Հայրիկների ակումբներ Հայաստանում․ ինչպես դառնալ ուշադիր հայր և աջակցող ամուսին
Հայրիկների ակումբներ Հայաստանում
Հայաստանի երեք մարզերում սկսել են գործել հայրիկների ակումբներ։ Կազմակերպիչները դրանք ուսուցողական հարթակ են համարում տղամարդկանց համար։ Նպատակն է նոր գիտելիքների ու հմտությունների շնորհիվ նրանց դարձնել ընտանիքում ավելի ներգրավված հայրեր և աջակցող ամուսիններ։
Հայրիկների ակումբ գործում է Շիրակի, Տավուշի ու Լոռու մարզերում։ Բոլորը ստեղծվել են «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրի շրջանակում։
Ովքե՞ր են ներգրավվել ակումբներում, որքանո՞վ են դրանք արդյունավետ։ Պատմում են կազմակերպիչներն ու մասնակիցները։

- Պատվաստե՞լ երեխաներին վիրուսների դեմ, թե՞ ոչ․ ծնողների վերաբերմունքը Հայաստանում
- ՀՀ-ում բնակապահովման հարցում աջակցություն է ստացել շուրջ 10 հազար ընտանիք
- Երեխաների շրջանում քաղցրավենիք օգտագործելու ցուցանիշով ՀՀ-ն առաջատար է
Մասնակիցները հետագայում դառնում են ֆասիլիտատոր
Ծրագրի որակի պատասխանատու, Գյումրիի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Արթուր Նաջարյանը պատմում է.

«Կանխակալ մոտեցում, կասկած կար նման ակումբ ավանդական Գյումրիում բացելու վերաբերյալ։ Սակայն փորձը ցույց տվեց, որ տղամարդկանց հավաքագրման հարցում խնդիրներն ավելի շատ Տավուշի մարզում էին, քան Շիրակի։ Հայրիկների ակումբ գալիս են ինչպես կրթության բավականին բարձր մակարդակ ունեցող անձիք, այնպես էլ միջին մասնագիտական կրթություն ունեցողներ։
Մեկը՝ դասախոս, մյուսը՝ ավտոմեխանիկ։ Հետաքրքիր կոնտրաստով միջավայր՝ մեկ հարթությունում։ Տղամարդիկ կային, որոնք գրասենյակ մտնելով, ասում էին․ «Թող մտածեն՝ եկել եմ երիտասարդկան ծրագրին մասնակցելու, բայց ոչ հայրիկների ակումբին»։ Ամաչում էին, մինչդեռ հաջորդ հանդիպմանը գալիս էին ընկերների հետ։ Դեռ ավելին՝ արդեն ծաղրում էին նոր եկածին կարծրտիպային մտածելակերպի համար»։
Հայրիկների ակումբում տեղի են ունենում թեմատիկ հանդիպումներ։ Շահառուները 18-40 տարեկան տղամարդիկ են։ Նրանց մեջ կան և ամուսնացած, երեխաներ ունեցողներ, և տղամարդիկ, որոնք դեռ միայն պատրաստվում են ընտանիք կազմել։
Երկու աղջիկների հայր Նարեկ Վարշամյանը Իջևանի հայրիկների ակումբ է այցելում 2021 թվականից։ Պատմում է, որ միջավայրը տրամադրող է, այստեղ ոչ միայն գիտելիքներ են ստանում, այլև շփվում հետաքրքիր մարդկանց հետ։ Կարևոր է համարում, որ լսում են միմյանց պատմություններն ու հասկանում՝ կան ընդհանուր խնդիրներ, մարտահրավերներ։
«Քննարկումների ընթաքում փորձում ենք հասկանալ, թե ինչպես կարող ենք բարելավել մեր դերն ընտանիքում։ Հայրերի դերն ընտանիքում իրապես շատ կարևոր է։ Եվ թե կինը, թե ամուսինը պետք է գիտակցեն դա։ Հաճախ հենց կանայք են մտածում, թե հայրերը չեն կարող այս կամ այն գործընթացում ակտիվորեն ներգրավվել։ Բայց սրանք ընդամենը կարծրատիպային ընկալումներ են։ Ամուսինները պետք է խոսեն միմյանց հետ, հասկանան որտե՞ղ է խնդիրը։ Հենց այդ խոսելը, իրար հասկանալն արդեն մեծ արդյունք է տալիս»,- ասում է Նարեկը։

