Ձկնորսը
Սա Հարավային Օսիայում է՝ 20կմ դեպի սարեր բավականին մատչելի ճանապարհով։ Անտառի միջով գնում ես և չես էլ սպասում, թե ինչ է լինելու ոլորանի հետևում։ Լեոնիդ Գագիևն այդպես է արել 10 տարի առաջ և մնացել այստեղ։ Նա ձկնային տնտեսություն է հիմնել, նրա մոտ են գալիս իշխան, սաղմոն և ձկնկիթ գնելու ոչ միայն Հարավային Օսիայից, այլև Ռուսաստանից։
Սակայն նա այդպես մենակ էլ ապրում է այստեղ տասը տարի, և ոչ ոք նրան դեռ չի միացել։
Շունը
«Ես մի լայկա ունեի, չքնաղ շուն էր, անսահման խիզախ։ Մի անգամ գիշերը նրա հաչոցը լսեցի, բայց այդ օրը լույս չկար։ Դուրս եկա, կանչեցի-կանչեցի, բայց ոչ ոք չարձագանքեց։ Առավոտյան գտա նրան․ գայլերի ոհմակը հոշոտել էր։ Ինքս եմ մեղավոր․ այդ օրը նրա համար քաղաքից համեղ միս և ոսկորներ էի բերել թողել սառնամանիքին դուրսը։ Գայլերը հոտով գտել էին այն։ Եվ շունը սկսել էր մարտնչել, տիրոջն էր պաշտպանել։ Այդ օրվանից որոշեցի էլ երբեք շուն չպահել։ Սակայն Մուրզիլկան ինքը եկավ, մոլորվել էր։ Ես մենակ եմ, ձանձրանում եմ։ Իսկ այսպես միասին ապրում ենք»։
Լեոնիդը 60 տարեկան է։ Նրա տնտեսությունը, որը կոչվում է «Հարավային դարպասներ», այսօր հինգ ավազան ունի։
«Ես մեծացել եմ այս կիրճում, իմ գյուղը կոչվում է Կասագջըն (Ձկնային)։ Երևի նախանշված էր, որ այս գործով եմ զբաղվելու։ Մանուկ հասակում մենք խմբերի էինք բաժանվում և «տիրանում» գետակներին ու գետերին։ Եվ ձկնորսություն կարելի էր անել միայն «սեփական» ջրամբարներում։ Մի անգամ ես, այնուամենայնիվ, գնացի լուռ ձկնորսություն անելու «ուրիշի տարածքում»։ Իսկ հետո մտածեցի՝ միգուցե ինձ մոտ էլ ուրիշնե՞րն են այսպես գալիս ձուկ բռնելու»։
Երբ Լեոնիդն իր գործը սկսում էր 2010թ-ին` ուներ ձկնորսի գիտելիքներ միայն սիրողական մակարդակով։ Նա սկսեց շատ կարդալ և զբոսնել տեղի գետակների մերձակայքում՝ դրանք արդեն այլ աչքով ուսումնասիրելով։
Այսօր նրա հինգ ավազանների ջուրը գալիս է Սուսագ գետից (թարգմանաբար՝ «Լռություն»)։ Եվ նա աճեցնում է տարեկան մոտ հինգ տոննա ձուկ։
«Եթե ես իմանայի, որ այսքան ծանր է լինելու, երբեք չէի սկսի այս գործը։ Հիշում եմ միայն ամենասկիզբը։ Ես հիմնվեցի այստեղ, ինքս իմ ձեռքով կառուցեցի իմ կյանքի առաջին ջրավազանը և մեկնեցի Հյուսիսայի Օսիա՝ ձկան հետևից։ Ճանապարհին ձկան մեծ մասը սատկեց։ Ես հսկայական վնասներ կրեցի և հուսահատվել էի։ Լավ է, որ չհանձնվեցի․ հաջորդ անգամ ամեն ինչ ստացվեց»։
Իշխանի և սաղմոնի մեկ կիլոգրամը Լեոնիդից կարելի է գնել 600-700 ռուբլով [$6-9]։ Յուրաքանչյուր սաղմոնի քաշը 5-7կգ է, սակայն լինում են նաև այնպիսիք, որ 20կգ են կշռում։ Ձկնկիթը վաճառում է 4 հազար ռուբլով (մոտ $70) մեկ կիլոգրամի համար։ Օրինակ, Հյուսիսային Օսիայում նույնպիսի ձկնկիթն արժե գրեթե երկու անգամ ավելի թանկ։
«Երբ դեռ նոր էի սկսում, ապրում էի ԳԱԶ-66 մեքենայի թափքում։ Քնելը հարմար չէ, չէի կարողանում ոտքրս պարզել։ Երեք տարի դրա մեջ եմ ապրել։ Հողն էլ իմը չէ, պետությունից վարձակալել եմ»։
Սակայն տանը նա մենակ է ապրում։ Լեոնիդն ընտանիք ունի, որն ապրում է Հյուսիսային Օսիայում։ Չափազանց դժվար է այստեղ ապրել։ Հյուր են գալիս միայն ամռանը։
«Լինում է, որ գողեր են գալիս անվճար ձուկ բռնելու համար։ Իսկ ես տեսահսկման սարքեր եմ տեղադրել, հրացանի թույլտվություն ստացել։ Մի խոսքով, պաշտպանում եմ տնտեսությունս»։
Տան կողքը նա ռեստորան է կառուցում գետաքարից։ Դրանում ամեն ինչ անսովոր է լինելու։ Ապակե հատակ՝ ջրավազանի վրա, որում ձկներ են լողալու։ Քարերը բերելու համար նա իր առանձնահատուկ «վերամբարձ կռունկն» է հորինել։
«Իմ սիրած ձկնային ուտեստը սա չէ։ Ես սիրում եմ ձուկը աղով պարզապես խորովել վառարանում։ Սակայն հազվադեպ եմ ինքս ինձ համար ձուկ պատրաստում, միայն երբ հյուրեր եմ ունենում, ինչպես այսօր JAMnews-ը»։
Սակայն ամեն ինչ դանդաղ է ընթանում։ Լեոնիդը մասնագիտությամբ ֆինանսիստ է։ Նա վաղուց հաշվել է, թե որքան փող է անհրաժեշտ մեծ տնտեսություն ստեղծելու համար՝ 50 մլն ռուբլի [մոտ $76 հազար].։ Այդ ժամանակ կարելի է ընդլայնել տեսականին, պահածոյացնել ձկնկիթը, ապխտած և աղասակավ ձուկ արտադրել։ Նա նախագիծ էլ է մշակել և փոխանցել ներդրումային գործակալություն։
«Ես վարկը կվերադարձնեի արդեն 5-10 տարում։ Սակայն իմ նախագիծը չֆինանսավորեցին»։
Այն ամենն, ինչ նա կարողացել է անել 2 մլն ռուբլի [մոտ $30 հազար] վարկ վերցնելն է, դա հնարավորություն է տվել մի փոքր ընդլայնել տնտեսությունը։
«Ես գնեցի սառնարաններ և ծխեցման խցիկ։ Վարկս կփակել եմ 2019թ-ի նոյեմբերին, և այժմ միգուցե նորը վերցնեմ»։
Հենց ճանապարհի մյուս կողմում մեծ գետ է։ Լեոնիդ Գագիևն այնտեղ արդեն փորվածքներ է արել երկու մեծ ջրավազանների համար։ Եթե ամեն ինչ լավ ստացվի, նա շատ ձուկ կունենա։
Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի: