Մահացել է հանրահայտ բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը
Կիսվել
Կիսվել
Մարտի 14-ի առավոտյան Անգլիայի իր տանը մահացել է Սթիվեն Հոքինգը: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Հոքինգի ընտանիքի ներկայացուցչին: Գիտնականը 76 տարեկան էր:
Դեռևս 1963թ-ին Հոքինգի մոտ «կողային ամիոտրոֆիկ սկլերոզ» էր ախտորոշվել: Հիվանդության զարգացմանը զուգահեռ գիտնականը անվասայլակին է գամվել, շարժուն են մնացել նրա միայն մի քանի մատները:
Հոքինգի գիտական հետաքրքրությունների շրջանում, նախևառաջ, տիեզերքի խնդիրներն ու կառուցվածքն են եղել: Նրան է պատկանում մի քանի կարևորագույն գիտական բացահայտում:
Գիտնականը կարծում էր, որ մոտակա երկու հարյուր տարվա ընթացքում մարդկությունը պետք է գոնե մասնակիորեն տեղափոխվի այլ մոլորակներ, քանի որ Երկրագնդի վրա 21-րդ դարում արդեն տեղը կսկսի չհերիքել:
Հոքինգը հռչակ է ձեռք բերել, առաջին հերթին, գիտությունը հանրամատչելի դարձնելու իր գործունեությամբ: Նա մի շարք գիտահանրամատչելի գրքերի հեղինակ է, որոնցից ամենահայտնիները հետևյալն են. «Ժամանակի հակիրճ պատմությունը», «Սև խոռոչներն ու երիտասարդ տիեզերքները», «Աշխարհն ընկույզի կեղևի մեջ»:
Հոքինգը հսկայական քանակությամբ պարգևներ ունի, այդ թվում՝ Բրիտանական կայսրության շքանշան, ինչը միայն մեկ աստիճանով է ցածր ասպետական տիտղոսից: Չնայած որ Հոքինգն ԱՄՆ քաղաքացի չէր, Բարաք Օբաման իր նախագահության տարիներին գիտնականին պարգևատրեց Ազատության նախագահական մեդալով՝ ԱՄՆ քաղաքացիների համար նախատեսված բարձրագույն երկու պարգևներից մեկով: