Հայ ժողովուրդն ազատագրվեց «ղարաբաղյան կլանից». արձագանքն Ադրբեջանում՝ Հայաստանում կատարված իրադարձություններին
Ադրբեջանում վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկը հարևան Հայաստանում տիրող իրավիճակն է: Նոր ընտրված վարչապետ Սերժ Սարգսյանն ինքնակամ հրաժարական տվեց 10-օրյա փողոցային ցույցերից հետո, որոնք գլխավորում էր ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Ադրբեջանում կանխատեսումներ են անում, թե ինչ հանգուցալուծում կստանա հարևան երկրում ստեղծված իրավիճակը և արդյոք այն ինչ-որ կերպ կանդրադառնա հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի և տարածաշրջանի վրա:
Մանրամասներն այն մասին, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանում, JAMnews-ի ռեպորտաժում:
«Հայ ժողովուրդն ազատագրվեց «ղարաբաղյան կլանից», որն ավելի քան 20 տարի խաղարկում էր ղարաբաղյան քարտը՝ արդյունքում երկիրը հասցնելով մեկուսացման, տարածաշրջանային ու միջազգային նախագծերում մասնակցելու հնարավորությունից զրկելով նրան», — մոտավորապես այսպես են Սերժ Սարգսյանի հրաժարականը մեկնաբանում ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը, Ֆեյսբուքում բանավիճելով Հայաստանում իրադարձությունների հետագա զարգացման մասին, չի բացառել շփման գծում սրացումների հնարավորությունը:
««Ճամպրուկն՝ առանց բռնակի», ինչպես Հայաստանն անվանում էին Ռուսաստանում, այժմ Ռուսաստանին էլ պետք չէ: Եթե իշխանության գան իրատեսներ Տեր-Պետրոսյանի շրջապատից, ապա առաջընթացը հնարավոր է, եթե իրենց դիրքերն ամրապնդելու համար «նորեկները» սկսեն պոպուլիզմով զբաղվել, պատերազմն անխուսափելի կլինի: Նրանց վարկաբեկելու համար «խորհրդականները» նրանց երկրորդ տարբերակը խորհուրդ կտան…», — կարծում է դիվանագետը:
Նրա հետ համակարծիք է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը:
«Վախենամ, որ իրավիճակը Հայաստանում արագ չկայունանա: Իհարկե, Արևմուտքի և Ռուսաստանի հովանավորներն ամեն կերպ գովելու են Հայաստանի «ժողովրդավարությունը» և կոչ են անելու մեզ սպասել Երևանում կառավարության ձևավորմանը, որն ի վիճակի կլինի փոխզիջումային խաղաղության համար պատասխանատվություն իր վրա վերցնել: Սակայն ես համաձայն եմ պարոն Զուլֆուգարովի հետ, որ մենք պետք է բովանդակալից բանակցությունների մեկնարկի համար ժամանակի հստակ սահմանաչափ նշանակենք: Եթե դրանք չսկսվեն աշնանը, ստիպված կլինենք «ղարաբաղյան թարախապալարը» բացել զենքի ուժով», — գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
Քաղաքագետ Էլհան Շահինօղլուն, որը հյուրընկալվել էր СВС հեռուստաալիքին, ասել է, որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել վերջնագրի արդյունքում:
«Բանակը սկսեց ընդդիմության կողմն անցնել: Սարգսյանի առջև վերջնագիր էր դրվել, որի պատճառով էլ նա հրաժարական տվեց», — ասել է Շահինօղլուն՝ հիշեցնելով, որ ժամանակին հենց Սերժ Սարգսյանն այն ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանի հետ միասին նման ձևով՝ այսինքն զինվորականների օգնությամբ, ստիպեց հրաժարական տալ Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Անդրադառնալով Հայաստանում իրադարձությունների հետագա զարգացմանը՝ քաղաքագետը նշեց, որ Հայաստանի նոր իշխանությունները պետք է հասկանան. պետք է փոխել երկրի քաղաքական ուղղվածությունը: Ադրբեջանի և Թուրքիայի հետ թշնամանքը նրան ոչ մի լավ բան չի խոստանում:
