Հիշողություններ պատերազմում զոհված 24-ամյա Տարոնի մասին: Ֆոտոպատմություն
Լաուրա Սարգսյանը Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Տարոն Գիվարգիզյանի մայրն է։ 24 տարեկան Տարոնը Արցախի երկրորդ պատերազմի ժամանակ որպես կամավոր մեկնել էր Արցախ և զոհվել հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից։

Որդու կորստից հետո անցել է բավական ժամանակ, և Լաուրան փորձում է վերադառնալ բնականոն կյանքին, սակայն որդու կերպարը, նրա մասին հուշերը նրա կյանքի զգալի մասն են դարձել։ Անկեղծանում է, որ եթե աշխատանքի չգնար, ապա չգիտեր, թե ինչպես կարող էր նորից ապրել եթե ոչ նորմալ, ապա սովորականին մոտ կյանքով։

Տունը, որտեղ ապրում է Լաուրան, դարձել է որդու մասին պատմող հուշերի թանգարան։ Ամեն անկյուն հիշեցնում է զոհված որդու մասին։ Տարոնը դեռ դպրոցը չավարտած՝ կամավորական սկզբունքով մեկնել էր ժամկետային ծառայության, ու այդ պատճառով դպրոցի ավարտական նկարում զինվորական հագուստով էր։

Լաուրան ապրում է մի կյանքով, որտեղ տղան` Տարոնը, կարծես, կենդանի է: Մայրը չի փոխել այն անկողինը, որտեղ վերջին անգամ քնել էր իր որդին: Ասում է, թե որդու բույրը չի ուզում կորցնել։ Նրան այցելում են որդու ընկերները, մտերիմները ամեն օր տարբեր պատմություններ են պատմում, իսկ Լաուրան լսում է ու զարմանում, թե այդ երբ է Տարոնը հասցրել լինել այդքան բարի, լավն ու հարգանքի արժանի։

Որդու կորուստը մեղմելու համար Տարոնի ընկերները նկարել են նրա դիմապատկերը, որը երևում է Լաուրայի պատուհանից։ Եվ հիմա Տարոնին հիշեցնող և տան ամեն անկյունում ցուցադրվող մասունքներին գումարվել է նաև այս նկարը:

Սակայն տնից դուրս գալն էլ է Լաուրայի մոտ հուշեր արթնացնում որդու մասին։ Նրա պատվին մոտակա եկեղեցու բակում կառուցել են ցայտաղբյուր:

Լաուրայի կյանքը բաժանվել է 2 մասի՝ որդու մահից առաջ և հետո։ Պետության մասին պատկերացնումները ևս փոխվել են։ Այժմ Լաուրան ավելի խիստ է նայում այն սխալներին, որ կարող են թույլ տալ երկրի ղեկավարները։ Նա վստահ է, որ հայրենիքի համար կյանք տված զինվորների պատիվը բարձր պահելու համար պետք է կերտել ուժեղ հայրենիք։

«Կանայք տալիս են արյուն, իսկ տղամարդիկ գնում են կռիվ», – այս խոսքերը Տարոնի վերջին բառերն են՝ ասված մորը։ Լաուրան ամեն պահ հիշում ու վերլուծում է այն ամենը, ինչ կատարվել է պատերազմի ընթացքում։ Տարոնը դպիր էր, սպորտսմեն ու երաժիշտ, 28 ընտանիքի կնքահայր էր։ Լաուրան որոշել է ապրել այնպես, որ որդու թողած գործերը կիսատ չմնան։ Օգնում է կարիքավոր ընտանիքներին։

Լաուրան Եռաբլուրում ծանոթացել է զոհված մի քանի զինվորի մայրերի հետ: Նրա նախաձեռնությամբ այժմ որդեկորույս մայրերից շատերը ընդհանուր նամակագրական չատ ունեն, որտեղ գրում են իրար, պատմում իրենց ընտանեկան նորությունների մասին ու սփոփում, ուժ տալիս միմյանց։

Լաուրան «գերեզման» բառը չի ասում, այլ ուղղակի նշում է, որ Տարոնի մոտ է գնում։ Նրա ընտանիքում ընդունված չէ որդու մասին անցյալ ժամանակաձևով խոսելը։
Տարոնի մայրը որոշել է, որ որդին վերածնվելու է, ու չի բացառում, որ ինքը նորից մայր կդառնա։
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, որոնց կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։