Ծրագրի առաջին փուլում հանդիպումները անցկացնում են առողջապահության ոլորտի մասնագետներ, սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող մասնգետներ։
Իսկ երկրորդ փուլի մեկնարկից հետո հիմնական շեշտադրումը դրվում է նախորդ տարների մասնակիցների վրա։
«Իրենք վերապատրաստվում են և արդեն որպես ֆասիլիտատորներ վարում կրթական պրոցեսը։ Սա դասընթաց չէ, սա հանդիպում է։ Հստակ ուղեցուց կա։ Եվ թեմայի շրջականերում ֆասիլիտատորը՝ որպես վերապատրաստված անձ, կարողանում է այդ կրթական բաղադրիչը փոխանցել իրենց։ Բայց այստեղ մեծամասամբ քննարկումները գնում են մասնակիցների կողմից։ Ու այդ բովանդակության ապահովողները իրենք են։ Մասնակիցը դառնում է իր փորձով կիսվող փորձագետ։
Եվ սա արդեն հնարավորություն է տալիս այլ հայրիկների էլ իրենց փորձը կիսել։ Մասնավորապես, քննարկում են զույգերի հարաբերությունները, իրենց սեռական առողջությունից են խոսում։ Կիսվում են մինչ ամուսնություն, մինչ հղիություն, հետհղիության փուլերի տարբեր բարդությունների հաղթահարման փորձով։ Քննարկում են երեխայի խնամքը, ծնողների ազդեցությունը ընտանիքի և երեխայի խնամքի կազմակերպման և երեխայի առողջության վրա»,- ասում է ծրագրի ղեկավար Արթուր Նաջարյանը։
Իսկ Նարեկ Վարշամյանն պատմում է, թե ինչպես է ինքը 2024 թվականից հանդես գալիս որպես ֆասիլիտատոր, փոխանցում մյուսներին իր փորձն ու տեսական գիտելիքները․
«Մի վարժանք ունենք, փորձում ենք գրավոր ներկայացնել մեր 24 ժամը։ Տղամարդիկ զարմանում են։ Կարդում են իրենց գրածները և հասկանում, որ ընտանիքի հետ շատ քիչ ժամանակ եմ անցկացնում։ Իհարկե, դա ունի սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ՝ աշխատանքի հետ կապված և այլն։ Բայց հենց այդ վարժությունից հետո են շատերը սկսում ասել, որ պետք է վերանայեն իրենց վերաբերմունքը սեփական ընտանիքներին»։
«Դա կնոջը օգնելու ֆունկցիա չէ, դա իրենց պարտականությունն է»
Կազմակերպիչները կարծում են, որ հայրիկների ակումբներին հաջողվում է ջարդել ընտանիքում ձևավորված կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերը։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ԵՄ կողմից ֆինանսավարովող ծրագրերի համակարգող Թագուհի Հարությունյանը կարևոր է համարում տարիներ հետո ունենալ սերունդ, որն ամեն հնարավոր և անհնար պահի կհիշատակի հայրերին որպես իր դաստիարակության, ձևավորման, խնամքի հարցում մեծ դերակատարում ունեցողների։
Ըստ նրա՝ որոշ հայկական ընտանիքներում հայրերին պատկերացնում են առավոտյան աշխատանքի գնացող ու երեկոյան ինչ-որ ժամի տուն վերադարձող անձ։ Մինչդեռ հոր, ամուսնու գործառույթը առողջ ընտանիքում էականորեն տարբերվում է այս պատկերացումից։