«Ռուսաստանի լռությունն, այն, որ նա չմիջամտեց այդ գործընթացներին, որ այն մարտեր չի սկսում Ղարաբաղում, հիմքեր է տալիս խոսելու, որ նա խաղի մեջ է, ավելին՝ նա այդ խաղի կազմակերպիչներից մեկն է: Հայաստանում իրավիճակն այնպիսին է, որ, ով էլ հաղթող լինի, դատապարտված է Ռուսաստանի շահերն ապահովել», — կարծում է քաղաքագետ Նաթիկ Ջաֆարլին:
Այդ ընթացքում Ֆեյսբուքի ադրբեջանցի օգտատերերը նույնպես իրենց վերաբերմունք են արտահայտում հարևան պետությունում տիրող իրավիճակին:
«Երևանի փողոցներում զանգվածային տոնախմբություններ են. Սերժ Սարգսյանը, որը որոշել էր խորամանկորեն ուզուրպացնել իշխանությունը, ժողովրդական կամքի ճնշման տակ հրաժարական տվեց: Հարգանքների հավաստիք նրանց, ովքեր պայքարում են նրա համար, ինչի իրավունքն ամբողջությամբ ունեն: Իրավունք՝ տրված Աստծուց, սահմանադրությամբ և խղճով: (…) Որքան հիասքանչ է այն, որ ուժը, փողը, իշխանությունը, զենքն ու հզոր հովանավորները կորցնում են ցանկացած ուժ ժողովրդական ցասման հզորության առջև», — գրում է Ռովշան Քերիմովը:
Թոթո Մեհթիև անունով մի օգտատեր գրում է.
«Ընդդիմադիրը, որին սատարեց Հայաստանը՝ Նիկոլը, հայկական օկուպացիայի ամենաուժեղ կողմնակիցներից է: Նա համարում է, որ Սարգսյանը թուլություն է ցուցաբերել Ռուսաստանի «հովանու ներքո» ղարաբաղյան հակամարտության հարցում: Մի բան է հստակ պարզ. եթե իշխանության գա ՈՉ հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ապա Ռուսաստանի ազդեցությունն արմատախիլ կարվի նաև այդտեղ, ինչպես Վրաստանում և Ուկրաինայում: Ժամանակի ընթացքում Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտությունում ավելի շատ մեր կողմը կպահի, քան հայկական (Ռուսաստանի համար Կովկասյան տարածաշրջանը ռազմավարական կարևորություն ունի): Այդ պատճառով էլ դա մեզ ավելի շատ ձեռնտու է: Հայկական կողմը վաղ է ցնծում»:
«Ինձ դուր է գալիս ժողովրդի միասնությունը: Այո, նրանք մեզ ընկեր չեն, սակայն նրանք կարողացան: 10 օրվա ընթացքում մարդկանց բազմահազարանոց հոսքը կարողացավ հասնել կառավարության հրաժարականին», — գրում է Արզու Ահմեդովան:
«Ես միշտ կարծել եմ և շարունակում եմ կարծել, որ Ղարաբաղն արդյունքում բաժին կհասնի ավելի ժողովրդավար կողմին», — գրում է Դադաշ Սարիթորփագ անունով օգտատերը: Իսկ Գասիմ Աբդուլաև օգտատերը կարծում է, որ «եթե ցուցարարները Հայաստանում արժանապատվության և օրինականության համար են պայքարում, ուրեմն թող հաղթեն: Մեր օրինական հողերից էլ արժանապատիվ կհեռանան»:
Ընդհանուր առմամբ, տիպիկ մեկնաբանություններն այսպիսի տեսք ունեն.
«Մերոնց էլ սենց անեինք»:
«Այ սա ժողովրդավարություն է, բա չէ՝ մեզ մոտ»:
«Իսկ դո՞ւք ինչ եք ուրախանում, Ղարաբա՞ղն եք վերցրել, ի՞նչ է»:
«Ի՞նչ տարբերություն, նրա տեղը նույնպես հայ է գալու, նրանք բոլորը նույնն են»: