«Բաքուն ուզում է պայմանագրի վերաբերյալ կասկած առաջացնել հայ հանրության մոտ»․ կարծիք
ՀՀ-ն հերքում է Բաքվի լուրերը կրակոցների մասին
Նախօրեին Ադրբեջանի ՊՆ-ն երեք նույնաբովանդակ հաղորդագրություն էր հրապարակել՝ պնդելով, թե, իբր, Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Պաշտոնական Երևանը հերքել էր։ Միաժամանակ հիշեցրել էր «հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու» ՀՀ առաջարկի մասին, որին Բաքուն մինչ օրս չի արձագանքել։
«Մարտի 16-ին և 17-ին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը պարեկների է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ։ Իրավիճակը շարունակում է հանգիստ ու հանդարտ մնալ, որևէ անսովոր ակտիվություն չի նկատվել»,- X-ի միկրոբլոգում հայտարարել էր ԵՄ դիտորդական առաքելությունը։
Հատկանշական է, որ Բաքվի այս հաղորդագրությունները հրապարակվել էին Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ավարտի և խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության ձեռքբերման ֆոնին։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը JAMnews-ի հետ զրույցում նկատել է՝ Ադրբեջանը որպես գործիք օգտագործում է նոր պատերազմի վախը՝ հայ հանրության վրա ազդեցություն գործելու նպատակով։ Ասում է՝ ներկա պահին էսկալացիայի հավանականությունն ավելի փոքր է, քանի որ «շարժառիթ չկա»։
«Հարավարևելյան հատվածում բարձունքներ գրավելն իմաստ չունի, հիմնական բարձունքներն այդ հատվածում այսպես, թե այնպես իրենց ձեռքում են։ Այսպես կոչված միջանցք [արտատարածքային ճանապարհ] բացել այս պահին ոչ միայն Ադրբեջանին թույլ չեն տա, այլև դժվար կլինի՝ հաշվի առնելով միջազգային խաղացողների դիրքորոշումը, ինչպես նաև ՀՀ պաշտպանական կարողությունները»,- ընդգծել է քաղաքագետը։
- Բաքվի պահանջից խուսափել չի՞ ստացվում. կարծիքներ «Իրական Հայաստանի» մասին
- Ինչո՞ւ է Բաքուն մերժում Երևանի առաջարկները․ Փաշինյանի հոդվածը ապաշրջափակման մասին
- «Բաքվի նպատակը լոգիստիկ հարցերը քաղաքական ճնշման գործիքի վերածելն է»․ կարծիք
«Փորձում են արդարացնել Ալիևի հայտարարությունը»․ ԱԺ նախագահ
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ադրբեջանական կողմի տարածած լուրերին և վստահեցրել՝ դրանք չեն վկայում «խաղաղության գործընթացի ձախողման» մասին։
«Կարծում եմ՝ դա արվել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունն արդարացնելու համար, որն ասում էր, որ հայկական կողմի նկատմամբ զրոյին մոտ վստահություն կա։ Ինչը ինքնին ինձ համար զարմանալի է, որովհետև մեր աշխատանքը և գործելաոճը, նույն այդ պայմանագրի համաձայնեցված լինելու հայտարարության տրամաբանությունը խոսում է հակառակի մասին»,- շեշտել է նա։
ԱԺ նախագահից լրագրողները հետաքրքրվել են նաև էսկալացիայի հավանականության մասին։ Ի պատասխան Սիմոնյանը նշել է՝ «այս փուլում չեմ կարծում, որ նման քայլի կգնան»։
