«Չպետք է թույլ տանք, որ իմ հայրը մահանա բանտում». Սաակաշվիլիի որդի
Մամուլի ասուլիս Ստրասբուրգում՝ Սաակաշվիլիի առողջության վերաբերյալ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի որդին դիմել է Վրաստանի իշխանություններին Ստրասբուրգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որն ամբողջությամբ նվիրված էր երրորդ նախագահի առողջական վիճակին։ «Չպետք է թույլ տանք, որ իմ հայրը մահանա բանտում»,- ասել է Էդուարդ Սաակաշվիլին։
Ասուլիսին մասնակցել են Միխեիլ Սաակաշվիլիի ընտանիքի անդամները՝ մայրը՝ Գիուլի Ալասանիան, կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, որդին՝ Էդուարդ Սաակաշվիլին, ինչպես նաև եվրոպացի պատգամավորներ Աննա Ֆոտիգան և Միրիամ Լեքսմանը և Սաակաշվիլիի փաստաբան Մասիմո Դանջելոն։ Իրենց ելույթներում նրանք ևս մեկ անգամ կոչ են արել իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը՝ Սաակաշվիլիին բանտից ազատել։
«Մենք պետք է անցնենք մեր ընտանիքի պատմության այս դժվարին շրջանի միջով։ Բայց վրացական կառավարության համար կա պարզ լուծում, իրական հնարավորություն, որպեսզի ճիշտ քայլ կատարի և թույլ տա Միխեիլ Սաակաշվիլիին բուժում ստանալ արտերկրում։ Կարծում եմ, որ այժմ Եվրոպայում մեր ընկերների աջակցությամբ մենք ունենք իրական հնարավորություն փոխելու այս բարդ իրավիճակը։ Դա կախված է բոլորիցս՝ ընտանիքից, այն մարդկանցից, ովքեր համաձայն են այն մտքի հետ, որ պետք է փրկել հորս կյանքը և պահպանել նրա առողջությունը»,- ասել է Էդուարդ Սաակաշվիլին։
Նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջությունն իսկապես շատ կարևոր է, քանի որ մենք խոսում ենք մի մարդու մասին, որը Վրաստանում անհավատալի փոփոխություններ կատարեց, փորձեց երկիրը դնել արևմտյան ռելսերի վրա։ Նման հայտարարություն է արել երրորդ նախագահի ամերիկացի փաստաբան Մասիմո Դանջելոն։ Նրա խոսքով՝ Սաակաշվիլին քաղբանտարկյալ է և «կյանքը փրկող» բուժման կարիք ունի.
«Հոկտեմբերի սկզբին նրան սեփական աչքերով եմ տեսել: Բժիշկների խումբը հաստատում է, որ Սաակաշվիլին ծանր վիճակում է։ Նրան ոչ միայն խոշտանգել են և թունավորել, այլև տվել են դեղամիջոցներ, որոնք վատթարացրել են նրա առողջական վիճակը։ Նրա կյանքը փրկելու համար բուժում է պետք։ Մենք դիմում ենք «Վրացական երազանք»-ին և Բիձինա Իվանիշվիլիին և պահանջում անհապաղ ազատ արձակել Սաակաշվիլիին։ Հուսով ենք, որ մեր ձայնը լսելի կլինի, և Միխեիլ Սաակաշվիլիի կյանքը կփրկվի»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) (Քրիստոնյա դեմոկրատներ) ներկայացուցիչ Միրիամ Լեքսմանը հայտարարել է, որ առողջական վիճակի պատճառով Սաակաշվիլիի ազատ արձակման իրավական հիմքեր կան։ Նրա խոսքով՝ այն առաջարկությունները, որոնք Վրաստանը պետք է կատարի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, ի թիվս այլ բաների, ներառում են երկու կետ՝ արդար դատական համակարգ և պայքար հասարակության բևեռացման դեմ։
«Կա իրավական հիմք, որն ամրագրված է 283-րդ հոդվածում, և մենք ապացույցներ ունենք, որ Սաակաշվիլիի առողջական վիճակը համապատասխանում է այդ հոդվածին: Կարծում ենք, որ Վրաստանի արդարադատությունը և դատավորները պետք է այս հարցը դիտարկեն օրենքին համապատասխան և ազատ արձակեն Սաակաշվիլիին»,- ասել է Լեքսմանը։
Նրա խոսքով՝ եթե Սաակաշվիլին մահանա բանտում, դժվար կլինի խոսել վրացական դատական համակարգի անկախության մասին։
Այս առնչությամբ Լեքսմանը հիշատակել է մեկ այլ աղմկահարույց դեպք՝ Վրաստանի գլխավոր ընդդիմադիր հեռուստաալիքի՝ «Մտավարի Արխիի» հիմնադիր Նիկա Գվարամիայի բանտարկությունը.
