Հայ գերիների ինքնասպանության փորձերն ու հացադուլները Բաքվում. կարծիքներ Երևանից
Հայ գերիների ինքնասպանության փորձեր Բաքվում
Հայաստանի ԶԼՄ-ները հաղորդում են ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների ինքնասպանության փորձերի և հացադուլների մասին։ Այդ դեպքերի մասին հայտնի է դարձել նրանց՝ ընտանիքների հետ հեռախոսազրույցների ժամանակ։ Մասնավորապես՝ նշվում է, որ Հայաստանի և Լիբանանի 46-ամյա քաղաքացի Վիգեն Էուլջեքչյանն արդեն մեկ ամիս է, ինչ հացադուլ է անում Բաքվի բանտում։ Նրա շահերը ներկայացնող իրավապաշտպան Լուչիանա Մինասյանը պատրաստում է Ադրբեջանի իշխանություններին ուղղված դիմում՝ բժշկական օգնության պահանջով։
Թե գերիներից ով է ինքնասպանության փորձ կատարել՝ անհայտ է։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը լրագրողների հետ զրույցում միայն ասել է, որ խոսքը Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության մասին չէ։ Բոլոր վերջին դեպքերը նա բացատրել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցմամբ։
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը հաստատել է «այնտեղ գտնվող հայերի ծանր վիճակի» մասին տեղեկությունը։ Նա այն ստացել է իր աղբյուրների միջոցով, որոնք չի բացահայտել՝ նրանց չվնասելու համար։
2017 թվականին Լապշինն ինքն է ադրբեջանական բանտում անցկացրել 7 ամիս։ Նրան ձերբակալել էին Լեռնային Ղարաբաղ այցելության համար։ Եվ այժմ բլոգերն իր կարծիքն է հայտնել այս հարցի վերաբերյալ՝ հիմնվելով սեփական փորձի վրա.
«Մեզ հասնում է այն տեղեկատվությունը, որն ադրբեջանցիները թույլ են տալիս։ Բոլոր զանգերը կատարվում են քննիչի խիստ հսկողության ներքո։ Նա հետևում է զուգահեռ գծի վրա և կարող է ընդհատել զանգը, եթե ինչ-որ բան այնպես չգնա։ Այսինքն՝ եթե ինչ-որ տեղեկատվություն է հասել մեզ, ուրեմն այդպես են ուզել Ադրբեջանի իշխանությունները։
Այսպիսով ճնշում է գործադրվում հայ հասարակության վրա՝ ցույց տալու համար, թե այս դժբախտ մարդիկ, իսկ նրանք անկասկած դժբախտ են, մահանում են։ Խոսքն ինչպես սովորական զինվորների մասին է, որոնք բանտում են դեռևս 2020 թվականից, այնպես էլ նրանց, ովքեր ձերբակալվել են 2023 թ․-ի սեպտեմբերին՝ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման արդյունքում։ Սա արվում է Հայաստանի ղեկավարության վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի նրանք գնան ցանկացած զիջման»։
Հայ իրավապաշտպանները նույնպես կարծում են, որ «Բաքուն գերիներին օգտագործում է որպես պատանդ և Հայաստանի վրա քաղաքական ճնշման գործիք»։
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի և ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի մեկնաբանությունները Բաքվի բանտերում պահվող հայերի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

- «Մարում է հայ գերիների վերջին հույսը»․ Կարմիր խաչի Բաքվի գրասենյակը կփակվի
- ՀՀ-ն դադարեցրել է հայ ծերունու գլխատած ադրբեջանցու հետախուզումը․ կա՞ բացատրություն
- «Բռնապետությունը չի կարող արդար դատել»․ ԼՂ-ի նախկին պաշտոնյաները՝ դատարանի առաջ
- «Նրանց միակ մեղքը հայ լինելն է»․ Եվրախորհրդարանը կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին
Սիրանուշ Սահակյան, իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ
Հայերը հայտնվել են ամբողջական մեկուսացման մեջ
«Կարմիր խաչը ամիսը կամ երկու ամիսը մեկ այցելում էր Ադրբեջանում պահվող հայ պատանդներին։ Երբեմն Բաքուն ձգձգում էր թույլտվությունների տրամադրումը, բայց բանակցություններից հետո այցելությունները, այնուամենայնիվ, տեղի էին ունենում։ Այս հանդիպումների ընթացքում գերիները կարողանում էին կապ հաստատել իրենց ընտանիքների հետ։ Կարմիր խաչի միջոցով ուղարկում էին նամակներ ազգականներին և ստանում փաթեթներ։ Օրինակ՝ սննդամթերք և հիգիենայի պարագաներ։
Շատ կարևոր է, որ ԿԽՄԿ-ն իրականացնում էր ուղիղ մշտադիտարկում։ Գնահատվում էր պատանդների ֆիզիկական և հոգեբանական վիճակը։ Կարմիր խաչի մանդատը, իհարկե, չի թույլատրում հրապարակային բարձրաձայնել խնդիրները, բայց դրանք ֆիքսվում և փոխանցվում էին միջազգային ատյաններին ու ընտանիքներին։
ԿԽՄԿ-ի տեղեկատվությունը համարվում է ստուգված և չեզոք։ Նրա աշխատակիցների այցելությունները դրական ազդեցություն էին գործում նաև ազգականների հոգեբանական վիճակի վրա։ Վստահելով ԿԽՄԿ-ին՝ բանտարկյալների ընտանիքները գտնվում էին համեմատաբար հանգիստ վիճակում։ Ի տարբերություն այն կեղծ տեղեկատվության, որը տարածում է Ադրբեջանը, այդ թվում՝ Բաքվի դատավարությունների միջոցով, ԿԽՄԿ-ի տվյալները հուսալի էին։
Այսօր Ադրբեջանում հայ պատանդները մեկուսացված են, ոչ մի միջազգային կառույց հասանելիություն չունի նրանց։ Միջազգային պաշտպանների մուտքը երկիր մինչ օրս արգելված է, իսկ խոշտանգումների կանխարգելման մեխանիզմները չեն գործում։ Այսպիսով, բանտարկյալների մասին օբյեկտիվ տեղեկություններ ստանալու ուղիներ այլևս չկան։
Վերջին անգամ ԿԽՄԿ-ի աշխատակիցները հայ գերիների հետ հանդիպել են 2025 թվականի հունիսին։ Թեև Ադրբեջանում Կարմիր խաչի գործունեությունը պաշտոնապես դադարեցվել է սեպտեմբերից, սակայն կառույցի աշխատակիցները չէին կարողանում այցելել նրանց դեռևս հունիս ամսից»:
Պատանդները կարող են տրամադրել Բաքվի համար ոչ ցանկալի տեղեկատվություն
«Պատանդների հետ կապված իրավիճակը բացահայտ քաղաքական բնույթ է կրում և Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես Հայաստանի վրա ճնշման գործիք։ Համապատասխանաբար, տեղի են ունենում նաև ակնկալվող մանիպուլյացիաները։ Բաքուն այս հարցը պահում է իր իրավասության ներքո՝ հղում անելով խաղաղության համաձայնագրում գերիների մասին դրույթի բացակայության վրա։ Նա նրանց ճակատագրի վերաբերյալ որոշումներ է ընդունում՝ նրանց վիճակը հասցնելով մարդասիրական ճգնաժամի, որպեսզի այդ կերպ ազդեցություն գործի նաև հայ հասարակության տրամադրությունների վրա։
Թեև ամբողջ հաղորդակցությունը խստորեն վերահսկվում է, հաշվի առնելով բանտարկյալների ծանր վիճակը, նրանք կարող են համարել, որ կորցնելու ոչինչ չունեն, ներկայացնեն ճշմարիտ տեղեկատվություն, ոչ թե այն, ինչ ասում են ճնշման ներքո։ Նրանք կարող են պատմել այդ մասին զանգերի ընթացքում՝ համարելով, որ ավելի վատ պայմաններ լինել չեն կարող։
Բոլոր նույնականացված պատանդները հայտնի են միջազգային համայնքին։ Նրանց գործերով դատական գործընթացներ են ընթանում միջազգային դատարաններում, դրանք Ադրբեջանին պարտավորեցնում են տրամադրել գերիների վերաբերյալ տեղեկություններ։ Կա Բաքվի կողմից անվերահսկելի գործողությունների ռիսկ։ Բայց միջազգային կառույցների առջև պատասխանատվությունը սպանությունների նման ռադիկալ միջոցառումներն անցանկալի է դարձնում Ադրբեջանի համար։
