Հայաստանի խորհրդարանը մերժեց «գումար՝ կարճաժամկետ ծառայության դիմաց» նախագիծը
Գումար՝ կարճաժամկետ ծառայության դիմաց
Հայաստանի խորհրդարանն այսօր մերժեց իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը, որի համաձայն՝ 18 տարին լրացած երիտասարդը կարող էր պետբյուջե վճարել 20 մլն դրամ և երկու տարվա փոխարեն ընդամենը մեկ ամսով անցնել պարտադիր զինծառայության։
Նիստերի օրակարգում այդ նախագծի ընդգրկմանը դեմ քվերակեցին ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական պատգամավորները։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց՝ նախագծում ներառված են հարցեր, որոնք կարող են «հասցեագրել բանակի բարեփոխումների կառավարության նպատակները»։ Բայց նաև հավելեց՝ առանձին կարգավորումների ու դրանց ձևակերպումների պատճառով «այս պահին այս տեսքով» նախագիծն ընդունել չեն կարող։
Նախագիծը մեծ աղմուկ էր բարձրացրել Հայաստանում։ Մարդու իրավունքների պաշտպանն ու քաղհասարակության ներկայացուցիչներն այն խնդրահարույց էին համարել։ Պնդել էին՝ նման կարգավորումը կարող է «առավել խորացնել հասարակության սոցիալական բևեռացվածությունը»։ Պատգամավոր Հայկ Սարգսյանը, սակայն, համոզմունք էր հայտնել, որ սոցիալական բևեռացում և անհավասարություն առկա է նաև այսօր, իսկ նախագիծը «փողով բանակից ազատվելու դեմ պայքարելու միջոց է»։
- «Չպետք է թույլ տալ, որ Բաքուն օգտագործի Իրան-Իսրայել սրացումը»․ կարծիք Երևանից
- «Ապաշրջափակման Երևանի առաջարկները փարատում են Բաքվի կասկածները»․ կարծիքներ
- «Էրդողանի հայտարարությունը վկայում է Թուրքիա-ՌԴ գործարքի մասին». կարծիք Երևանից
Ի՞նչ էր առաջարկվում
Օրենսդրական փաթեթով առաջարկվում էր կրճատված ժամկետով ծառայության հնարավորություն տրամադրել նաև 18 տարին լրացած քաղաքացիներին։ Մինչ այս նման արտոնություն ունեին միայն 27 տարին լրացած և պարտադիր ծառայությունից խուսափած անձինք։
Առաջարկի համաձայն՝ ժամկետային զինծառայողներին պետք է հնարավորություն տրվեր ընտրել 3 տարբերակներից որևէ մեկը՝
- ծառայել 24 ամիս և ստանալ բարձր դրամական ապահովություն պետության կողմից,
- ծառայել 6 ամիս և պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ,
- ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 20 միլիոն դրամ։
Բացի այդ, առաջարկվում էր պարտադիր զինծառայության սահմանային տարիքը ներկայիս 27-ի փոխարեն դարձնել 37։ Օրինագիծը նախատեսում էր նաև մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում սահմանել 15 միլիոն դրամ բազային տուրք։
Սարգսյանը դեմ քվեարկեց իր հեղինակած նախագծին
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը դեմ է քվեարկել իր իսկ հեղինակած նախագծին։
«Առաջնորդվելով վարչապետի հանձնարարականով՝ կշարունակեմ աշխատել մեր գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք կյանքի կոչել այն բարեփոխումներն ու ուղենիշները, որ վարչապետն է դրել մեր առաջ, որոնք առկա են կառավարության ծրագրում։ Ես նույնպես դեմ կքվեարկեմ օրենքի նախագծին»,- իր որոշումը Սարգսյանն այսպես է մեկնաբանել։
Մինչ այդ, սակայն, պնդել էր՝ չկա հետաձգում։
«Պետք է գնանք ինստիտուցիոնալ բարեփոխումների, վճռական որոշումների ճանապարհով, նվազագույնի հասցնենք չարաշահումների հնարավորությունը»,- նկատել էր պատգամավորը։
Նախօրեին նա վստահություն էր հայտնել, որ հարցը կներառվի նիստերի օրակարգում։
«Մեծամասնությունը կողմ է նախագծին, և դրանից ելնելով եզրակացնում, որ վաղը կներառվի նաև օրակարգում: Այո, ես պնդելու եմ և խնդրելու եմ, որպեսզի պատգամավորները քվեարկեն, և հարցը ներառվի նիստերի օրակարգում»,- «Ազատության» եթերում ասել էր Հայկ Սարգսյանը։
Օրինագիծը բացասական եզրակացության էր արժանացել
Կառավարությունը Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծին հավանություն էր տվել դեռևս մայիսի 22-ին։ Դրան հաջորդել էին փակ քննարկումներ ԱԺ իշխող ուժի պատգամավորների և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ։
Հունիսի 13-ին օրինագիծը քննարկվել էր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում։ Շուրջ 4 ժամ քննարկումից հետո հանձնաժողովը դրական եզրակացություն չէր տվել դրան։
«Խորացնելու է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները»
Գումարի դիմաց ավելի կարճ ժամկետով ծառայելու առաջարկի մասին նման կարծիք էին հայտնել տասնյակից ավելի ՀԿ-ներ։
«Նախագծով առաջարկվող կարգավորումները հակասում են ՀՀ Սահմանադրությամբ սահմանված՝ օրենքի առջև ընդհանուր հավասարության և խտրականության արգելքի սկզբունքներին»,- նկատել էին նրանք։
Համատեղ հայտարարության համաձայն՝ երկրի պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտավորության կատարումն ու զինապարտությունը նախագծով պայմանավորվում է անձանց սոցիալական և գույքային դրությամբ, ինչն «անընդունելի է»։
Նշվում է, որ նման կարգավորման պարագայում հանրության շրջանում պետության պաշտպանության պարտավորությունը ոչ թե կընկալվի որպես բոլորի կոլեկտիվ պարտավորություն, այլ կմնա բացառապես նվազ հնարավորություններ ունեցող անձանց ուսերին։
Քաղհասարակության համոզմամբ՝ կառավարությունը պետք է կենտրոնանա ԶՈՒ-ում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման վրա, այլ ոչ թե «օրինականացնի առկա կոռուպցիան և խորացնի սոցիալական անարդարությունը»։
ՀԿ-ներն առաջարկել էին նախագիծը հանել շրջանառությունից։
Արդյո՞ք ռիսկերը գնահատվել են․ ՄԻՊ-ի դիտարկումները
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն արձանագրել էր՝ առաջարկվող կարգավորումները կարող են լուրջ սոցիալական շերտավորում ձևավորել։
«Սոցիալական արդարության տեսանկյունից նման մոտեցումը չի կարող ընդունելի համարվել: Զինծառայողները պետք է զերծ լինեն մարդու իրավունքների և ազատությունների հետ կապված ցանկացած հիմքով խտրականությունից»։
Պաշտպանի գնահատմամբ՝ բանակում մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումը սկզբունքորեն դժվար է պատկերացնել առանց զինծառայողների շրջանում ամուր կարգապահության: Կարծում է՝ կարգապահության ապահովման տեսանկյունից նախագիծը ռիսկեր է պարունակում։
«Արդյո՞ք գնահատվել են ռիսկերը, թե ինչպես է ապահովվելու ամուր ու բարձր մակարդակի կարգապահություն այն զինծառայողների շրջանում, որոնց մի մասը մյուսների համեմատ միայն գումար վճարելու դիմաց արտոնություն է ստանալու և ծառայություն է անցնելու ավելի պակաս ժամկետով: Արդյո՞ք դա չի հանգեցնելու զինվորների շրջանում ներքին հակասությունների ու կոնֆլիկտների և ոչ կանոնադրային հարաբերությունների խորացման»,- հարց էր բարձրացրել Մանասյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Գումար՝ կարճաժամկետ ծառայության դիմաց