Մարտի 13-ին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու և բանակցություններն ավարտելու մասին։ Մեկ օր անց, սակայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց․ «Հայաստանի նկատմամբ մեր վստահության մակարդակը մոտ է զրոյի։ Նրանք այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել, այդ թվում՝ այսօրվա կառավարությանը: Ինչ նրանք մեզ ասում են, մեզ համար ոչ մի նշանակություն չունի։ Մեզ փաստաթղթեր են պետք։ Մեզ հարկավոր է, որ նրանց Սահմանադրությունում տարածքային պահանջներ չմնան Ադրբեջանի նկատմամբ։ Իսկ դրանք դեռ առկա են»։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրություններից հետո կարող է լինել երկու ենթադրություն․
- «Բաքուն ֆոն է ստեղծում նոր էսկալացիայի համար,
- Ադրբեջանն այդ կերպ փորձում է ազդել հայ հասարակության վրա, աղավաղել այն դրական ֆոնը, որը ձևավորվել է խաղաղության համաձայնագիրը ավարտին հասցնելու բերումով»։
Ինքը՝ Ղևոնդյանը, ներկա պահին նոր էսկալացիայի սցենարը քիչ հավանական է համարում։ Պնդում է՝ նման հաղորդագրություններ տարածելու նպատակը հայ հանրության վրա ազդեցություն գործելն է․
«Նպատակը հայ ժողովրդի մոտ կայունության, խաղաղության վերաբերյալ պատկերացումներ թույլ չտալն է։ Դա արվում է, որպեսզի հնարավոր լինի շարունակել ճնշել ՀՀ իշխանություններին, հետագայում ավելի լավ բանակցային դիրքեր ստանալ ապաշրջափակման, սահմանագծման ու սահմանազատման և մի շարք այլ հարցերում»։
Նկատել է՝ Բաքուն ուզում է հայ հանրության մոտ «կասկածներ թողնել» ստորագրվելիք համաձայնության վերաբերյալ, որպեսզի կարողանա պահպանել Երևանի վրա ունեցած ազդեցության լծակները։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է աշխարհաքաղաքական իրավիճակից․
«Եթե ամեն ինչ շարունակի ընթանալ այնպես, ինչպես հիմա՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմի, Իրանի շուրջ լարվածության, Թրամփի տարբեր նախաձեռնությունների հետ, եթե շարունակվի միջազգային հանրության աջակցությունը [խաղաղության] գործընթացին, ապա 2025 թ․-ի ընթացքում համաձայնագիրը կարող է ստորագրվել»։
Ղևոնդյանն ասում է՝ փաստաթղթի ստորագրումը կնվազեցնի էսկալացիայի ռիկերը։ Միևնույն ժամանակ այն «գործիք կդառնա Ադրբեջանի ձեռքին՝ ՀՀ նկատմամբ ճնշումներ գործադրելու»։ Մասնավորապես, ըստ նրա, Բաքուն ժամանակ առ ժամանակ Երևանին կմեղադրի համաձայնագրի որևէ կետ խախտելու մեջ։
Այդ ճանապարհին ադրբեջանական կողմը որպես խոչընդոտ է դիտարկում նաև սահմանի հայկական կողմում պարեկություն իրականացնող Եվրամիության դիտորդներին․
«Ակնհայտ է, որ դիտորդները կանգնած են Ադրբեջանին կոկորդին։ Բաքուն չի կարողանում ամբողջապես իրացնել իր նպատակները։ Հենց այդ պատճառով էլ թե Բաքուն, թե Մոսկվան անհանգստացած են, ուզում են, որ օր առաջ ԵՄ դիտորդները չլինեն սահմանին»։
Կողմերը համաձայնեցրել են երրորդ երկրի ուժերը սահմանից հեռացնելու մասին դրույթ, սակայն պարզ չէ՝ արդյո՞ք փաստաթղթի ստորագրումից հետո ԵՄ դիտորդները հեռանալու են ՀՀ-ից։
«Գուցե սահմաններից դուրս են գալու, բայց մնալու են շրջկենտրոններում։ Կամ սահմանային հատման կետերից 1-3 կմ առաջ չեն գնալու։ Տարբերակները բազմաթիվ են»,- նկատում է Ղևոնդյանը։
Քաղաքագետի խոսքով՝ եթե գործարկվի պայմանագրի դրույթների կատարման մեխանիզմ, սահմանազատման և սահմանագծման աշխատանքները շարունակվեն, սահմաններին էլ փաստացի խաղաղություն տիրի, «անմիջապես սահմանին Եվրամիության դիտորդների ներկայությունը կարող է շատ անհրաժեշտ չլինել ՀՀ-ին»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ-ն հերքում է Բաքվի լուրերը կրակոցների մասին