Մարզասրահների մեծ պահանջարկ Հայաստանում․ մարզվում են նույնիսկ տարեցները
Մարզասրահների մեծ պահանջարկ Հայաստանում
Պոստսովետական Հայաստանում քչերն էին կարևորում առողջ ապրելակերպը, իրենց սպորտային կեցվածքը և կանոնավոր մարզումները: Սակայն վերջին տարիներին Երևանի այգիներում և շենքերի բակերում քաղաքային իշխանությունները տեղադրել են մարզասարքեր։ Եվ այստեղ սկսել են մարզվել հիմնականում երեխաները և բարձր տարիքի մարդիկ:
Միաժամանակ մայրաքաղաքում և մարզային գրեթե բոլոր խոշոր քաղաքներում սկսել են գործել բազմաթիվ մարզասրահներ։ Տպավորություն կա, որ սոցիալական մեդիայում քարոզվող «սլացիկ մարմին ունենալու անհրաժեշտությունը» մարդկանց սկսել է ավելի շատ տանել մարզասրահներ: Այստեղ շատ են ամենատարբեր տարիքի այցելուները։ Մարզիչները հաստատում են՝ բոլոր հաճախորդներն ուզում են ձիգ և մարզված մարմին ունենալ, հնարավորինս երկար երիտասարդ մնալ:
Գները տարբեր են, պայմանավորված են մատուցվող ծառայությունների ցանկով: Թանկ են այն մարզասրահներրը, որտեղ առկա է լողավազան, սաունա, մերսման ծառայություն, սննդի կետ, ավտոկայանատեղի:

- Նոր էմոցիաներ, վախերի հաղթահարում․ էքստրիմի սիրահարի պատմությունը
- Սկանդալ Երևանում. Ադրբեջանի հավաքականը հրաժարվեց մասնակցել Եվրոպայի առաջնությանը
- Հենրիխ Մխիթարյան․ հեռանալ առանց «հրաժեշտի հանդիպման»
Մանրամասներ գների մասին
Ամենաէժան մարզասրահները ծառայություններ են մատուցում միայն կանանց։ Այստեղ ամսական աբոնեմենտները կարելի է ձեռք բերել 10 հազար դրամով:

Թանկ են համարվում այն սրահները, որոնց մեկ ամսվա աբոնեմենտերն արժեն ամսական 65 հազար դրամ և ավելին։ Դրանք ապահովված են ավտոկայանատեղիով, մատուցում են սպա-ծառայություն, ունեն լողավազան, ցանկացողներին տրամադրում են անհատական մարզիչ:
Միջին գները Երևանում 20-30 հազար դրամի սահմաններում են, մարզերում 15-20 հազար դրամ:
Գների տարբեր են նաև խմբային և անհատական պարապմունքների, առավոտյան և երեկոյան ժամերի դեպքում։ Հավելյալ վճար է նախատեսված, եթե մարզումները համակցված են սննդաբանի խորհրդատվությամբ:
Իրավիճակին ներսից ծանոթանալու համար եղանք Երևանի մի շարք մարզասրահներում։ Դրանց ղեկավարությունն առաձնապես հետաքրքրված չէր բիզնեսի մասին խոսել և իրենց մասին տեղեկատվություն տրամադրել։ Բոլորն ունեն սոցմեդիա էջեր, մարքեթինգի մասնագետներ և հաճախորդների կայուն զանգված:
Անկեղծ ասում են, որ չեն ցանկանում ավելորդ ուշադրություն հրավիրել, քանի որ ավելի բարդ կլինի բավարարել առանց այդ էլ մեծ պահանջարկը։
«Մարզումը ոչ միայն արտաքինն է փոխում, այլև մարդու տրամադրությունը»
Արամն աշխատում է Երևանում ամենահայտնի մարզասրահներից մեկում որպես մարզիչ։ Աշխատավարձը բարձր է, աշխատանքը՝ սիրելի, հաճախորդները՝ նպատակասլաց:
Ասում է՝ աշխատում է հանուն արդյունքի, ընդ որում յուրաքանչյուր այցելուի նկատմամբ ունի հատուկ, անձնավորված մոտեցում․

«Ծննդաբերած կնոջ հետ այլ աշխատանք է տարվում, երիտասարդի հետ, որը մկանային զանգված ձեռք բերելու խնդիր ունի, այլ մոտեցումներ են պետք: 50 տարեկանից բարձր մարզվողներն այլ խումբ են։ Հաշվի ենք առնում նաև՝ ինչ վնասակար սովորություններ ունեն մարդիկ, ու դրանք ուշադրության կենտրոնում ենք պահում մարզումների ժամանակ: Շատ կարևոր նրբություններ կան, որ եթե բաց թողնես, լավ արդյունք չի լինի»։
Նկատում է՝ վերջին երեք տարիներին մարդկանց հոսքը մարզասրահներում ավելացել է, փոխվել է նաև տարիքը, պահաջները սրահներից և մարզիչներից․
«Հինգ տարի առաջ իմ հաճախորդների մեծ մասը միջին տարիքի մարդիկ էին։ Հիմա չորս խումբ ունեմ՝ մինչև քսան տարեկաններ, որ ուզում են նիհարել կամ քաշ հավաքել, միջին տարիքի կանայք և տղամարդիկ, որոնք ուզում եմ մկանային զանգված ավելացնել, հիսունից ավելի բարձր տարիքի մարդիկ, որոնք ուզում են ավելորդ քաշից ազատվել և մարզական ակտիվություն ունենալ»:

