Պանկիսիի կիրճում անցկացրած հատուկ գործողության ժամանակ վիրավորված Թեմիրլան Մաչալիկաշվիլին, որին մեղադրում էին հայտնի ահաբեկիչ Ահմեդ Չատաևի հետ կապի մեջ լինելու համար, մահացել է, հաղորդում է Ինտերպրես գործակալությունը:
Լուսադեմին հիվանդի վիճակը վատացել է, և նրան փրկել չի հաջողվել, ասել է Հրեշտակապետ Միքայելի անվան հիվանդանոցի մենեջեր, պրոֆեսոր Զազա Լուրսմանաշվիլին, որտեղ մոտ երկու շաբաթ բուժվում էր Մաչալիկաշվիլին:
Վերջինիս մայրը՝ Այիզա Մարգոշվիլին, կատարվածի համար մեադրում է իրավապահներին: Նա հիվանդանոցում լրագրողներին հայտարարել է, որ վրեժ է լուծելու որդու մահվան համար:
19-ամյա Թեմիրլան Մաչալիկաշվիլին գլխի վիրավորում էր ստացել դեկտեմբերի 26-ին հատուկ գործողության ժամանակ իր տան ննջարանում: Պետանվտանգության ծառայությունը հաղորդել է, որ իրավապահները Մաչալիկաշվիլիի վրա կրակել են այն պահին, երբ նա փորձել է գործի դնել նռնակ: Սակայն Մաչալիկաշվիլիի հարազատները պնդում են, որ նա քնած է եղել, երբ իրավապահները ներխուժել են նրա սենյակ:
Ըստ իրավապահների տեղեկատվության՝ Պանկիսիի կիրճում ձերբակալված անձինք կապ էին պահում թբիլիսյան հատուկ գործողության ընթացքում չեզոքացված Չատաևի և նրա համախոհների հետ: Հենց նրանք են օգնել ահաբեկիչներին ապօրինի հատել Վրաստանի սահմանը, զենքով ապահովել:
Ավելի ուշ մի քանի հարյուր տեղի բնակիչ բողոքի ակցիա էր իրականացրել Պանկիսիում՝ պահանջելով անաչառ հետաքննություն: Ակցիայի մասնակիցները հայտարարել էին, որ անվտանգության ուժերի գործողությունները Մաչալիկաշվիլիի հանդեպ «ուժեղ զայրույթ են առաջացրել ողջ Պանկիսյան կիրճում»:
Գրեթե մեկ շաբաթ ակտիվ բանակցություններ էին վարվում տուժածին արտասահման տեղափոխելու և արտասահմանյան կլինիկայում բուժումը շարունակելու վերաբերյալ: Այն բանից հետո, երբ բժիշկները մի քանի կոնսիլիումների արդյունքում համաձայնություն տվեցին հիվանդին տեղափոխելու, սկսվեցին տարբեր երկրների կլինիկաների հետ բանակցությունները:Արդյունքում երեքշաբթի օրը ընտրվեց Թուրքիայի Քոչ համալսարանական հոսպիտալը: