ Ամբողջ տարի իրար հետ կրկես-կրկես խաղալու համա՞ր»։
«Ձրիակերների պարգևատրում թոշակառուների հաշվի՞ն։ Էդ թոշակառուից վաղը ձայն եք մուրալու, հեռու չի էդ օրը»։
«Նախկիններ, ներկաներ․․․ Ամբողջ օրն իրար կրծում եք։ Եվ դրա համար էլ այդքան գումարներ կորզում։ Դե, չեմ խոսում ամբիոններից հնչած անգրագիտությունների մասին»։
«Ուսուցիչներին տվեք տասներեքերորդ աշխատավարձ, որ խելացի ու արժանի պատգամավորներ կրթեն»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
3 մլն դրամ պարգևավճար Հայաստանի ԱԺ պատգամավորներին