ՀՀ-ում աշխատանքային վեճերը չեն հասնի դատարան․ ներդրվում է հաշտարարի ինստիտուտ
Հաշտարար աշխատանքային վեճերի լուծման համար ՀՀ-ում
Հայաստանում նախատեսում են աշխատանքային վեճերի լուծման համար ներդնել այլընտրանքային՝ արտադատական համակարգ, այն է՝ հաշտարարի ինստիտուտ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) նախաձեռնությունն է։ Առաջարկվող մոդելի ներդրման համար կպահանջվի տարեկան մոտ 16 միլիոն ՀՀ դրամ։
«Նոր կարգավորումներն աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտան աշխատանքային վեճերի քննությունն իրականացնել առավել կարճ ժամկետներում, անվճար հիմունքներով, առավել պարզ ընթացակարգերով»,- ասված է նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ։
Փաթեթը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման հարթակում կքննարկվի մինչև հոկտեմբերի 27-ը, այնուհետև կներկայացվի կառավարություն և Ազգային ժողով։ Վերջնական հաստատման պարագայում 2026 թ․-ի երկրորդ կեսից ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կազմում կսկսի գործել հաշտարարի ինստիտուտը՝ որպես առանձին հանձնաժողով։
Գործող օրենսդրության համաձայն՝ դատական կարգով աշխատանքային վեճերի քննությունը կողմերից պահանջում է բավականին տևական ժամանակ, թեև որոշակի հիմքերով հայցերի դեպքում առկա է վեճը արագացված (որոշման կայացումից հետո 15-օրյա ժամանակահատվածում) կամ հատուկ հայցային վարույթի կարգով (3 ամսվա ընթացքում) քննելու հնարավորություն։ Բացի այդ, պահանջվում են նաև ֆինանսական ռեսուրսներ (օրինակ՝ փաստաբանական ծախսեր)։
- Ավելացող եկամուտ և բարձր գնաճ. Հայաստանում մարդկանց կյանքի որակը չի փոխվում
- Փաշինյանն ասում է՝ ՀՀ-ում ավելի լավ են ապրում, քան 2018-ին, քաղաքացիները համամիտ չեն
- «Ավելի լավ կյանքի հնարավորություն». ՀՀ աշխատաշուկան՝ թվերով
«Քաղաքացիները ստիպված չեն լինի ժամանակ ու գումար ծախսել»
«Այս նոր նախաձեռնությամբ հնարավորություն է ստեղծվում, որ քաղաքացիները աշխատանքային վեճերի պարագայում ստիպված չլինեն դատական ընթացակարգերով երկար անցնել, ժամանակ ու գումար ծախսել։ Դրա փոխարեն կարող են դիմել հաշտարարի հանձնաժողովին և վեճը լուծել այդ հարթակում։ Գործընթացն անվճար է»,- լրագրողներին հայտնել է նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։
Նրա խոսքով՝ նախագիծը մշակելիս՝ ուսումնասիրել են միջազգային փորձն ու համոզվել՝ հաշտարարի ինստիտուտը շատ հաջողված կառույց է․
«Մի շարք եվրոպական երկրներում ընդհանուր աշխատանքային վեճերի 90-ից ավելի տոկոսը քննում է հաշտարարի հանձնաժողովը։ Դա նշանակում է, որ այդքան գործ չի մտնում դատարան»։
Կարծում է՝ արդյունքում դատարանների ծանրաբեռնվածությունը կթեթևանա, արդյունավետությունն էլ՝ կբարձրանա։ Բացի այդ, ըստ նրա, քաղաքացիները կկարողանան իրենց վեճերը լուծել կարճ ժամկետում և «ստիպված չեն լինի տարիներով սպասել դատարանների որոշմանը»։
Բավարար կհամարվի վեճի կողմերից միայն մեկի դիմումը
Սարգսյանը տեղեկացրել է՝ աշխատանքային վեճի լուծման համար բավարար է լինելու կողմերից միայն մեկի դիմումը։
Ասում է՝ հաշտարարի հանձնաժողովին դիմելու պատճառները կարող են լինել տարբեր՝
- աշխատավարձի չվճարում կամ մասամբ վճարում,
- վերջնահաշվարկի թերի կատարում,
- արձակուրդի չտրամադրում և այլն։
ԱՍՀՆ ներկայացուցչի փոխանցմամբ՝ հաշտարարի կարող են դիմել ինչպես աշխատակիցները, այնպես էլ գործատուները։ Գործատուները կարող են դիմել նոր ստեղծվող ինստիտուտի օգնությանը, օրինակ՝ աշխատակցի կողմից աշխատանքային պարտականությունների ոչ պատշաճ կատարման դեպքում։
Ուժի մեջ մտած որոշումը վերանայման ենթակա չէ
Նախագծի համաձայն՝ հաշտարարի հանձնաժողովի ընդունած որոշումը հնարավոր կլինի բողոքարկել դատարանում մեկ ամսվա ընթացքում։ Եթե նշված ժամկետում որոշումը չբողոքարկվի, ապա հանձնաժողովի որոշումն ուժի մեջ կմտնի և կդառնա պարտադիր կատարման ենթակա։
Արդեն իսկ ուժի մեջ մտած որոշումը բողոքարկման կամ վերանայման ենթակա չէ: Այն չկատարելու դեպքում միջամտելու լիազորություն է վերապահվելու Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը։
Հանձնաժողովը լինելու է մշտական, ունենալու է 3 անդամ
Որոշման նախագծի համաձայն՝ հաշտարարի հանձնաժողովը լինելու է մշտական և գործելու է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կազմում։ Նախատեսվում է, որ հանձնաժողովի նիստերը կգումարվեն ամսական 3 անգամ։
Շեշտվում է այն հանգամանքը, որ հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նաև սոցիալական գործընկերների ներկայացուցիչներ․
«Հանձնաժողովը կազմված է 3 անդամից՝ հանձնաժողովի նախագահ, արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության և գործատուների հանրապետական միության ներկայացուցիչներ»։
Նախագծի համաձայն՝ հանձնաժողովը դիմումը պետք է քննի ոչ ուշ, քան այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում։ Հանձնաժողովի նախագահի որոշմամբ այս ժամկետը կարող է երկարաձգվել՝ առավելագույնը մեկ ամսով։
«Որոշումը հրապարակվում է գրավոր՝ նիստից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում և ստորագրվում հանձնաժողովի նախագահի կողմից։ Որոշման պատճենն աշխատանքային վեճի կողմերին է հանձնվում որոշման ընդունման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում»,- ասված է փաստաթղթում։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Հաշտարար աշխատանքային վեճերի լուծման համար ՀՀ-ում