«ՀՀ-ն պետք է օգտագործի իր խաղաքարտը ճանապարհների ապաշրջափակման հարցում». թուրքագետ
Հնարավոր զարգացումներ ՀՀ-ում. կարծիք
«Այսօր Հարավային Կովկասը ներգրավվում է համաշխարհային զարգացումներում։ Հայաստանը պետք է ձգտի իր մասն ունենալ Պեկին-Լոնդոն կամ Հյուսիս-Հարավ միջանցքում։ Բայց այդ մասն ունենալով՝ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք և պաշտպանենք մեր տարածքային ինքնիշխանությունն ու ազգային շահերը»,- ասում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նա կանխատեսումներ է արել հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր զարգացումների վերաբերյալ, անդրադարձել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» պահանջին: Շեշտել է՝ Երևանը չպետք է որևէ պարագայում թույլ տա դա, կարևորել է քաղաքական կամքը:
«Պետք է հասկանանք, որ ինքներս էլ ունենք կարևոր խաղաքարտ, որը պետք է օգտագործենք: Բանալի ունենք՝ Մեղրիի ճանապարհը, որը համարում եմ Հայաստանի աշխարհաքաղաքական դարպասը: Ավելին՝ այդ դարպասն ամբողջ Սյունիքն է: Եվ դրա բանալին մեր ձեռքում է: Ոչ մեկին չենք տալու բանալին, մենք ենք որոշելու: Կարևորը այն շատ պինդ պահելն է»,- ընդգծել է թուրքագետը:
Ռուբեն Սաֆրաստյան, թուրքագետ
Հարավային Կովկասը ներգրավվում է համաշխարհային գործընթացներում
«Փորձենք հասկանալ Հարավային Կովկասում ներկայում ծավալվող ռազմավարական նշանակության գործընթացների հիմնական միտումները։
Առաջին հանգամանքն այն է, որ Կովկասը դառնում է տարբեր ուժային կենտրոնների միջև պայքարի թատերաբեմ․ այստեղ գնալով սրվում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև պայքարը։ Երկրորդը մեր տարածաշրջանում ՌԴ դիրքերի թուլացումն է: Երրորդ առանձնահատկությունն այն է, որ Հարավային Կովկասը ներգրավվում է համաշխարհային գործընթացներում:
Նախկինում այս տարածաշրջանը գտնվում էր Ռուսաստանի ազդեցության ոլորտում և, ըստ էության, դուրս էր համաշխարհային գործընթացներից։
Այս երեքն են հիմնական միտումները, բայց կան նաև դրանցից բխող մի շարք այլ միտումներ: Մասնավորապես՝ Թուրքիայի ակտիվացումը մեր տարածաշրջանում»:
Հայաստանը պետք է նուրբ դիվանագիտություն վարի, ոչ թե չեզոք լինի
«Իմ մոտեցումը հետևյալն է. ՀՀ-ն պետք է հեռու մնա Արևմուտքի և Ռուսաստանի միջև այս տարածաշրջանում ծագող պայքարից: Կարևոր եմ համարում նաև մեր դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների պահպանումը, իհարկե, հաշվի առնելով բոլոր այն բարդությունները, որոնք ներկայում կան։ Նույնքան կարևոր է, որ կարողանանք ավելի բազմաբնույթ դարձնել մեր հարաբերություններն այլ երկրների հետ, վարել դիֆերենցված արտաքին քաղաքականություն:
Շատ կարևոր եմ համարում մեր արտաքին քաղաքականության տարածաշրջայնացումը։ Նկատի ունեմ տարածաշրջանի երկրների հետ մեր հարաբերությունների կարգավորումը։
Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է։ Մենք չենք հրաժարվում դրանից: Հայաստանը նաև ԵԱՏՄ անդամ է, որից նույնպես չենք հրաժարվում, քանի որ դա շահավետ է մեզ համար։
Մենք պետք է շատ նուրբ դիվանագիտություն վարենք, ոչ թե չեզոք լինենք, որովհետև դեռ չենք կարող չեզոք լինել»:
Բաքուն փորձում է ՀՀ-ից հնարավորինս շատ զիջումներ կորզել
