Հայրենադարձության պատճառներն ու ինտեգրման հնարավորությունները․ երկու ընտանիքի պատմություն
Հայ միգրանտների վերադարձը հայրենիք
Վերջին շրջանում այլ երկրներ մեկնած շատ հայաստանցիներ վերադառնում են հայրենիք։ Վիճակագրական տվյալները չեն կարող իրական պատկերն արտահայտել, որովհետև մարդկանց մի մասը երկքաղաքացիություն ունի, մի մասը «գնալ-գալու» ճանապարն է ընտրել։
Ամեն դեպքում վերադարձած միգրանտները գերադասում են չխոսել հետդարձի պատճառների մասին: Շատ քչերն են համարձակվում պատմել իրենց վերապրած բարդությունների մասին:
- Հայ միգրանտների «ամերիկյան երազանքը» և ԱՄՆ միգրացիոն քաղաքականությունը․ կա արտաքսման վտանգ
- Մեքսիկայի տարածքով դեպի ԱՄՆ․ ո՞ւր, ինչպե՞ս և ինչո՞ւ են փախչում Վրաստանի քաղաքացիները
- Ինչպե՞ս պահել աշխատանքային միգրանտներին Հայաստանում․ ԵՄ նոր առաջարկը
«Հետդարձը երեխաների ընտրությունն էր»․ Ռուսաստանից վերադարձած ընտանիքի պատմությունը
Մելքումյանների ընտանիքը յոթ տարի ապրել է Ռուսաստանի Մայկոպ քաղաքում։ Տուն են ստեղծել, մեքենա գնել, փոքր բիզնես հիմնել: Երբ երեխաները սկսել են հաճախել դպրոց, ծնողները նկատել են ինտեգրման և կրթության որակի հետ կապված տարբեր խնդիրներ:
«Մեր դպրոցում հայ երեխաներ կային։ Սկզբում իրենց հետ էին շփվում։ Բայց բուն դասաժամերին ամաչում էին խոսել, դաս պատասխանել։ Լեզվական խնդիր չունեին, պարզապես ռուս երեխեքն ընդգծված դոմինանտություն ունեն, որը ճնշող է»,- ասում է երեխաների մայրը՝ Արփինեն:
Պատմում է՝ ուսուցիչներին տեղյակ է պահել խնդրի մասին։ Նրանք փորձել են լուծումներ գտնել, օգնել երեխաներին հաղթահարել կոմպլեքսները․
«Ընթացքում փոխել ենք առաջնեկի դասարանը, երկրորդ երեխայի դեպքում՝ նաև դպրոցը: Խնդիրն ավելի նկատելի էր դառնում Հայաստան այցերից հետո: Մեր գյուղում երեխաներն անկաշկանդ շփվում էին իրենց տարեկիցների, նաև մեծահասակների հետ: Աշխույժ էին, կարծիք էին արտահայտում, խաղեր կազմակերպում, խաղերի մեջ ներգրավվում: Մենք մեր երեխաներին չէինք ճանաչում»:
Ծնողները որոշել են նրանց հետ խոսել, հասկանալ, թե ինչ որոշում կայացնեն: Երկուսն էլ ասել են՝ Հայաստանում են իրենց լավ զգում, այստեղ են երեխաների հետ լավ ժամանակ անցկացնում և կցանկանան նրանց հետ մի դպրոցում սովորել:
Որպեսզի կտրուկ որոշում չկայացնեն, առաջնեկին թողնում են Հայաստանում՝ փորձելով նոր միջավայրում գնահատել երեխայի ինքնադրսևորումը: Ամեն ինչ ընթանում է բարեհաջող, աղջիկը դպրոցում նոր ընկերներ է ձեռքբերում, դասերին ակտիվություն ցուցաբերում, տարբեր խմբակների հաճախում:
«Մեր որոշումն արդեն հստակ էր՝ վաճառել տունը և վերադառնալ Հայաստան: Մեր քայլը շատ պատճառաբանված էր։ Հետո իմացանք, որ մեզ ծանոթ երկու ընտանիք ևս հետդարձի որոշում է կայացրել՝ նույն պատճառներով»,- պատմում է Արփինեն:
Մասիս քաղաքում երեք սենյականոց բնակարան են գնել, երեխաներին դպրոց ընդունել: Արփինեն որպես խոհարար աշխատանքի է անցել տեղի ռեստորոններից մեկում։ Ամուսինը դեռ հիմնական աշխատանք չունի և օրվա ապրուստը հոգում է տաքսի վարելով:
«Մենք Ռուսաստանում յոթ տարվա մեջ ամեն ինչ ստեղծեցինք։ Բայց մի պահ հասկացանք, որ այդ ամենն արժեք չունի, քանի որ մեր երեխաները օտարության մեջ են, ճնշված, ներփակված, կաշականդված: Այդ պայմաններում լավ կրթություն ստանալն ուղղակի անհնար էր։ Իսկ մենք երազանք ունենք մեր երեխաներին լավ կրթությամբ ապահովել»,- նշում է կինը:
Ընտանիքը չի բողոքում Հայաստանի պայմաններից։ Ասում են՝ միակ խնդիրն այն է, որ այստեղ կայանալը, ոտքի կանգնելը ժամանակատար է, բայց ցանկության դեպքում հնարավոր և իրատեսական:
Ինտեգրման պետական և մասնավոր ծրագրերի չեն դիմել։ Խուսափում են օգնության տարբեր առաջարկներից, որովհետև ուզում են հույսն իրենց վրա դնել և ինքնուրույն կայանալ:
«Մենք հայրենիքում տասն օրվա ընթացքում արդեն սկսել են գումար վաստակել։ Դպրոց ընտրեցին, լավ հարևաններ ձեռքբերեցինք։ Կարևորը՝ տուն և մեքենա ունենք, մնացածը ժամանակի հարց է»,- ասում է Արփինեն։
Ինչպես է պետությունն օգնում հայրենադարձներին
Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը միասնական հարթակ է բոլոր վերադարձողների համար։ Այն աջակցում է նրանց հայրենիք տեղափոխությանն առնչվող բոլոր հարցերում։ Ստեղծվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից՝ Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Կենտրոնի նպատակն է խթանել հայրենադարձությունը և աջակցել հայրենիք վերադարձողներին ինտեգրվել Հայաստանում:
Յուրաքանչյուր հայրենադարձի կամ տեղափոխվել ցանկացողի հետ աշխատում է կենտրոնի մեկ աշխատակից, որը խորհրդատվություն է տրամադրում, նաև գործնական աջակցություն է ցուցաբերում հետևյալ ուղղություններով․
- քաղաքացիության և կացության կարգավիճակի ձեռքբերում,
- անձնական գույքի տեղափոխություն,
- առողջապահական խնդիրներ,
- կրթության հետ կապված հարցեր,
- սոցիալական օգնություն,
- զբաղվածություն և աշխատանքի թույլտվություն,
- զինվորական հաշվառում,
- իրավական խորհրդատվություն,
- բիզնեսի հիմնում կամ տեղափոխություն։
Կենտրոնն առաջարկում է նաև անվճար հայերենի դասընթացներ և ոլորտային սեմինարներ:
«Ճիշտ որոշում էր»․ Բելգիայից Հայաստան վերադարձած ընտանիքի պատմությունը
Հայաստանում գործում են նաև Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։ Նրանց թիրախում են սոցիալապես անապահով, հաշմանդամություն ունեցող անդամով, ինչ-որ պատճառներով դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքները: Երբեմն այս շարքում են հայտնվում նաև արտերկրից հայրենիք վերադարձածները։ Ծառայության սոցիալալան աշխատողները գնահատում են նրանց կարիքները և աջակցում հաղթահարել խնդիրները, հայրենադարձների դեպքում՝ նաև ինտեգրվել հայաստանյան կյանքին:
Տաթևիկ Սիմոնյանը այդ սոցիալական աշխատողներից մեկն է։ Պատմում է իր աշխատանքի մասին Բելգիայից Հայաստան վերադարձած մի ընտանիքի հետ:
«Այդ ընտանիքում չորս երեխա կար։ Մայրն ասում էր, որ Բելգիայում ինքն ու ամուսինն աշխատելիս են եղել և չեն կարողացել նրանց համար շփման, զարգացման հնարավորություններ ստեղծել: Չեն կարողացել հետևել երեխաների խոսքի զարգացմանը, ապահովել շփման առողջ միջավայր այլ երեխաների հետ: Դրա հետևանքով երեխաների մոտ ձևավորվել է ագրեսիվ վարք, շփման բարդույթներ: Խաղահրապարակներում այլ երեխաների հետ չեն խաղացել, անգամ մոտ չեն թողել։
Մեկը լեզվական և հաղորդակցական խնդիրներ ուներ, մնացածները ագրեսիվ վարք։ Պետք էր օգնել նրանց հաղթահարել խնդիրները և ինտեգրվել իրենց հասակակիցների միջավայրում՝ մանկապարտեզում, դպրոցում, բակում»,- պատմում է սոցիալական աշխատողը:
Նրա խոսքով՝ անհանգստանալով երեխաների համար, ամուսինները սկսել են մտածել հայրենիք վերադառնալու մասին, որտեղ երեխաներին հայերեն լեզվով մասնագիտական օգնություն կցուցաբերեն։ Ծնողները հասկացել են, որ նրանք ունեն լոգոպեդի և հոգեբանի աջակցության, նաև հարազատների հետ ջերմ և մտերմիկ շփման կարիք։
Հայաստանը, Տաթևիկի խոսքով՝ ստեղծում է ներառական միջավայր հայրենադարձված երեխաների համար.
«Մեր այգիներում, խաղահրապարակներում, մեծահասակների և երեխաների միջավայրում հնարավոր է հեշտորեն ինտեգրվել։ Պարզապես կարևոր է ծնողի հետևողականությունը, հարազատների աջակցությունը, մասնագետների սրտացավությունը: Մի քանի ամսվա ընթացքում երեխաները կարծես փոխակերպվեցին: Շփվում էին երեխաների հետ, խաղում նրանց հետ և չէին կաշկանդվում իրենց ոչ այդքան սահուն հայերենի պատճառով»:
Ասում է՝ կապի մեջ է այդ ընտանիքի հետ։ Երկու երեխաները հիմա դպրոց են գնում, երկուսը՝ մանկապարտեզ։ Կամավոր հետվերադարձի դիմաց Բելգիայի միգրացիոն ծառայության կողմից ստացած գումարով ընտանիքը հացի արտադրամաս է հիմնել: Դրա շնորհիվ մայրիկն ավելի շատ է ազատ ժամանակ ունենում երեխաների հետ զբաղվելու, նրանց տարբեր խմբակների տանելու և պարզապես շփվելու համար:
«Ճիշտ է՝ ես երեխաների հետ էի աշխատում, բայց զգում էի, որ ծնողները ևս չեն կարողացել սոցիալական հարաբերություններ կառուցել արտերկրում: Ընկերներ չեն ունեցել, հայ ընտանիքիների հետ կապ հաստատել չեն կարողացել, որևէ մշակութային միջոցառման չեն մասնակցել: Դժվար է այդպես ապրելը։ Վերադարձը ճիշտ որոշում է եղել այս ընտանիքի համար»,- կարծում է սոցիալական աշխատողը:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Հայ միգրանտների վերադարձը հայրենիք