«Ակումբների անդամները սովորում են՝ որն է տղամարդու դերը՝ սկսած կնոջ հղիության փուլից, երբ նա բազմաթիվ ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխությունների է բախվում։ Նրանց բացատրում են, թե երեխայի ծնվելուց հետո ինչ պարտականություններ կան, որ ծնողները պետք է կիսեն կամ համատեղ իրականացնեն։ Շատ հետաքրքիր դասընթանցեր են իրականացվում՝ սկսած տակդիր փոխելուց մինչև լուրջ գինեկոլոգիական խնդիրների քննարկում։
Երբեմն այնքան մեծ է եղել հետաքրքրությունը մասնակիցների մոտ, որ առանձին փակ դասընթացներ են կազմակերպվել երիտասարդների համար վերարտադրողական խնդիրների վերաբերյալ։ Նպատակը մեկն է՝ կոտրել կարծրատիպերը։ Տղամարդը պետք է հասկանա, որ ընտանիքի հոգսերը կիսելը կնոջը օգնելու ֆունկցիա չէ։ Դա իրենց պարտականությունն է, որը հավասարպես պետք է կիսեն կանանց հետ»,- ասում է Թագուհի Հարությունյանը։
Արթուր Նաջարյանն էլ համոզված է՝ կարծրատիպերի պատճառը կրթության և իրազեկվածության պակասն է․
«Ինչի՞ նկատմամբ ունենք կարծրատիպ։ Այն ամենի, ինչի մասին չունենք ամբողջական գիտելիք ու պատկերացում։ Կան տաբուներ, հույզեր, և դրանց հետ կապված ձևավորվում է կարծրատիպ։ Եվ այն՝ որպես բարդույթ ցուցաբերում ենք մեր վարքագծում։ Ու, ցավոք, այդիպիսով հասարակությունում համապատասխան դիրքորոշում կամ մոտեցում է ձևավորվում։ Շատ հաճախ փորձը ցույց է տալիս, որ տղամարդիկ ոչ թե այդպես են մտածում են, այլ միջավայրի ու հասարակության ազդեցությամբ են այդպիսին դառնում։
Իսկ այսպիսի փոքրիկ նախաձեռնություններով ու փոքր խմբերով աշխատելով՝ մտածողություն է փոխվում։ Կանայք էլ խոստովանում են, որ, եթե, ասենք, ինը տարվա մեջ մեկ անգամ էր ամուսինը ծաղիկներ նվիրել, ապա հիմա արդեն սեր է խոստովանում։ Մտածողություն է փոխվում։ Սկսում են արժևորել իրենց զուգընկերներին։ Էլ չեն ամաչում արտահայտել իրենց զգացմունքները»։

Հայրիկների ակումբում տղամարդիկ կիսվում են խնդիրներով, որոնց մասին երբևէ անհարմար են զգացել բարձրաձայնել։
«Ինչն է ինձ համար զարմանալի՝ որպես նաև ծրագրի պատասխանատու․․․ Անկախ իրենց տարիքից՝ կլինեն 40, թե 20 տարեկան, չկա այն մշակույթը և մոտեցումը, որ խնդրի մասին պետք է բարձրաձայնել։ Օրինակ, սեռական առողջության հետ կապված որոշակի հարցեր, գրեթե ամեն երկրորդը այդ խնդիրն է բերում, ինչը ուղիղ ազդում է կնոջ վրա, ընտանիքի սոցիալ-հոգեբանական վարքագծի վրա։ Երբ հարցերը բարձրաձայնվում են, մեկը մյուսին հարցնում են․ «Դուք էլ ունե՞ք այդ խնդիրը»։
Պարզվում է՝ համատարած հարցեր կան, որոնք տաբուների պատճառով չեն բարձրաձայնվել։ Ու պարզ խորհրդատվության միջոցով հասկանում են, որ դա նոռմալ է։ Իսկ եթե նոռմալ չէ, ուղղորդում ենք ճիշտ մասնագիտական խորհրդատվություն ստանան մարդիկ»,- պատմում է Արթուր Նաջարյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայրիկների ակումբներ Հայաստանում