«Հայ-ադրբեջանական հարաբերությունները եկել, հասել են մի կետի, երբ մնացել է համաձայնեցնել պայմանագրի մի քանի կետ։ Պետք է շարունակել այդ բանակցությունները:
Իմ ընկալմամբ՝ Ադրբեջանը ոչ հեռատես քաղաքականություն է վարում: Փորձում է այս պահը օգտագործել՝ Հայաստանից հնարավորինս շատ զիջումներ կորզելու համար:
Սա է նրանց նպատակը: Նրանք առաջ չեն նայում, չեն գիտակցում, որ որքան շուտ ստորագրվի այդ պայմանագիրն, այնքան իրենց համար էլ լավ կլինի»:
Թուրքիան ձգում է ֆիքսել իր դիրքերի ուժեղացումը
«Թուրքիայի դիրքորոշումը համարում եմ ավելի ռազմավարական: Թուրքիան ասում է՝ որքան շուտ [կնքվի խաղաղության պայմանագիրը], այնքան լավ: Ինչո՞ւ: Որովհետև Թուրքիայի համար շատ կարևոր է հնարավորինս արագ պայմանագրով ֆիքսել այս նոր իրավիճակը, որը տարածաշրջանում ստեղծվել է Ռուսաստանի թուլացմամբ։ Դա տեսադաշտի հարց է։
Թուրքիան ավելի լայն տեսադաշտ ունի: Ինչո՞ւ: Որովհետև Թուրքիան հիմա վարում է այնպիսի քաղաքականություն, որի նպատակն է համաշխարհային առումով ուժեղացնել իր դերը: Նեղ տարածաշրջանն այնքան կարևոր չէ նրա համար։
Այստեղ նա ցանկանում է հայ-ադրբեջանական պայմանագրով հնարավորինս շուտ ֆիքսել իր դիրքերի ուժեղացումը և Ռուսաստանի թուլացումը, որպեսզի կարողանա իր հավակնություններն, այսպես ասած, համաշխարհային մակարդակով իրականացնել:
Իսկ Ադրբեջանն ավելի փոքր՝ մարտավարական տեսադաշտ ունի։ Ընդամենը ցանկանում է Հայաստանից զիջումներ կորզել: Այնպես որ, սա տեսադաշտերի և պետության մասշտաբների ու մակարդակի խնդիր է»:
ՀՀ-Թուրքիա հարաբերությունները 100%-ով չեն կարգավորվի
«Հայ-թուրքական սահմանի բացումը միանգամից տեղի չի ունենա: Իրենք շատ պարզ ասել են՝ երբ ստորագրվի հայ-ադրբեջանական պայմանագիրը, որոշակի քայլեր կձեռնարկեն հարաբերությունների կարգավորման առումով:
Կարծում եմ՝ Թուրքիան կփորձի իր ձեռքում խաղաքարտ պահել: Գիտե՞ք ինչու, որովհետև նրանց հաշվարկներով՝ Կարսը Նախիջևանին կապող երկաթուղու շինարարությունն ավարտվելու է 2029 թվականին։
Մինչև այդ Թուրքիան կփորձի ՀՀ վրա ճնշում գործադրելու միջոցներ պահել իր ձեռքում։
Հարաբերությունները 100 տոկոսով չեն կարգավորի, բայց Թուրքիան կարևոր քայլեր կանի, որպեսզի դրանք օգտագործի Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար՝ արտատարածքային միջանցք ստանալու նպատակով»:
Իրանն ուզում է խոչընդոտել Արևմուտքի և Թուրքիայի դիրքերի ուժեղացմանը
«Ռուս-իրանական հարաբերություններն իսկապես կարևոր են։ Եվ, ըստ էության, հիմա երկու գործընթաց ենք տեսնում: Առաջինը՝ ռազմավարական առումով։ Այս երկու երկրները հիմա ենթարկվում են Արևմուտքի ուժեղ ճնշումներին և փորձում են ավելի սերտացնել հարաբերությունները միմյանց հետ։ Իհարկե, այստեղ կան որոշակի բարդություններ, բայց նրանց հարաբերությունները բավականին սերտացել են:
Որքանով հասկանում եմ, մեր տարածաշրջանի առումով Իրանի մտահոգությունն այն է, որ ՌԴ թուլացմամբ այստեղ չուժեղանան Արևմուտքի կամ Թուրքիայի դիրքերը։
Այդ առումով Իրանի համար շատ կարևոր է Հայաստանի գործոնը, որի միջոցով ցանկանում է խոչընդոտել Հարավային Կովկասում Արևմուտքի և Թուրքիայի դիրքերի ուժեղացմանը: Պատահական չէ, որ Իրանը վճռականորեն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հնարավոր զարգացումներ ՀՀ-ում. կարծիք