Այնուամենայնիվ, ամեն բան հնարավոր է, քանի որ կան հայ գերիների խոշտանգումների և սպանությունների հաստատված նախադեպներ։ Դրանց վերաբերյալ գործեր են հարուցված ՄԻԵԴ-ում և ՄԱԿ-ի միջազգային դատարանում։ Այդ շարքում են նաև ցուցադրական սպանությունները Սև լճի տարածքում [Հայաստանի Սյունիքի մարզում՝ Ադրբեջանի հետ սահմանակից] տարածքում, Հադրութի հրապարակում գնդակահարությունները, որոնք քննվում են որպես ռազմական հանցագործություններ։
Ցավալիորեն, Ադրբեջանի բոլոր ռազմական հանցագործությունները բացահայտելն անհնար է։ Բայց այսօր գերիների սպանությունների փաստով ավելի քան 30 գործ է քննվում։ Կան նաև ցուցադրական սպանությունների, ինչպես նաև ադրբեջանական բանտերում հայերի խոշտանգումների ու սպանությունների փաստերով հարուցված գործեր»:

Միջազգային դերակատարների շահերը կարող են փոխվել
«Ադրբեջանն այսօր շատ չի վախենում միջազգային ճնշումից, քանի որ ունի ընդհանուր շահեր աշխարհի դերակատարների հետ։ Եվ աշխարհաքաղաքական իրականությունը նպաստում է դրան։ Սակայն Բաքվի իշխանություններին մտահոգում են ռազմական հանցագործությունների մասին հավաստող փաստերը, որոնք աշխարհաքաղաքական այլ իրավիճակում կարող են սպառնալիք դառնալ Ալիևների համար։ Հենց այդ պատճառով նկատելի է Ադրբեջանի ձգտումը՝ հանցագործությունների հետքեր չթողնելու։
Այս վախը միջազգային դատարաններից, որոնք ի վիճակի են բացահայտել Արցախի և Հայաստանի դեմ գործողությունների մասշտաբը, բացատրությունն է նրա, թե ինչու Ալիևը ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման համար պահանջեց միջազգային հայցերի հետկանչում»:
Տաթևիկ Հայրապետյան, ադրբեջանագետ
Դատական գործընթացի գնահատական
«Հայ գերիները և Բաքվում աղմկահարույց դատավարությունը Ալիևի ձեռքում դարձել են հակահայկական քարոզչության և ատելության հրահրման հզոր գործիքներ։ Նույնիսկ Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածություններից հետո, երբ կողմերը պարտավորվեցին թշնամանք չհրահրել, Ալիևը վերադարձից անմիջապես հետո սկսեց վիրավորել հայերին՝ անվանելով նրանց «թշնամիներ» և «հիվանդ հասարակություն»։ Նա շարունակում է պահանջել փոխել Հայաստանի Սահմանադրությունը, թեև դա ՀՀ ներքին գործ է։
Բաքվում դատական ֆարսի մասին նյութերի [ադրբեջանական] վերնագրերը ձևավորում են հայերի՝ Ադրբեջանի դեմ կատարած սարսափելի հանցագործությունների մասին առասպելներ՝ հիմնվելով անհեթեթ վկայությունների վրա։
Օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի գործով հանդես են գալիս մարդիկ, որոնք պատմում են 90-ական թթ․-ի «հանցագործությունների» մասին, չնայած Վարդանյանն այդ ժամանակաշրջանում Արցախի հետ որևէ առնչություն չի ունեցել։
Ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու և Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու որոշման մասին հայտարարել է 2022 թվականի սեպտեմբերի 1-ին։ Դրանից առաջ նա չի ապրել ԼՂ-ում և չէր կարող որևէ որոշում կայացնել։

Ադրբեջանը չի ամաչում նման հորինվածքներից։ Դատական գործընթացն ընթանում է առանց միջազգային լրագրողների կամ ներկայացուցիչների մասնակցության՝ չնայած «թափանցիկության» մասին հայտարարություններին։
Ալիևը գերիներին օգտագործում է որպես Հայաստանի վրա ճնշման լծակ։ «Բաքվի աշխատավոր» թերթում, որը հիմնադրել է Ադրբեջանի նախագահի գրասենյակը, հրապարակված է նյութ, որում գրված է՝ «դատախազի մեղադրական եզրակացությունն ուղղված է Հայաստանի դեմ»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Հայ գերիների ինքնասպանության փորձեր Բաքվում