Հարավօսական իշխանությունները Ցխինվալիի բանտից ազատ են արձակել Վրաստանի քաղաքացուն
11-օրյա կալանքից հետո Ցխինվալիի իշխանությունները գրավով ազատ են արձակել Վրաստանի՝ սեպտեմբերի 29-ին ձերբակալված քաղաքացի Մայա Օթինաշվիլիին:
Ախալգորիի շրջանային դատարանն Օթինաշվիլիին մեղավոր է ճանաչել Հարավային Օսիայի Հանրապետության դե ֆակտո սահմանի ապօրինի հատման համար և 1 տարվա պայմանական ազատազրկման դատապարտել՝ 6 ամիս փորձաշրջանով:
Ինչպես հաղորդում է հարավօսական ՌԵՍ գործակալությունը, դատարանը որոշել է Մայա Օթինաշվիլիին կալանքից ազատ արձակել:
Երեք երեխաների 37-ամյա մայրը ձերբակալվել է ռուսական զինվորականների կողմից վրաց-օսական հակամարտության գոտում սեպտեմբերի 29-ին Գորիի շրջանի տարածքում՝ Խուրվալեթի գյուղի մոտ, իր տնից ոչ հեռու գտնվող սեփական հողամասում, նա ընկույզ հավաքելիս է եղել:
Ազատություն ռադիակայանի հետ զրույցում Օթինաշվիլիի մայրը՝ Գալինա Կելեխսաևան, հայտարարել է, որ ձերբակալման պահին իր դուրստրը դիմադրել է և ծեծի ենթարկվել:
Սա առաջին դեպքը չէ, երբ ռուս զինվորականները հակամարտության գոտում Վրաստանի քաղաքացիների են ձերբակալում այսպես կոչված սահմանի խախտման համար:
Որպես կանոն, «պետական սահմանը հատելու» մեղադրանքով ձերբակալվածներին տուգանում են և ազատ արձակում:
Սակայն այս դեպքում այդպես չեղավ, քանի որ Հարավային Օսիայի ՊԱԿ-ը հայտարարում է, որ Օթինաշվիլին փողի դիմաց մարդկանց է սահմանով անցկացրել: Այդ պատճառով էլ նրա հանդեպ քրեական գործ է հարուցվել: Օթինաշվիլիի ընտանիքը Ցխինվալիի մեղադրանքներն աբսուրդային է անվանում:
• Տեղեկատվություն այն մասին, որ հակամարտության գոտում Վրաստանի քաղաքացու են ձերբակալել «սահմանի ապօրինի հատման համար», մամուլում հայտնվում է գրեթե ամեն շաբաթ:
Այսպես կոչված «պետական սահմանի» մերձակայքում տեղաշարժը խստորեն վերահսկում են ռուս զինվորականները: Նրանք մարդկանց ձերբակալում են, այդ թվում այն վայրերում, որտեղ դեռ փշալար կամ “սահմանի” նշան չկա:
Հակամարտության գոտուց հաճախ են հաղորդագրություններ ստացվում այն մասին, որ ռուս զինվորականները «պետական սահմանը հատելու» համար ձերբակալել են Վրաստանի որևէ քաղաքացու, որը սեփական գյուղում անասուններին է արածեցրել կամ ջոնջոլի է հավաքել մոտակա անտառում:
Կայքում կարդացեք նաև. Վրաստանի խորհրդարանն ընդունել է «Օթխոզորիայի-Թաթունաշվիլիի ցուցակ», որում ներառված են Վրաստանի քաղաքացիների դեմ հանցագործություն կատարածները
Վերջին աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել օգոստոսի վերջին, երբ ռուս զինվորականները Տրուսոյի կիրճում ձերբակալել են 5 երիտասարդ վրացիների, որոնք ուսապարկերով արշավի են գնացել: Դեռահասներին ազատ արձակելու համար մի քանի օր և միջազգային կազմակերպությունների միջամտությունն է պահանջվել: Ձերբակալվածներին, որպես կանոն, պահում են Ցխինվալիի մեկուսարանում և ազատ արձակում տուգանք վճարելուց հետո:
• Օգոստոսյան պատերազմից հետո ռուս զինծառայողները, որոնք կանգնած են հակամարտության գոտու ողջ երկայնքով, սկսել են վարչական սահմանին կանաչ—սպիտակ պաստառներ քաշել «Պետական սահման» և «Հարավային Օսիա» գրառումներով: Սահմանի դեր է խաղում փշալարը, որը տեղադրում են նախանշված վայրերում: Ռուսական և օսական կողմերն այդ գործընթացը կոչում են «բորդերացում»: Նրանց խոսքով՝ իրենք սահմանազատման ժամանակ ղեկավարվում են նախապատերազմյան խորհրդային քարտեզներով: Ըստ նրանց՝ Ախալգորիի երկայնքով «պետական սահմանն» այնպես է անցկացվում, որ Ախալգորիի շրջանի բոլոր գյուղերը հայտնվում են Հարավային Օսիայի տարածքում:
Վրացական կողմն այդ գործընթացն անվանում է «սողացող բռնակցում» և հայտարարում է, որ ռուսական կողմն ամեն անգամ վրացական նոր տարածքներ է զավթում: Փշալարը վրացական գյուղերում տեղադրվում է այնպես, որ գյուղերը կիսվում են: Արդյունքում՝ արոտավայրերը, գերեզմաններն ու տասնյակ ընտանիքների այլ հողատարածքներ հայտնվում են «սահմանի» մյուս կողմում:
• Գորիի շրջանի Խուրվալեթի գյուղը սահմանակից է Հարավային Օսիայի հակամարտության գոտուն: Այն Գորիից 20կմ հեռավորության վրա է գտնվում: Խուրվալեթին առանձնապես տուժել է այսպես կոչված «սահմանազատումից», որը ռուս զինվորականներն իրականացնում են՝ հակամարտության գոտում փշալար անցկացնելով:
Փշալարը բաժանել է գյուղը. դրա մի մասը մնացել է Թբիլիսիի ենթադատության տակ, մյուս մասը վերահսկվում է ռուս և օս զինվորականների կողմից:
Կարդացեք նաև. Ինչպե՞ս են ապրում փշալարով բաժանված գյուղերում: Ռեպորտաժ հակամարտության գոտուց
• Ռուս զինծառայողներից բացի 2008թ—ի օգոստոսյան պատերազմի ավարտից հետո հակամարտության գոտում են գտնվում ԵՄ դիտորդների առաքելության ներկայացուցիչները, որոնք պարեկություն են անում Թբիլիսիի վերահսկողության տակ գտնվող տարածքում: