«Պատմական պահ»․ ԵՄ-ն Հայաստանին հանձնեց վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը
ՀՀ-ին հանձնվեց վիզաների ազատականացման ծրագիրը
Եվրամիությունը պաշտոնապես Հայաստանին է հանձնել վիզաների ազատականացման երկխոսության գործողությունների ծրագիրը։ Պաշտոնական Երևանը սա բնորոշել է որպես «պատմական իրադարձություն» և «առաջին շոշափելի քայլ»՝ ընդգծելով, որ այն համատեղ ջանքերի արդյունք է։
«Ուզում եմ մեծ պատասխանատվությամբ նշել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը միակ երկիրն է, որը ԵՄ-ի հետ ունի շարունակական երկխոսություն վիզաների ազատականացման թեմայով»,- հայտարարել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Ծրագիրը Սարգսյանին է հանձնել Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները։ Ասում է՝ այն ներառում է մի շարք բարեփոխումներ տարբեր ոլորտներում՝ անվտանգությունից մինչև մարդու իրավունքներ և հավելում՝ այդ նպատակներին պետք է հասնել հաջորդող տարիներին։
«Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը, որպեսզի այս նպատակները դառնան իրականություն»,- ընդգծել է Լուխները։
Որքա՞ն կտևի վիզաների ազատականացման գործընթացը։ Նախարարն ու Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը կոնկրետ ժամկետներ չեն մատնանշել։
Յոհաննես Լուխներն ասել է. «Կտևի այնքան, ինչքան անհրաժեշտ է, որպեսզի բարեփոխումների նպատակները հասնեն իրենց հանգրվանին»։ Վստահեցրել է՝ Եվրամիությունն ու Հայաստանը հանձնառու են ապահովելու, որ գործընթացը լինի ոչ միայն արագ, այլև որակյալ:
Հայաստանն ու Եվրամիությունը վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին հայտարարել էին 2024 թ․-ի սեպտեմբերին։
- Հայաստանը՝ Արևմուտքի և ՌԴ միջև․ կառավարության «բալանսավորման» քաղաքականության ռիսկերը
- «Ժողովրդավարությունը Հայաստանում իրողություն է»․ Փաշինյան
- ՀՀ-ում Եվրամիության ներդրումները կհասցվեն 2.5 միլիարդ եվրոյի․ եռակողմ հանդիպում Բրյուսելում
Ոչ միայն տեխնիկական գործընթաց, այլև արժեհամակարգային հնարավորություն
Հայաստանի Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը Հայաստանի համար եվրոպական ընտանիքի հետ կապերը խորացնելու արժեհամակարգային հնարավորություն է․
«Սա նաև կարևորագույն հնարավորություն է ապահովելու մարդկային, տնտեսական, մշակութային և կրթական կապերը Հայաստանի և Եվրոպական միության միջև»։
Նախարարի փոխանցմամբ՝ գործողությունների ծրագրի պաշտոնական հանձնումը վկայում է ՀՀ-ի և Եվրամիության համատեղ ջանքերի որակի և երկկողմ պատրաստակամության մասին՝ շարունակելու այս գործընթացը մինչև Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացման իրագործում։
Շեշտում է՝ Հայաստանը հանձնառու է հետևողականորեն իրականացնել ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները։
Տեղեկացնում է՝ նախատեսված բարեփոխումները ներառելու են միգրացիոն կառավարման, ապաստանի, սահմանային անվտանգության, մարդու իրավունքների և հանրային անվտանգության ոլորտները՝ որպես «Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգի առանցքային մաս»։
Ասում է՝ ներկայացված ծրագիրը լիովին համահունչ է ՀՀ-ի կողմից վարվող բարեփոխումների քաղաքականությանը։
«Դրանում ներառված են մի շարք միջոցառումներ, որոնք էական նշանակություն են ունենալու Հայաստանի քաղաքացիների կյանքի վրա, և իհարկե, ապահովելու են արժանապատիվ ճանապարհորդության հնարավորություն դեպի Եվրոպական միության տարբեր երկրներ»,- նկատել է Սարգսյանը։
ԵՄ մասնագիտական խմբեր են ժամանելու Հայաստան
Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների խոսքով՝ հաջորդ փուլում հայկական իշխանությունները պետք է պաշտոնապես արձագանքեն վիզաների ազատականացման գործողությունների ծրագրին, իսկ ԵՄ-ն ուղարկի համապատասխան փորձագիտական խմբեր։
«Մեր մասնագիտական խմբերը կմեկնեն Հայաստան՝ տարբեր ուղղություններով ուսումնասիրելու իրավիճակը և կազմելու առաջընթացի զեկույցներ։ Ծրագիրը բաղկացած է երկու փուլից։ Առաջինը վերաբերում է օրենսդրական փոփոխություններին և իրավական ակտերի ընդունմանը, իսկ երկրորդը՝ դրանց գործնական կիրառմանը»,- մանրամասնել է նա։
Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչի գնահատմամբ՝ ՀՀ-ն նկատելի արագությամբ է իրականացրել մի շարք առանցքային բարեփոխումներ։
Յոհաննես Լուխները մատնանշել է, մասնավորապես՝ կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն ու նշել՝ ԵՄ-ում դրանք գնահատվել են որպես «հաջողված քայլ»․
«Քանի որ Հայաստանի իշխանությունները արդյունավետ և արագ են աշխատել կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման ուղղությամբ, մենք արդեն կարող ենք ակնկալել դրա գործարկումը հաջորդ տարվա սկզբին։ Մյուս բաղադրիչները վերաբերում են օրենսդրական մակարդակին և լինելու են ընթացիկ գործընթացներ, որոնց իրականացմանը մենք հանձնառու ենք տալ շարունակական ընթացք»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ-ին հանձնվեց վիզաների ազատականացման ծրագիրը