«Նիկա Գվարամիայի դեպքում, ըստ Վրաստանի օմբուդսմենի հայտարարության, կան քաղաքական դրդապատճառներ։ Եթե անգամ միայն այս երկու դեպքերը չհամապատասխանեցվեն վրացական օրենսդրությանը, դա ԵՄ-ի համար «ոչ» ասելու պատճառ կլինի»։
Եվրախորհրդարանի պատգամավոր Աննա Ֆոտիգան դիմել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և «Վրացական երազանք» կուսակցությանը՝ Միխեիլ Սաակաշվիլիին բանտից ազատելու կոչով։
Ստրասբուրգում կայացած մամուլի ասուլիսում Ֆոտիգան հայտարարել է, որ երրորդ նախագահը պետք է ազատ արձակվի մարդասիրական նկատառումներով, քանի որ նրա առողջական վիճակը ծանր է։
«Ես երկու անգամ դիմել եմ Միխեիլ Սաակաշվիլիին այցելելու համար, երբ նա բանտում էր, և ինձ մերժել են, թեև այլ բանտարկյալների դեպքում ինձ թույլտվություն տալիս էին ․․․ Եվրախորհրդարանի պատգամավորների, Եվրամիության առաջնորդների համար շատ կարևոր է, որ նրանք հնարավորություն ունեն այցելել Միխեիլ Սաակաշվիլիին»,- ասել է Ֆոտիգան։
- Սաակաշվիլիի դեմ գործերը։ Ինչո՞ւ են բանտում պահում Վրաստանի նախկին նախագահին
- «Դուք չար եք և լի նախանձով». Վրաստանի վարչապետի ելույթը խորհրդարանում
- Սաակաշվիլի. «Երբեք չեմ ասել, որ թունավորման կասկածներ ունեմ»
Դեկտեմբերի 6-ին Վրաստանի հանրային պաշտպանի կողմից ստեղծված խորհուրդը զեկույց էր պատրաստել Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին։ Դեկտեմբերի 5-ին նախկին նախագահին այցելել էին չորս բժիշկներ.
Սրտաբան Գիորգի Կաչարավայի խոսքով՝ նախկին նախագահին անհրաժեշտ է փոխել բուժման վայրը։ Իսկ նյարդաբան Թենգիզ Ցուլաձեն նշել է, որ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը «էականորեն» վատացել է ապրիլի համեմատ։
Նաև, ըստ բժիշկների, երրորդ նախագահն ունի չորրորդ աստիճանի կախեքսիա [ծայրահեղ թերսնուցում], ինչը նշանակում է, որ հնարավոր է՝ նրան ապրելու մի քանի ամիս է մնացել։
Օմբուդսմեն Նինո Լոմջարիայի գնահատմամբ՝ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը համապատասխանում է պատիժը հետաձգելու միջնորդությանը։
Դեկտեմբերի 2-ին հրապարակվել է ԱՄՆ-ում իրականացված թունաբանական հետազոտությունը՝ պրոֆեսոր Դեյվիդ Սմիթի ստորագրությամբ։ Դրանում ասվում է, որ Միխեիլ Սաակաշվիլիի մարմնում հայտնաբերվել են ծանր մետաղներ և այլ նյութեր, այդ թվում՝ սնդիկ և մկնդեղ։ Մասնագետն այս նյութերի ընդունման հետ է կապում Սաակաշվիլիի ախտանշանները։
- ԵՄ-ն կոչ է անում բարեփոխումներ իրականացնել Վրաստանում, Ուկրաինայում և Մոլդովայում
- Սաակաշվիլիի առողջական վիճակը կդառնա՞ նրա օգտին փաստարկ դատարանում
Դեկտեմբերի 1-ին «Էմպաթիա» կենտրոնը հրապարակեց Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական եզրակացությունը, ըստ որի՝ նախկին նախագահն ունի ավելի քան քսան ախտորոշումներ կամ ախտանշաններ, որոնցից մոտ տասը անհամատեղելի են ազատազրկման հետ։
«Էմպաթիայում» ասում են, որ հիմնական ախտորոշումները հրապարակման ենթակա չեն։ Եզրակացության մեջ նշվում է, որ Միխեիլ Սաակաշվիլիի ներկայիս առողջական վիճակը գնահատվում է ծանր և ազատազրկման հետ անհամատեղելի։ Նրա ախտորոշումները՝ ինչպես առանձին, այնպես էլ միասին վերցրած, կարող են հանգեցնել առողջության անդառնալի վատթարացման, կյանքի տևողության կրճատման և նույնիսկ մահվան, եթե նրան համապատասխան ախտորոշում և բուժում ստանալու հնարավորություն չտրվի:
Մամուլի ասուլիս Ստրասբուրգում՝ Սաակաշվիլիի առողջության վերաբերյալ