Նրա խոսքով, մարդիկ ուշադրություն են սկսել դարձնել մարզչի որակավորումներին, սրահի տեխնիկական հագեցվածությանը, սարքերի արտադրությանը:
Եթե նախկինում միայն վճարունակ մարդիկ էին սրահների ծառայություններից օգտվում, հիմա դրանք հասանելի են նաև միջին և ցածր եկամուտներով այցելուների համար:
«Ինքս որպես մասնագետ շատ եմ ուրախանում այդ ակտիվությունից: Թեև մարդկանց զգալի մասը գալիս է լավ մարմին ունենալու նպատակով, սակայն դրա հետ նաև առողջական խնդիրներ է լուծում: Մարզվող մարդն առողջ է, շատ էներգիա ունի, բարձր տրամադրություն, մոտիվացված է, պատրաստ փոփոխությունների։ Գնային առաջարկների ճկունությունը հնարավորություն է տալիս մարդկանց մարզվել նաև առանց մարզչի կամ սրահ հաճախել ընտանիքի անդամների հետ: Նրանք այստեղ ընտանիքով հնարավորություն ունեն նույն վայրում և լողալ, և սնվել, և նոր ընկերներ ձեռք բերել»,- կարծում է Արամը:
Մարզասրահները սոցիալական նոր միջավայր են շփման համար
Մարիաննա Խաչատրյանը սոցիոլոգ է, զբաղվում է քաղաքային միջավայրի փոփոխությունների սոցիալական հետևանքների գնահատմամբ: Տարբեր հետազոտություններ է իրականացրել և պարզել է, որ մարդիկ ունեն սոցցանցերից դուրս շփումների կարիք․
«Հաճախ այն բավարարում են մարզասրահներ և գեղեցկության սրահներ այցելություններով։ Մեր քաղաքային միջավայրը շփումների համար շատ սահմանափակ հնարավորություններ ունի: Մեծ ու ընդարձակ այգիներ շատ չկան, լավ պատկերասրահներ ու ցուցադրության կենտրոններ։ Իսկ մարդիկ կարիք ունեն ռեստորաններից ու սրճարաններից դուրս, այլ որակի հաղորդակցություն ունենալ»:
Վերջին տարիներին Մարիաննան նկատում է, որ մարդիկ շփումների համար հետաքրքիր համայնքներ են ստեղծել, օրինակ բլոգերների, բժիշկների, ժամանակակից գրողների․
«Մասնագիտական շփումներին զուգահեռ մարդիկ նոր կապերի համար օգտագործում են այլընտրանքային հարթակներ: Օրինակ, ծանոթություններ են ձեռք բերում էսթետիկ բժշկության կենտրոններում և մարզասրահներում: Եթե մի դեպքում մարդկանց միավորում է մասնագիտությունը, ապա իմ նշած վայրերում՝ հետաքրքրություններն ու ցանկությունները»:

Սոցիոլոգի խոսքով՝ մարդիկ հիմա ավելի ազատ են ու բաց նոր շփումների համար, քան նախկինում էր։ Պատճառներից մեկն էլ հետպատերազմյան սթրեսի հաղթահարումն է համարում, իրական խնդիրներից ժամանակավորապես անջատվելու ցանկությունը:
Հարցումների արդյունքում պարզել է, որ երիտասարդների զգալի մասը նման միջավայրում փնտրում է զուգընկեր, ում հետ կարելի է կայուն հարաբերություններ կառուցել․
«Հնչել է ուղիղ հարց, ինչ սպասելիքներ ունեք մարզասրահներից։ Եվ ստացել ենք հետևյալ պատասխանները՝ լավ մարմին ունենալ, ինքնագնահատականը բարձրացնել և ընկեր կամ ընկերուհի գտնել: Հարցվածների կեսից ավելին հետագա հարցերի ժամանակ հաստատել է, որ արդեն ունի իր երազած մարմինը, ընկերը կամ ընկերուհին»:
Մարիաննա Խաչատրյանն ասում է՝ սա դրական փոփոխություն է։ Մի քանի տարի առաջ, երբ մարդիկ համացանցային կախվածության պատճառով դարձել էին մեկուսի, այլևս չունեին շփումների կարիք։ Իսկ հիմա սոցիլոգը նկատում է, որ նրանք դուրս են գալիս տներից և հենց իրենց կողմից ստեղծված կաղապարներից։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Մարզասրահների մեծ պահանջարկ Հայաստանում